Մեկնարկում են նոր քննություններ
Երեկ Հանրապետական ընդունող հանձնաժողովում կայացավ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի ասուլիսը, որը վերաբերում էր ընդունելության քննություններին: «Արդեն ունենք միասնական քննությունների արդյունքները, հուլիսի 20-ից էլ սկսում ենք քննությունների երկրորդ փուլը: Ամփոփելով նախորդ փուլի արդյունքները՝ ակնհայտ են դրական տեղաշարժերը: Քննություններն անցնում էին հանդարտ, էական դժգոհություններ չկային, իսկ ամենակարեւորն այն է, որ դիմորդները քննությունների նկատմամբ դրական վերաբերմունք ունեին»,- փաստեց նախարարը:
Ինչ վերաբերում է բողոքարկումներին, ապա, պարոն Սեյրանյանի խոսքերով, դրանց գերակշիռ մասը վերաբերել է տեխնիկական թերացումներին: Ս. Սեյրանյանը հայտնեց, որ արդեն ձեւավորվել են կենտրոնացված քննությունների առարկայական 14 հանձնաժողովների կազմերը, որոնց մեջ կարելի է հանդիպել ոչ միայն նոր անունների, այլեւ փորձառու մասնագետների: Այսպիսով՝ հայոց պատմություն առարկայի հանձնաժողովի նախագահն է Էդիկ Գեւորգյանը, ընդհանուր պատմությանը՝ Արտավազդ Դարբինյանը, հայոց լեզու եւ գրականություն (բանավոր) առարկայինը՝ Յուրա Ավետիսյանը, ստեղծագործական մրցույթինը՝ Գուրգեն Գասպարյանը, ֆիզիկայինը՝ Ռոման Ալավերդյանը, քիմիայինը՝ Սամվել Վարդապետյանը, կենսաբանություն առարկայինը՝ Վարդեւանյան Պողոսը եւ այլք: «Հանձնաժողովի նախագահներին խնդրել ենք, որ յուրաքանչյուր առարկայական հանձնաժողովում անպայման ընդգրկեն տարբեր բուհերի ներկայացուցիչների եւ դպրոցի ուսուցիչների: Նշեմ նաեւ, որ այս տարի Երեւանում դիմում-հայտերի քանակը նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է, բայց որոշակի աճ կա մարզերում, որովհետեւ շատ դիմորդներ նախընտրում են քննությունները հանձնել իրենց մարզերի բուհերում»,- հավելեց նախարարը:
Ըստ edu.am-ի, դիմորդների թիվը մայրաքաղաքում այս տարի 13013 է, որը նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է. նվազել է ընդամենը 44-ով: Մայրաքաղաքից մի քանի դիմորդ դիմել է անգամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ Եղեգնաձորում նոր բացված մասնաճյուղ, որտեղ ստացվել է, ընդհանուր առմամբ, 17 հայտ: Դիմորդներին տրվող արտոնությունների առումով որեւէ փոփոխություն այս տարի չի կատարվել: ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ միակ նոր մոտեցումը կցուցաբերվի ԱՊՀ երկրների դիմորդների առումով: Այն դիմորդները, ովքեր մասնակցել են միասնական քննությանը, սակայն այդ միավորներով կենտրոնացված համակարգով չեն ընդունվել բուհ, Սփյուռքի դիմորդների ընդունելության ժամանակ դիմելիս՝ կարող են պահպանել միասնական քննության արդյունքները կամ հանձնել նոր քննություն, եւ մրցույթին ներկայացնել առավել բարձր միավորը:
Նախագահն ու նախագահները
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պետական բուհերի 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահներին: Երկրի ղեկավարը նախ հետաքրքրվել է, թե քննական գործընթացն անխոչընդոտ, արդար եւ բարձր մակարդակով ու կազմակերպված անցկացնելու համար հանձնաժողովների ղեկավարներն ի՞նչ խնդիրներ ունեն եւ ինչպիսի՞ օժանդակություն են ակնկալում:
Սերժ Սարգսյանն առաջնային է համարել քննությունների ողջ ընթացքի հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը: «Քննական ողջ գործընթացը պետք է համահունչ լինի մեր որդեգրած քաղաքականությանը»,- ընդգծել է նա եւ զգուշացրել, որ ցանկացած այլ դրսեւորում կպատժվի ամենախիստ ձեւով: Հանրապետության ղեկավարը խոսել է նաեւ կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվող բարեփոխումների մասին, նշելով, որ տարեցտարի ավելանալու են հատկացվող միջոցները եւ մեծանալու է ուշադրությունը համակարգի նկատմամբ: Հանձնաժողովների նախագահներն ասել են, որ գիտակցում են ստանձնած պատասխանատվությունը եւ հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն՝ քննական գործընթացը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Հանդիպել է հնագետներին
Ըստ նախագահականի լրատվականից ստացված հաղորդագրության, Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է մի խումբ հնագետների հետ: Նրանք քննարկել են Հայաստանում հնագիտության զարգացմանը, այդ ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է հնագիտության նկատմամբ պետության կողմից հատուկ ուշադրության անհրաժեշտությունը:
Նոր շինարարական ծրագրեր իրականացնելիս կարեւորվել է հետազոտական եւ հնագիտական կանխարգելիչ միջոցառումների անցկացումը: Առաջնային է համարվել նաեւ ոլորտի կառավարման արդիականացման խնդիրը: