Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 18,2008 00:00

\"\"Մի քանի օր առաջ Պոպլովոկ սրճարանի մոտ պատահաբար հանդիպեցի իմ հին ծանոթ տղաներց մեկին, ում վաղուց չէի տեսել, եւ նա զարմանալի մի բան հիշեցրեց ինձ՝ իմ տողերը, որոնք գրել էի տարիներ առաջ ու մոռացել: Ասաց՝ ես հաճախ մեջբերում եմ անում քո տողերը, ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ եմ հիշում. դու գրել էիր՝ մեր բոլոր ձիերը ծնվել են ջրից, եւ որովհետեւ մեր ջրերը քիչ էին, ձիեր քիչ, եղան եւ որովհետեւ ձիերն էին քիչ, ձիավորները քիչ եղան, ու մեր երկիրը փոքրացավ, փոքրացավ ու մնաց այսքան. հիմա սա է մեր երկիրը: Եվ նա այնքան ճշգրիտ հիշեց այդ տողերը, որ ես հուզվեցի՝ միաժամանակ տխրելով, որ ես վաղուց չէի հիշում իմ իսկ գրած խոսքը: Ես շնորհակալություն հայտնեցի նրան եւ հետո՝ ավելի ուշ, երբ մենակ նստած սուրճ էի խմում, հիշեցի նաեւ, թե ինչպես անվերջ վերադառնալով մեր զարմանալի եւ մինչեւ օրս չհասկացված էպոսին, ուզում էի գրել Դավթի եւ Քեռի Թորոսի Սասնա տուն գիշերով վերադարձի մասին՝ ուր Դավիթը հրամայում է բացել դարպասները քաղաքի, եւ ուր քեռի Թորոսը կանգնեցնում է նրան, ասելով, որ դու ես հրամայել գիշերով փակ պահել քաղաքի դարպասները, ինչո՞ւ ես խախտում քո հրամանը, Դավիթ: Քանի որ քո իսկ դրած օրենքը եթե դու մի անգամ խախտես, ուրիշներն արդեն ամեն օր կխախտեն, եւ Դավիթը անսաց քեռուն ու գիշերեց դրսում, մինչեւ որ առավոտ իր նշանակած ժամին կբացվեին քաղաքի դարպասները…

Ոսկին ոսկու հետ են կշռում, հարդը՝ հարդի, եւ հիմա էպոսի ոսկեգիր տողերը կանգնում են իմ դեմ. մենք պահո՞ւմ ենք մեր էպոսի ջրածին ավանդույթները, թե՞ խախտելով մեր իսկ սահմանած կանոնները՝ թույլ ենք տալիս, որ ուրիշներն ամեն օր խախտեն: Մտածում էի նաեւ, որ կարծես թե եկել է ժամանակը, որ մենք պահպանենք Դավթի սահմանած օրենքները, քանի որ մայրը, աշխարհ բերելով իր զավակին, կյանք շնորհելով, նաեւ մահ է պարգեւում նրան եւ այդ ճանապարհով՝ անմահություն: Եվ ինչպես հեռավոր անցյալում, հիմա, այսօր էլ բաց է անմահության ճանապարհը եւ պետական այրերի եւ սերունդների համար…

Հետո փոթորկախառն անձրեւ եկավ, մարդիկ խուռներամ վազեցին–հավաքվեցին ծածկի տակ՝ քամիներին թողնելով ճկվող ծառերին, եւ պատկերն այդ՝ փախուստ դեպի միասնություն, ինձ հուշեց զարմանալի պարզունակ մի միտք, որ հիմա, այս պահին փոթորկաբեր անձրեւի տակ հավասարապես մենակ են եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը նույնպես, իսկ համատեղ պաշտպանվելու համար պետք է, որ հավաքվեն նույն ծածկի տակ, նույն ջրի ափին, որտեղից ծնվել էին ու ծնվում են երկիր ծածկը պահող մեր ձիերն ու ձիավորները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031