Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Հուլիս 18,2008 00:00

Վթարի են ենթարկվել հայ զբոսաշրջիկները

Թուրքիայի Մերսինի Անամուր շրջանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: «Նոյյան տապանը», վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը, տեղեկացնում է նաեւ, որ վթարի հետեւանքով ավտոբուսում գտնվող բոլոր 33 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Անթալիա ուղեւորվող ավտոբուսի շարժիչի մասում հրդեհ է բռնկվել՝ կարճ ժամանակամիջոցում ընդգրկելով ողջ ավտոբուսը: Որոշ ժամանակ անց հաջողվել է մարել հրդեհը: Դեպքի կապակցությամբ սկսվել է հետաքննություն:

Ցմահը՝ հացադուլի մեջ

Երեկ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հաստատեց «Առավոտի» այն լուրը, ըստ որի՝ 15 օր է, ինչ հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկված Ցոլակ Պողոսյանը: Տեղեկացվեց, որ հացադուլը գրանցված է, նա գտնվում է հատուկ առանձնացված խցում, բժիշկների հսկողության տակ: Բողոքի այս ծայրահեղ ձեւին Պողոսյանը դիմել է՝ իր դատավճռի հետ կապված: Նա մեղադրվել է սպանության համար, ինչը չի ընդունում: Հացադուլավորի հետ հանդիպել են ԱՆ ՔԿՀ պետը՝ Ա. Մարտիրոսյանը, դատախազը եւ Կարմիր խաչի ներկայացուցիչը:

Ռ. Մ.

Օձը խայթել էր բութը

Հուլիսի 16-ին ձեռքի բութ մատի օձի խայթոցով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 63-ամյա Ս. Սահակյանը:

Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Ապտակ՝ ՀՀ-ին

Բաց նամակ՝ ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին

\"\"Հուլիսի 17- ին Ռուսաստանի Դաշնությունում կաշառակերության համար 9 տարի ազատազրկման դատապարտվեց ՌԴ սենատոր, Ռ. Քոչարյանի մտերիմ բարեկամ՝ հայազգի Լեւոն Չախմախչյանը: Դատարանը ամբողջովին ընդունեց նրա մեղավոր լինելու փաստը: Ընդ որում, Չախմախչյանի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը՝ տեղեկանքները եւ բնութագրերը, բացի բնակության վայրից ներկայացվածը, դատախազությունը հայտարարեց գնված: Ցավոք, այդ գնված միջնորդությունների մեջ էր մատնանշվում նաեւ Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ ծանր հանցագործություն կատարած Չախմախչյանին տրված դրական բնութագիրը:

Հերթական անգամ Ռուսաստանի Դաշնությունն ամենաբարձր մակարդակով ապտակ է հասցնում Հայաստանի Հանրապետությանը՝ նրան մեղադրելով հանցագործին կեղծ բնութագիր տալու մեջ:

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, մենք՝ Հայաստանի ինքնիշխան Հանրապետության երիտասարդներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում սույն փաստի կապակցությամբ եւ պահանջում ենք, որպեսզի Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն անհապաղ կանչվի Երեւան՝ սույն հանգամանքը պարզելու համար: Եթե հայտնաբերվի, որ ՌԴ դատախազության հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա պահանջում ենք առնվազն Արմեն Սմբատյանի հրաժարականը՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ հայ դիվանագետի վարկին չհամապատասխանող անձ: Հակառակը պարզելու դեպքում՝ ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանից պահանջում ենք հանդես գալ համապատասխան հայտարարությամբ եւ Ռուսաստանի Դաշնությանը հղել բողոքի նոտա: Այլ դեպքում հերթական անգամ մենք կամրապնդենք շատերի իրավացի այն համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՌԴ ֆորպոստը՝ Հարավային Կովկասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031