Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ-ուկրաինական «շոկոլադե» հարաբերություններ

Հուլիս 19,2008 00:00

Մեր երկրում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն գտնում է, որ երկու երկրների բարեկամությունը գնալով ամրանում է:

Երեկ «Գոլդեն փելես» հյուրանոցում նշվեց հայկական «Սովրանո» եւ ուկրաինական «ԱՎԿ» ընկերությունների 10-ամյա համագործակցության տարելիցը: Դահլիճով մեկ ցուցափեղկերին շարված էին «ԱՎԿ»-ի արտադրած հրուշակեղենն ու քաղցրավենիքը: Նշենք, որ այս ընկերության արտադրանքը մեր երկրում ներկայացնում է հենց «Սովրանոն»:

Միջոցառմանը ներկա էր մեր երկրում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն, որն իր ելույթում կարեւորեց հայ-ուկրաինական համագործակցությունը, ինչն, ըստ նրա, առաջին հերթին ամրապնդվում է տնտեսական կապերով, որի վառ վկայությունն է այս ընկերությունների բազմամյա փորձը. «Առաջին հայացքից 10 տարին շատ չէ, սակայն հաշվի առնելով այն, որ մեր անկախ պետություններն ընդամենը պատանիներ են, սա բավականին մեծ ժամանակահատված է: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 10 տարի առաջ կազմում էր $10 միլիոն, իսկ հիմա այդ թիվը հասնում է $300 միլիոնի: Հայերը առեւտրի իմաստը լավ են հասկանում, հասկանում են, որ առեւտրականները միջնորդներ են երկրների հարաբերությունների կարգավորման հարցում: Ապրանքաշրջանառության ծավալներն ավելանում են, քանի որ լուծվել են տրանսպորտային շատ հարցեր»: Նա իր ելույթի վերջում իր կողմից պատվոգրեր հանձնեց երկու ընկերությունների գլխավոր տնօրեններին: «Սովրանոյի» գլխավոր տնօրեն Սոս Սահակյանին պատվոգիր հանձնելիս հատկապես շեշտեց նրա բարեգործ լինելը:

Ս. Սահակյանը նույնպես ելույթ ունեցավ ու նշեց, որ «ԱՎԿ» ընկերությունն առաջիններից էր, որ իր ապրանքը սկսեց արտահանել Ուկրաինայից եւ հաստատվեց հայկական շուկայում. «Հայկական շուկայում այդ ընկերության հաստատումը հաջողվեց նաեւ մեր համառ աշխատանքի շնորհիվ, քանի որ մեր շուկան այդ տարիներին ողողված էր ցածրորակ ու էժանագին ապրանքներով: Այն տարիներին մեր ընկերությունում աշխատում էր 5-6 հոգի, իսկ հիմա 100-ից ավելի են, եւ սա ընդամենը 10 տարում: Մենք Հայաստանում ներկայացնում ենք ոչ միայն «ԱՎԿ»-ի ապրանքները, սակայն այն միշտ էլ գերակշռող դիրք է գրավում մեր աշխատանքում՝ մոտ 26%: Մեզ մոտ առավել հայտնի է «ԱՎԿ»-ի ջնարակը, որը հիմնականում սպառվում է պաղպաղակ արտադրող ընկերությունների կողմից»: Նա ավելացրեց, որ մեր նոր ղեկավարության բարեփոխումների շնորհիվ՝ գործարարների համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել:

«ԱՎԿ»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Դիկունովն էլ ասաց, որ սա նշանակալի օր է եւ արժանի է նշելու. «Մեզ համար Հայաստանը կարեւոր գործընկեր է»: Նրան դուր էր եկել այն, թե ինչպիսի ոգեւորությամբ է Սոս Սահակյանը պատրաստվել այս միջոցառմանը: Նշենք, որ «ԱՎԿ»-ն հրուշակեղենի եւ շոկոլադի ուկրաինական առաջատար ընկերություններից է եւ իր արտադրանքի 55%-ն արտահանում է՝ մասնավորպես ԱՊՀ երկրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել