Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԵԿԻ ՀԱՑԸ ՉԵՄ ԿՏՐԻ»

Հուլիս 18,2008 00:00

Այս պայմանով փարիզաբնակ երաժիշտ Հայկ Դավթյանը չի հրաժարվի հայրենիքում մշտական աշխատանք ունենալ

«Առավոտը» ժամանակին (21.04.2004, 21.07.2006) անդրադարձել է 1991-ից, ընտանեկան հանգամանքներից ելնելով, Փարիզում բնակվող ջութակահար եւ դիրիժոր Հայկ Դավթյանի՝ հայրենիքում ունեցած հյուրախաղերին: Համառոտ նշենք միայն, որ արվեստագետը 2004-ին հանդես է եկել Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, իսկ 2006-ին Ազգային օպերային թատրոնում ղեկավարել է Վերդիի «Տրավիատան»: Այսօր Հ. Դավթյանը մասնավոր այցով է գտնվում Հայաստանում: Մենք խնդրեցինք նրան՝ ներկայացնել իր վերջին ստեղծագործական ձեռքբերումները:

«Շուրջ երեք տարի առաջ հիմնել եւ առայժմ միայն Ֆրանսիայում հանդես եմ գալիս «Նաիրի» կամերային նվագախմբի հետ, որի տասնչորս երաժիշտների մեծ մասը ֆրանսիացիներ են: Այս աշնանը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով առաջին անգամ կներկայանանք հայ հանդիսատեսին, ծրագրում, ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների հայտնի երկերի, ընդգրկել եմ նաեւ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի, Ռուբեն Ալթունյանի եւ Արթուր Ահարոնյանի ստեղծագործությունները, ընդ որում, վերջինիս «Սիրո երգերը» կկատարվեն առաջին անգամ: Հայ ունկնդրին առաջին անգամ կներկայացվի նաեւ վրաց ճանաչված կոմպոզիտոր Սուլխան Ցինցաձեի «Մանրանվագները»,- հայտնեց Հ. Դավթյանը:

«Առավոտի» դիտարկմանը, թե Արեւմուտքում հայտնված իր կոլեգաներից շատերը ցանկանում են հայրենիքում ունենալ մշտական աշխատանք՝ շեշտելով հրավերի անհրաժեշտությունը, մեր զրուցակիցը նախ ասաց, որ չի պատրաստվում հայաստանցի իր ոչ մի կոլեգայի «հացը կտրել», հետո էլ մանրամասնեց. «Դասավանդում եմ Ստրասբուրգի կոնսերվատորիայում եւ ղեկավարում տեղի ուսանողական կամերային նվագախումբը: Ես ավելի շատ հակված եմ կազմակերպել փորձի փոխանակում, կոնկրետ՝ Երեւանի եւ Ստրասբուրգի կոնսերվատորիաների միջեւ: Օրինակ, փորձում եմ նախաձեռնել Կոմիտասի անվան կվարտետի առաջին ջութակահար, պրոֆեսոր Էդվարդ Թադեւոսյանի վարպետության դասերը Ստրասբուրգի կոնսերվատորիայում: Ինչ վերաբերում է ինձ՝ սիրով դասեր կանցկացնեմ Երեւանում»:

Հետաքրքրությանը, թե լինելով դիրիժոր եւ ջութակահար, երաժիշտն իրեն որտեղ է պատկերացնում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի առջե՞ւ, թե՞ Ազգային օպերային թատրոնում, Հ. Դավթյանը պատասխանեց. «Կրկնում եմ, ոչ մեկի հացը մտադիր չեմ կտրել, բայց գերադասում եմ օպերային թատրոնը… Ժամանակին Փարիզում իրականացրել եմ Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարումը՝ քաղաքապետարանի նվագախմբի եւ հրավիրված մեներգիչների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել