Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում հուլիսի 12-16-ն անցկացվեց հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էին 58 երկրների 17-18 տարեկան շուրջ 300 տղաներ եւ աղջիկներ:
Մեր երկիրը ներկայացնում էր «Հայաստան» մարզական միության օլիմպիական հերթափոխի հեծանվի մարզադպրոցի սան, հանրապետության երիտասարդների բազմակի չեմպիոն, 17-ամյա սպորտի վարպետ Սուրեն Պետրոսյանը: Հանդես գալով 10 կմ խմբային վազքում, որակավորման փուլից հետո Սուրենն ընդգրկվել է 24 լավագույնների մեջ եւ եզրափակիչ վազքահերթում, ի վերջո, զբաղեցրել 14-րդ հորիզոնականը:
Առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այս խումբը ցույց է տվել ամենաբարձր արագությունը՝ ժամում միջին հաշվով 51,700 կմ: Այնպես որ, նման պայքարում հայ հեծանվորդի գրաված տեղը միանգամայն գոհացուցիչ է:
Երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայում, գնահատելով Սուրեն Պետրոսյանի մրցելույթը Քեյփթաունում, ասացին, որ սա մարզաձեւում մեր հանրապետության առաջին խոշոր հաջողությունն է եւ վստահեցրին, որ եթե Սուրենին ավելի մեծ ուշադրություն դարձվի, նա շարունակի լրջորեն մարզվել եւ փորձի կուտակման նպատակով միջազգային մեկնարկների դուրս գալու ավելի շատ հնարավորություն ունենա, ի վիճակի կլինի Հայաստանի համար 2012 թվականին Վանկուվերում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Վիկն ու Դմիտրին կհանդիպեն Տակոմայում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սիրահարները տեղյակ են, որ մինչեւ 52,163 կգ քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում նաեւ IBF-ի վարկածով չեմպիոնական գոտու համար հանդիպելու է դրա ներկայիս տիրակալ՝ ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ: Մինչեւ վերջերս հայտնի էր միայն այդ մրցամարտի անցկացման երկիրը: Օրերս արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ Դարչինյանն ու Կիրիլովը միմյանց դեմ ելնելու են Վաշինգտոնի նահանգում գտնվող Տակոմա քաղաքի «Emerald Quenn Casino»-ում:
Հիշեցնենք, որ Վիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, տարել 29 հաղթանակ (23-ը՝ նոկաուտով) եւ կրել ընդամենը մեկ պարտություն: Իսկ Դմիտրին, որ պրոֆեսիոնալ ռինգում այսօրվա դրությամբ Ռուսաստանը ներկայացնող միակ չեմպիոնն է, 33 մարտից իր օգտին գրանցել է 29-ը (9-ը՝ նոկաուտով), կրել 3 պարտություն եւ 1 մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի: