Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԴՐԱՆԻՑ ՈԳԵՎՈՐՎՈՒՄ ԵՆՔ»

Հուլիս 19,2008 00:00

\"\"Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի մասին այսպես է արտահայտվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավաստիացնելով, որ մերը եւս համեստ չէ:

«Բազե-2008» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին օրերս այցի էին գնացել Սփյուռքի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որոնք պատասխանեցին երիտասարդների հարցերին: Հատկապես ակտիվ էին սփյուռքահայերը: Երիտասարդներից մեկին հետաքրքրում էր. «Աշխարհում նկատվում է չճանաչված պետությունների ճանաչման գործընթաց, որի վառ օրինակը Կոսովոն է, այն կարո՞ղ է նախադեպ դառնալ Ղարաբաղի հարցի լուծման համար»: Ի պատասխան նախարարն ասաց. «Ցավոք, այսքան տարիների ընթացքում հարցի լուծումն իր վերջնակետին չի հասել, որովհետեւ այս կամ այն փուլում ոչ կառուցողական է եղել Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության մասնակցությունը բանակցային պրոցեսին: Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքնորոշման իրավունք ունենա, այն պետք է միանա Հայաստանին… Երբեմն ինձ հարց են տալիս, թե ինչպես եմ վերաբերվում Ադրբեջանի վերջին ժամանակահատվածի ռազմատենչ հայտարարություններին: Իրենց ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ պատասխանել եմ, որ ռազմական ճանապարհով է ԼՂՀ հարցը լուծվել, բայց այսօր մենք գնում ենք նրան, որ այն իր վերջնակետը ստանա խաղաղ բանակցային պրոցեսում: Ինչ վերաբերում է Կոսովոյին, կարծում եմ, վերջինիս ճանաչման խնդիրը մինչ ԼՂՀ-ի հարցին նախապայման հանդիսանալը՝ դեռ պետք է իր վերջնական լուծումը ստանա, որովհետեւ այսօր այդ երկրի ներսում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան: Կարծում եմ, ԼՂ հարցում բանակցային կողմ պետք է ներառվեն ԼՂՀ-ի իշխանությունները, որովհետեւ ի սկզբանե զինադադարի կնքման ժամանակահատվածում այդ խնդիրը լուծվել է ԼՂՀ-ի ղեկավարության հետ»: Մի երիտասարդ Հրանուշ Հակոբյանին հարցրեց՝ Սփյուռքի կոմիտեն ունի՞ Թբիլիսիի դպրոցների, եկեղեցիների խնդիրների լուծման միջոցներ: Հ. Հակոբյանն ասաց, որ Սփյուռքի հայապահպանության խնդիրներով մտահոգ՝ պետությունը ծրագրեր է ձեռնարկում:

Հաջորդ բոլոր հարցերն ուղղված էին Ս. Օհանյանին: Օրինակ, մի տղայի հետաքրքրում էր Խաչիկ գյուղի միջադեպը, որի արդյունքում 4 գերի ունեցանք: «Այդ դեպքը զորամասում տեղի ունեցած վիճաբանության արդյունք է, որի պատճառով մարդիկ էին հրավիրվել, որոնք էլ ցանկացել էին այս կամ այն կողմին պաշտպանել, ապա տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո երիտասարդները շփոթվել ու անցել են Նախիջեւան: Ես որպես մեր հանրապետության գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի նախագահ, զբաղվում եմ այդ հարցով: Արդեն հրավիրել եմ հանձնաժողովի երկու նիստ, կապի մեջ ենք մտել նաեւ Ադրբեջանի Հանրապետության հրամանատարության հետ, որոնք ի սկզբանե ասել էին, որ համապատասխան աշխատանք կատարելուց հետո մեկ-երկու օրվա ընթացքում մեր տղաներին կվերադարձնեն: Դեպքի մասին ՀՀ ոստիկանության պետը Բաթում քաղաքում տեղեկացրել է Ադրբեջանի ղեկավարությանը, իսկ հուլիսի 1-2-ը Բիշքեկում՝ ես այս մասին ասել եմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Նա ինձ կոնկրետ պատասխան չի տվել: Հանդիպել եմ երիտասարդների ծնողների հետ, ասել, որ տարվում են համապատասխան աշխատանքներ եւ իրենց զավակներն անպայման վերադարձվելու են»,- հնչեց պատասխանը:

Մի տաքարյուն երիտասարդ էլ, թե՝ պարոն նախարար, եթե Ադրբեջանը ձգձգում է մեր գերիների վերադարձի հարցը, ինչո՞ւ չմտնել Բաքու՝ մեր երիտասարդներին ազատել ու էլ հետ չգալ…… «Այդ առաջարկության վերաբերյալ բանակի ղեկավարությունը եւ բոլոր զինվորները միասին կմտածեն»,- ժպիտով պատասխանեց նախարարը: Մեկ ուրիշին մտահոգում էր, որ Ադրբեջանը տարեցտարի ավելացնում է իր ռազմական բյուջեն, իսկ մեր ռեսուրսներն արդյո՞ք բավարար են: «Բոլոր հանդիպումների ժամանակ, նաեւ այլ պետությունների դեսպանների, ռազմական կցորդների մոտ այսպես եմ արտահայտվում, որ այդ ամենը (նկատի ունի ադրբեջանցիների ռազմական բյուջեի ծավալների աճը- Ե. Հ.) առաջին հերթին մեզ ոգեւորում եւ ոգեշնչում է, որ ավելի համախմբված լինենք: Երիտասարդության համախմբվածությունը եւս այս օրերի ընթացքում դրա մասին է վկայում: Իսկ եթե անհրաժեշտություն լինի՝ կկարողանանք երկիրը անհրաժեշտ բարձր եւ պատշաճ մակարդակով պաշտպանել: Միշտ էլ ուժերի հավասարակշռությունը առաջին գծում, շփման գոտում պահպանել ենք միայն ու միայն որակի եւ մեր մարտական ոգու շնորհիվ, որը առանձնահատուկ է եղել արցախյան ամբողջ գոյապայքարի ընթացքում: Դրա հաշվին էլ հաղթանակել ենք թե թվաքանակով, անձնակազմով, թե սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով մեզ գերակշռող կողմին: Մյուս կողմից, այդ ամենը, իհարկե, մեզ մտահոգում է, եւ ոչ միայն դա, այլեւ այն ամենն, ինչ կապված է Թուրքիայի հետ: Մտահոգությունները բերում են նրան, որ մենք բոլոր հաշիվներում, ֆինանսական խնդիրներում լինենք ավելի հետեւողական ու մինչեւ վերջին դրամը նպատակային օգտագործենք: Իսկ այն, թե ինչ ռազմական բյուջե ունի Հայաստանը, երիտասարդներիդ ասեմ, որ վստահ լինեք՝ ՀՀ նախագահը հայտարարել է, որ բանակը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում: Ի դեպ, մենք բանակի համալրման, արդիականացման, հագեցման համար ավելի քիչ չենք ծախսում, քան Ադրբեջանի Հանրապետությունը»,- վստահեցրեց պաշտպանության նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել