Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱ՞Ն ԷԼ ՀԱՅԵՐԻՆ «ԿԳՑԻ»

Հուլիս 18,2008 00:00

«ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, դեմոկրատ Բարաք Օբաման կմոռանա հայերին տված՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու իր խոստումը ճիշտ այնպես, ինչպես դա արել են ամերիկյան նախորդ նախագահները»: Այս մասին, «Ջիհան» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միության» նախագահ, Աթաթուրքի անվան համալսարանի դասախոս, պատմաբան Սավաշ Էղիլմեզը: «Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր նախագահական ընտրություններին նախորդող շրջանում թեկնածուները խոստանում են հայերին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, արդեն հետընտրական շրջանում, մոռանում են իրենց տված խոստումները: 1981 թվականից ի վեր այդպիսի խոստումներ են տվել ու նույն հաջողությամբ մոռացել այդ մասին Ռոնալդ Ուիլսոն Ռեյգանը, Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշը, Ուիլիամ Ջեֆերսոն Քլինթոնը եւ Ջորջ Բուշ կրտսերը: Հիմա էլ է տեղի ունենում նույն գործընթացը»,- ասել է Էղիլմեզը՝ ընդգծելով, թե «Օբամայի թիմը եւս շատ լավ գիտի, որ թուրքերը երբեւիցե ոչ մեկի նկատմամբ ցեղասպանություն չեն գործել», եւ որ այդ ամենն արվում է հայ ընտրողի քվեն ստանալու համար:

Թուրք պատմաբանը նշել է նաեւ, թե թուրքերը հայերին միշտ գրկաբաց են ընդունել: «Հայերին Բյուզանդական կայսրության բռնակալ իշխանությունից ազատագրողը եւ նրանց մարդավայել ապրելու իրավունք շնորհողը եղել են հենց սելջուկյան թուրքերը: Իսկ Ֆաթիհի ժամանակաշրջանում հայերին շնորհվել է կրոնի եւ խղճի ազատության բարձր կարգավիճակ, հայ համայնքի համար կրոնական եւ սոցիալական գործունեությունների ղեկավարման նպատակով հիմնադրվել է հայկական պատրիարքարանը»,- ահա այսպիսի պատմագիտական ուշագրավ էքսկուրս է կատարել պատմաբան Սավաշ Էղիլմեզը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել