ԼՂ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԻ
Ադրբեջանի ոչ մի սադրանք շփման գծի վրա անպատասխան չի մնա, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», հուլիսի 16-ին ելույթ ունենալով Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ Հակոբյանը նշել է, որ «ղարաբաղյան բանակը պետք է ամեն րոպե պատրաստ լինի իրավիճակի սրմանը»: Նա շեշտել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ամենալավ պատասխանը ԼՂՀ զինված ուժերի մարտունակության բարձրացումն է: Մեկնաբանելով Բաքվում հունիսի 26-ին անցկացված ռազմական շքերթը՝ Հակոբյանն այն որակել է որպես փորձ, որի նպատակն էր «միջազգային հանրությանը ցուցադրել, թե Ադրբեջանն իսկապես պատրաստ է պատերազմի»: Միեւնույն ժամանակ, գեներալի դիտարկմամբ, դա հասցեագրված էր նաեւ «ներքին լսարանին, ինչը բնական է Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին»: «Ինչ վերաբերում է շքերթում ցուցադրված ռազմական տեխնիկային, ապա մենք որեւէ նոր բան չտեսանք»,- ասել է Մովսես Հակոբյանը: Նրա խոսքերով, ԼՂ բանակն ունի անհրաժեշտ սպառազինությունը, որը թույլ կտա հակառակորդին արժանի հակահարված հասցնել:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼԻ ՊԱՐՏՎԵՑ ՄԻԵԴ-ՈՒՄ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ որոշում է կայացրել «Աշուղյանն ընդդեմ Հայաստանի» գործով եւ վճռել, թե մեր երկիրը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ «Արդար դատաքննության իրավունք», եւ 11 հոդվածը՝ «Հավաքների եւ միավորման ազատություն», նաեւ թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածը՝ «Քրեական գործերով գանգատարկման իրավունքը»: Այս մասին երեկ մամուլի հաղորդագրություն է տեղադրվել ՄԻԵԴ պաշտոնական կայքէջում: Ըստ այդ հաղորդագրության՝ Երեւանի բնակիչ, 43-ամյա Գայանե Աշուղյանը 2003-ի նախագահական ընտրություններից հետո մասնակցել է բողոքի մի շարք գործողությունների, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը: Նա ձերբակալվել է 2 անգամ՝ 2003-ի ապրիլի 7-ին եւ 9-ին, եւ սկզբում դատապարտվել վարչական տույժի, իսկ հետո՝ վարչական 5-օրյա կալանքի: Ըստ տիկին Աշուղյանի, նա ձերբակալվել է միայն ցույցերի մասնակցելու համար, ու եվրոդատարանին բողոքարկել է, որ իրեն ապօրինի են ձերբակալել, անարդար դատաքննություն անցկացրել եւ, որ հնարավորություն չի ունեցել բողոքարկել իր նկատմամբ կայացված դատական որոշումները: Բացի կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածներից՝ Գայանե Աշուղյանը գտել է, թե իր գործով խախտվել է նաեւ 5-րդ հոդվածը՝ «ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք» ու 10-րդ հոդվածը՝ «արտահայտվելու ազատություն»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է, թե տվյալ գործում այս հոդվածներով խախտում չկա: Դատարանը, սակայն, միաձայն որոշել է, թե խախտվել է 6-րդ հոդվածը, քանի որ Աշուղյանին համապատասխան ժամանակ ու պայմաններ չեն տրամադրվել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Միաձայն է կայացվել նաեւ որոշումը, թե խախտվել է հայցվորի իրավունքը՝ մասնակցելու խաղաղ հավաքներին: Գայանե Աշուղյանը նյութական փոխհատուցման որեւէ պահանջ չի ներկայացրել ՄԻԵԴ-ին:
Ա. Ի.
Հ. Գ. Եթե ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի ոճով արտահայտվենք, քանի որ 2 հոդվածներով խախտումը հաստատվել է, 2-ով՝ մերժվել, հաշիվը ոչ ոքի է, եւ Հայաստանն էլի չի պարտվել: