Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ «արժե» ազատ մամուլը ՀՀ-ում

Հուլիս 19,2008 00:00

Երեւանի մամուլի ակումբի մրցանակները՝ լրագրողներին

Երեկ՝ Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) իր հիմնադրման 13-ամյակի կապակցությամբ մրցանակներ շնորհեց: «Լրատվամիջոցների անկախության սկզբունքին հավատարմության եւ արժանապատիվ կեցվածքի համար» մրցանակ հանձնվեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը, այն հատուկ մրցանակ ստացավ նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից: «Իր իրավունքները հետեւողական պաշտպանելու համար» մրցանակի արժանացավ «Ռադիո Հայ» ռադիոկայանը, իսկ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մաթիաս Յոբելիուսը ռադիոկայանին հատուկ մրցանակ շնորհեց նախագահական ընտրությունների բազմակողմանի լուսաբանմանն ուղղված նախաձեռնությունների համար: «10-ամյա բեղմնավոր աշխատանքի եւ ԵՄԱ-ի հետ արդյունավետ համագործակցության համար» մրցանակ ստացավ Ստեփանակերտի մամուլի ակումբը:

«ԳԱԼԱ»-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը «Առավոտին» ասաց. «Առայժմ Հայաստանում չկան կատարյալ անկախ ԶԼՄ-ներ: Հարցը կլուծվի այն ժամանակ, երբ երկրում ժողովրդավարական սկզբունքները գերիշխեն, երբ պետությունը եւ ժողովուրդը ԶԼՄ-ներին կստիպեն լինել ավելի օբյեկտիվ, հավասարակշռված, անաչառ ու անկախ»: Հետաքրքրվեցինք Կ. Հարությունյանից, թե ՀՀ-ում ինչ «արժե» անկախ լրատվամիջոց լինելը. «ՀՀ-ում անկախ լրատվամիջոց լինելու արժեքն է 26 միլիոն դրամ, որը հավաքում է ժողովուրդը: Նա պետությունից գնում է իր ազատ խոսքի եւ տեղեկացված լինելու իրավունքը: Արժե այն, որ հեռուստաընկերությունը 8 ամիս աշխատում է առանց գովազդի: Սակայն ամեն ինչ կորած չէ, քանի որ կան հիմքեր ազատ մամուլ ստեղծելու համար, դա ժողովրդի զարթոնքն է»: «Ռադիո Հայ»-ի տնօրեն Արամ Մկրտչյանը «Առավոտի» նույն հարցին այսպես պատասխանեց. «Դա չափելի միավոր չէ, անկախ լինել նշանակում է լինել խիզախ, հետեւողական, անաչառ եւ հասկանալ մամուլի իրական առաքելությունը: Ազատ լրատվամիջոց լինելու համար պետք է կամք, հետեւողական լինելու պատրաստակամություն եւ կարողություն, մեծ զրկանքներ, հսկայական ժամանակ, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ, թե չէ՝ հոգնել ենք չափից ավելի կողմնորոշված, երբեմն էլ ապակողմնորոշված լրատվամիջոցներից»:

Ստեփանակերտի մամուլի ակումբի վարչության անդամ Նաիրա Հայրումյանն էլ «Առավոտին» ներկայացրեց Արցախի լրատվամիջոցների խնդիրները. «Ամենամեծ խնդիրը քաղաքական դաշտի բացակայությունն է: Ղարաբաղում չկա ոչ միայն ընդդիմադիր, այլեւ ընդհանրապես անկախ քաղաքական ուժ: Եղած կուսակցությունները իշխանական կոալիցիա են կազմել, որի արդյունքում ստեղծվել է մեկ բեւեռ, հասարակությունն էլ բավականին պասիվ է: Ստացվել է, որ հասարակության, քաղաքական ընդդիմության, անկախ ուժերի առաքելությունն իր վրա է վերցրել մեր մամուլի ակումբի «Դեմո» թերթը: Սովորաբար ԶԼՄ-ներն արտացոլում են հասարակության եւ քաղաքական ուժի կարծիքը, իսկ մենք այժմ ստիպված ենք արտացոլել մեր կարծիքը, ինչը երբեմն ընկալվում է որպես քաղաքական հավակնություն»: Ն. Հայրումյանը նշեց եւս մի քանի տխրեցնող փաստեր. «Ղարաբաղում կա մեկ հեռուստաընկերություն՝ հանրային, բայց, փաստորեն, պետական, դիտում ենք 3 հայկական եւ 20 ռուսական ալիքներ: Կա շուրջ 30 թերթ, որից մեկը պետական «Ազատ Արցախն» է, որ շաբաթը 3 անգամ է լույս տեսնում, մնացածը՝ մեկ կամ մի քանի շաբաթը մեկ, նույնիսկ չկա ամենօրյա թերթ: Չկան լրատվական գործակալություններ. Ղարաբաղի մասին ինֆորմացիա ավելի շուտ ռուսական, ադրբեջանական գործակալություններից ենք ստանում: Բացակայում է տեղեկատվական քաղաքականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել