Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռի՞վ տամ, թե՞ գիտությամբ զբաղվեմ»

Հուլիս 18,2008 00:00

ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Գեւորգյանը դժգոհում է ակադեմիայում տիրող մթնոլորտից:

Երեկ ԳԱԱ-ում մեկնարկեց «Հայաստանի քիմիական գիտության արդի խնդիրները» խորագրով Հայկական քիմիական ընկերության առաջին երկօրյա գիտաժողովը: Ընկերության նախագահ, ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Խնդիրների էությունը վեր հանելու եւ ճիշտ ուղղություններ ստեղծելու պահանջ կա, որոնք կբերեն ՀՀ քիմիական գիտական մտքի զարգացմանը, եւ ուղղված կլինեն տնտեսական խնդիրների լուծմանը: Իսկ գիտություն- արդյունաբերություն կապը կախված է նրանից, թե արդյունաբերությունը որքանո՞վ է կարող, ի՞նչ աստիճանի օգնության կարիք ունի, կարո՞ղ է, արդյոք, նոր բաներ ներդնել: Կան նաեւ ֆինանսական, սարքավորումների ներդրման խնդիրներ: Հայաստանը առնվազն 20 տարի ոչ մի լուրջ սարքավորում ձեռք չի բերել: Հրատապ է կադրերի հարցը, երիտասարդները հեռանում են, քանի որ աշխատավարձն է ցածր»: Վանաձորի մանկավարժական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ Հրաչիկ Ղազարյանը «Առավոտին» հայտնեց. «Պիտի վերանայվի ՀՀ դպրոցներում քիմիայի դրվածքը: Եվրոպական երկրներում երեխան շաբաթական 24 ժամ քիմիա է անցնում, մեր հանրապետությունում այն չի գերազանցում 7-8 ժամը: Առաջարկում եմ մի քանի անգամ ավելացնել քիմիային հատկացվող ժամաքանակը»: ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանն էլ նկատեց. «Այսօր ամբողջ աշխարհում տարածված է հաշվողական քիմիայի ուղղությունը: Այդ դեպքում անպայման չէ ունենալ շատ բարդ սարքավորումներ: Եթե ունենք հզոր հաշվողական միջոցներ, ունենք հնարավորություն իրականացնել որոշակի հաշվարկներ, որոնք թույլ կտան անել եզրակացություն»:

«Առավոտը» վերջերս նամակ էր ստացել ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանից, որն իր դժգոհություններն էր հայտնում ԳԱԱ-ում տիրող մթնոլորտի մասին: Պարոն Գեւորգյանը գրում է, որ նամակ է ուղարկել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որի աշխատակազմը տվել է հետեւյալ պատասխանը. «Նամակը 03.07.08թ. ուղարկվել է ԳԱԱ, որտեղից էլ կստանաք պատասխանը»: Երեկ Ա. Գեւորգյանին խնդրեցինք հստակ ձեւակերպել իր խնդիրը: «Հիմնական խնդիրն այն է, որ ակադեմիայի դոկտոր-պրոֆեսորները դիտավորյալ չեն ուզում հասկանալ, որ իմ առաջարկած տեսությունը մրցունակ է եւ կարող է միլիոնների շահ բերել: Ակադեմիայում տեղյակ են իմ եւ իմ մասնագիտական խմբի առաջ քաշած տեսության մասին, բայց բանի տեղ չեն դնում, որովհետեւ նրանք իսկական ակադեմիկոսներ չեն»,- հնչեց պատասխանը: Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը: «Քիմիական ատոմները մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել գնահատել: Փոխաբերական իմաստով մինչեւ այժմ մարդու հասակը չափել են կիլոգրամով, կշիռը՝ մետրով: Իսկ այդպիսի տեսությամբ հնարավոր չէ որեւէ խնդիր լուծել: Մենք խնդիրները լուծում ենք լիցքային միավորներով եւ առանց սխալվելու: Ժամանակին նույնիսկ կարողացել ենք այնպիսի կատալիզատորներ սինթեզել, որոնք ավելի ակտիվ են գոյություն ունեցողներից: ՆԱՏՕ-ի ծրագրով էլ շահել էինք, բայց հրաժարվել էի, քանի որ այդ ժամանակ «Նաիրիտը» չէր աշխատում»,- ներկայացրեց Ա. Գեւորգյանը: Հետաքրքրվեցինք, թե գործնականորեն իր տեսությունը ի՞նչ հնարավորություն է տալիս: «Հնարավորություն է տալիս մոլեկուլներ սինթեզել այնպիսի եղանակով եւ ելանյութերից, որի մասին դասական տեսությունը տեղյակ չէ: Այդ ամենը ներկայացրել եմ ակադեմիայի նախագահություն, բայց բութ ակադեմիկոսները, բութ պրոֆեսուրան չեն ուզում հասկանալ, ասելով՝ թե բարդ է: Իրականում չեն ուզում, որ նման հայտնագործության հեղինակը ուրիշը լինի»,- նեղսրտեց Ա. Գեւորգյանը: Հետաքրքրվեցինք, թե չի՞ դիմել, արդյոք, Գիտության պետական կոմիտե: «Կոմիտեն տեղյակ է, առաջարկել եմ, որ ակադեմիայում լսումներ կազմակերպեն, բայց իրենք էլ են լռում»,- ասաց նա: Ա. Գեւորգյանը ներկայացրեց նաեւ Օրգանական քիմիայի ինստիտուտում տիրող իրավիճակը. «Մայա Ինճիկյանն է տնօրինություն անում: Նա գիտելիքներ ունի, բայց չարություն եւս: Ասում է, թե սպիտակը սեւ է, սեւը՝ սպիտակ: Հայտնի ճշմարտություններին հակասում է»: Ա. Գեւորգյանը նաեւ հավելեց. «Ակադեմիան գիտության տաճար չէ, այլ պատուհաս: Չգիտեմ՝ կռի՞վ տամ, թե՞ գիտությամբ զբաղվեմ»:

Հ. Գ. Երեկ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից, որովհետեւ մասնակցում էր կառավարության նիստին: Նա խոստացավ պարզաբանումներ տրամադրել հարմար առիթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031