Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհանգստանում է Քոչարյանի համար

Հուլիս 19,2008 00:00

Վանաձորյան հանրահավաքում Դավիթ Շահնազարյանը իրավապաշտպաններին կոչ է արել հետամուտ լինել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանությանը, երբ Հաագայի դատարանի վճռով նրան ձերբակալեն:

Երեկ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի հրավիրած հանրահավաքի ընթացքում վանաձորցիներին միացել են նաեւ Սպիտակի, Ալավերդիի, Գյումրիի բնակիչները եւ երկրապահ կամավորականներ: Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, ելույթ ունեցողներից ԺՈՒԿ կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը ասել է, որ այսօր ՀՀ-ում ազատության մեջ գտնվողները շատ ավելի անազատ են, քան անազատության մեջ գտնվողները: Որպես ապացույց նա նշել է, որ ոչ բոլոր ցանկացողներն են կարողանում մասնակցել հանրահավաքների, քանի որ իշխանությունները շարունակում են մարդկանց նկարահանել եւ հետապնդումների ենթարկել նրանց եւ նրանց հարազատներին: «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանն ու Զարուհի Փոստանջյանն իրենց ելույթներում անդրադարձել են ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերին: Տիկին Փոստանջյանը նշել է, որ ՀՀ դատարանները բացարձակ անտեսում են ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները:

Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը եւ գործող իշխանություններին սպասվող ճակատագիրը: Նա վստահեցրել է, որ Համաժողովրդական շարժումն իր ամենօրյա բողոքի ակցիաներով աջակցում է քաղբանտարկյալներին, եւ նրանց ազատ արձակումն անխուսափելի է լինելու: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի դատարան հանձնելու համար սկսված ստորագրահավաքին՝ Դավիթ Շահնազարյանը դիմել է հանրահավաքի կազմակերպիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցին՝ խնդրելով նրան այդ գործընթացում հետեւել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանությանը, որպեսզի ձերբակալության ընթացքում Քոչարյանին բռնությունների եւ խոշտանգումների չենթարկեն, կերակրեն ճիշտ ժամանակին եւ այլն:

«Ա1+»-ը տեղեկացնում է նաեւ, որ երեկ Վանաձորում կայացած հանրահավաքի ընթացքում ոստիկանները պատշաճ իրականացրել են իրենց ծառայությունը:

Արթուր Սաքունցը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին եւ հավաքվածներին ու վստահեցրել. «Տեսնում եք, երբ ոստիկաններին նորմալ հրահանգներ են տալիս, նրանք կատարում են: Երբ ասում են ծեծեք՝ ծեծում են: Այսինքն՝ մեղավորները ոչ թե ոստիկաններն են, այլ նրանց հրահանգներ տվողները»: Ըստ «Ա1+»-ի դիտարկման, երեկվա հանրահավաքը, բացի Վանաձորի «Լոռի» եւ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերություններից, տեսագրվում էր Վանաձորի Մշակույթի տան վերնահարկից՝ անհայտ անձանց կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել