Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄԱՌՎԱ ԹԵԺ ՕՐԸ

Հուլիս 19,2008 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100-րդ օրն էլ ընդդիմադիրներն անցկացրին բազմազան բողոքի ցույցերով:

\"\"Մի քանի տասնյակ քաղաքացիներ առավոտյան «Ազատ խոսք-ազատ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանին» պաստառներով հավաքվել էին Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության շենքի դիմաց, որտեղ Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցերով միջգերատեսչական անկախ հանձնաժողովը փակ նիստ էր գումարել՝ քննելով նաեւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը:

\"\"Կառավարության շենքի առջեւ տեսնելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին, որը ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի առաջնությանը մասնակցած հայկական երեք ուժեղագույն թիմերի ներկայացուցիչների հետ եկել էր վարչապետի հետ հանդիպման՝ ցուցարարներից մեկը նրա գլխի վերեւում պահեց քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի լուսանկարը: Արմեն Աշոտյանը հեգնեց, թե առաջ գաղտնի հետեւից պոզեր էին տնկում, հիմա՝ լուսանկար:

\"\"Հանձնաժողովը մերժեց միջնորդությունը, չնայած «Ժամանակ Երեւան»-ի խմբագրին վաղաժամկետ ազատ արձակելու կոչ էին վերջերս արել «Human Rights Watch-ը», «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ ամենայնի՝ հենց միայն նա էլ կողմ էր քվեարկել այս միջնորդությանը: Հանձնաժողովի մյուս 5 անդամները քվեարկել էին դեմ: Հանձնաժողովի ղեկավար, ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արմեն Երիցյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի պետ Վարդան Մակարյանին եւ հանձնաժողովի այլ անդամներին քաղաքացիները դիմավորում էին «ամոթ, ամոթ» բացականչություններով: «Ժառանգությունը» բողոքարկելու է հանձնաժողովի այս որոշումը:

 

\"\"Ինքնաբուխ երթով բողոքի ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա: Այստեղ ականատես դարձան, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու ստորագրահավաքին միացավ նաեւ Ֆրանսիայի քաղաքացի Ժոել Պերժը:

\"\"

Բողոքի ցույցն ավարտվեց ՀՀ նախագահի նստավայրի մոտ, որտեղ ներկայացվեցին նույն պահանջները՝ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել քաղաքական հետապնդումները: Իսկ հետո էլ այստեղ ցույց սկսեցին «Հիմա» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները՝ այս կարգախոսներով «շնորհավորելով» Սերժ Սարգսյանին:

\"\"Ավելի ուշ ցույց տեղի ունեցավ գլխավոր դատախազության շենքի առջեւ: Սա քաղբանտարկյալների կանանց եւ նրանց միացած Քաղբանտարկյալների կոմիտեի համատեղ միջոցառումն էր, որի ընթացքում պահանջեցին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

 

\"\"Օրվա վերջում Հյուսիսային պողոտա այցելեց դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, որը, հարցին, թե լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, ի՞նչ դրական բաներ է տեսել, կտրուկ պատասխանեց. «Ոչ մի դրական բան չեմ տեսել: Հայերիս համար ամենից վեհ ու սուրբ բանն ազատությունն է, իսկ մեր հերոս տղաները գտնվում են անազատության մեջ, եկել եմ այստեղ նրանց տեսնելու»: Իսկ հարցին, թե չի՞ պատրաստվում միանալ ստորագրահավաքին՝ պատասխանեց, որ այդ մասին կմտածի:

 Հ. Գ. Թե ինչպես են գնահատում նման ցույցերի ՕԳԳ-ն նախկին քաղբանտարկյալները՝ կարդացեք առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել