Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ

Հուլիս 19,2008 00:00

\"\"Երեկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հավաքվել էին օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկները, մարզիչները:

Նրանց հրավիրել էին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի պետական կառույցը: Դա օլիմպիական խաղեր մեկնող մեր մարզիկներին հրաժեշտ տալու եւ բարի ճանապարհ մաղթելու յուրօրինակ ցերեկույթ էր:

Դիմելով օլիմպիականներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Այս խաղերին նախապատրաստվել ենք ամբողջ չորս տարի: Պետությունը, օլիմպիական կոմիտեն եւ ես անձամբ արել ենք հնարավոր ամեն ինչ ու եղածից դեռ մի բան էլ ավելի: Այս ընթացքում դուք աշխարհի, Եվրոպայի առաջնություններում հաղթել եք, դարձել մրցանակակիրներ, բարձրացրել Հայաստանի պետական դրոշը, հնչեցրել օրհներգը: Դուք ապացուցել եք, որ հայ ազգն ուժեղ է, որ դուք հզոր եք: Մնում է, որ Խաղերի մասնակից մեր 25 օլիմպիականներից յուրաքանչյուրը համարձակ, անվախ ներգրավվի պայքարի մեջ ու ձգտի հաղթել: Հիշեք, որ հաղթանակը չի տրվում միայն ֆիզիկական ուժի համար: Հաղթանակը ժպտում է պայքարին հոգեպես պատրաստ մարդկանց, նրանց, ովքեր հավատում են իրենց ուժերին, հաղթանակին ու պատրաստ են անել անհնարինը: Այսօրվանից ու առավել եւս Խաղերի օրերին ամբողջ աշխարհում շուրջ 10 միլիոն մեր հայրենակիցներ հույսով եւ հավատով հեռուստաէկրանների առջեւ ձեզ են սպասելու: Գիտեմ, դա ծանր բեռ է ու պատասխանատվություն: Բայց դուք պետք է գիտակցեք, որ հաղթանակները միայն ձերը չեն լինելու, դրանք բոլորինս են, երկրինը: Ժողովուրդը, բոլորս եւ ես, որպես ՀԱՕԿ-ի նախագահ, հավատում ու վստահում ենք ձեզ:

\"\"Մենք օլիմպիական շատ մեդալներ ենք ունեցել ու հիմա ուզում ենք դրանք ետ վերադարձնել: Աստված ձեզ հետ: Աստված մեզ հետ»:

Օլիմպիականներին բարեմաղթանքներ հղեց նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր հովանավոր՝ «Բիլայն» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:

Ցերեկույթին ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ օլիմպիականներին, հնչեց բանաստեղծ Արամայիս Սահակյանի եւ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի հեղինակած ՀԱՕԿ-ի օրհներգը, որն ուղեկցվում էր հայկական սպորտի մասին պատմող նոր տեսաերիզով:

Հրաձիգ Նորայր Բախտամյանը եւ աթլետ Անի Խաչիկյանը ցուցադրեցին օլիմպիական խաղերի բացման արարողության շքերթին մասնակցելու նպատակով հատուկ պատվիրված հագուստը:

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը Խաղերի մասնակից մարզիկներին առաջին անգամ հանձնեց մասնակցության հավաստագրեր եւ օլիմպիական թալիսման՝ «Սիմբա» մականունով առյուծներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել