Լրահոս
Օրվա լրահոսը

6 հազար 600 դրամն ուժի մեջ է

Հուլիս 18,2008 00:00

Փոստային ծառայության աշխատակիցները գազի սպառողներին ապակողմնորոշում են

Արդեն քանի օր է՝ «Առավոտի» խմբագրություն են զանգահարում գազի բաժանորդներ՝ հետաքրքրվելով, թե ճի՞շտ է, արդյոք, որ «գազամատակարարման սպասարկման համար սահմանված բաժանորդների տարեկան 6600 դրամի պարտքերը որոշվել է զրոյացնել»: Բացի այդ, գազի սպառողները հավաստիացնում էին, որ փոստային ծառայություններում, որտեղ հաճախում են սպասարկման վարձեր վճարելու, աշխատակիցներն իրենց «լավության կարգով» զգուշացնում են՝ գազի սպասարկման այդ 6600 դրամները չվճարել, քանի որ «պետությունը որոշել է այդ վճարներն ընդհանրապես հանել»:

Նշենք, որ տարեկան 6600 դրամ գազամատակարարման սպասարկման վարձը սահմանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ըստ որի՝ «ՀայՌուսգազարդի» ենթակայությամբ գործող ներտնային տեխնիկական սպասարկում իրականացնող տեսուչները պետք է տարեկան առնվազն երկու անգամ պարտադիր այցելեն սպառողների բնակարաններ, հարցուփորձ անեն՝ արդյո՞ք բաժանորդները բողոքներ չունեն եւ գազամատակարարման հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում՝ թերությունները վերացնեն: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում դժգոհեցին բաժանորդները՝ «Այդ տեսուչների երեսը նույնիսկ տարին մեկ անգամ չենք տեսնում, շատ էլ ճիշտ կանեն, որ այդ մուծումները հանեն: Ի՞նչ են սպասարկում, որ 6600 դրամ էլ պահանջում են: Սպառողների մեծ մասը տեղյակ էլ չէ այն անվտանգության կանոններին, որոնք պարտադիր պետք է կիրառվեին գազիֆիկացման ընթացքում: Տեսուչներն էլ առիթից օգտվելով, որ սպառողները գազիֆիկացման ժամանակ թույլ են տվել սխալներ, թերությունների վրա աչք են փակում ու գումարներ կորզում, որպեսզի օրինական չտուգանեն»:

Բաժանորդներից մեկի խոսքերով էլ. «Հարցրեք ցանկացած բնակչի, քանի՞ անգամ է ստուգումների ականատես եղել, քանի անգամ է գազի տեսուչն ինքնակամ եկել եւ հետաքրքրվել թերությունների մասին: Անձամբ ես երբեք բախտ չեմ ունեցել հանդիպել ստուգումների եկած տեսուչների, սակայն մի քանի անգամ զանգել եմ ներտնային գազի ծառայության տեսուչներին՝ բնակարանի եւ շքամուտքի գազի արտահոսքը վերացնելու համար: Այցելությունից հետո ինձ հավաստիացրել են, որ վերացվել են բոլոր թերությունները, սակայն մինչ օրս դեռ արտահոսքը շարունակվում է: Երբ դիմեցի մեր համայնքային գազամատակարարման սպասարկման կենտրոնի տնօրենին եւ խնդրեցի վերահաշվարկել ու արտահոսած գազի գումարը հանել իմ ամսավճարից, վերջինս ինձ պատասխանեց, որ դա այնքան չնչին գումար կկազմի, որ չարժե նույնիսկ քաշքշուկի մեջ ընկնել»:

Երեկ «Առավոտը» սպասարկման վարձերը հանելու եւ պարտքերը զրոյացնելու վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Մեր հարցին ի պատասխան՝ հանձնաժողովից պատասխանեցին, որ նման բան չկա. «Քանի որ հանձնաժողովը ներտնային տեխնիկական սպասարկման մասին որոշումը կայացրել է՝ ելնելով բաժանորդների կյանքի անվտանգության հույժ կարեւոր խնդրից, ուստի խոսակցությունները, թե այդ գումարները հանվելու են, հիմնավորված չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031