Սա ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանի կարծիքն է
Ըստ Ստեփան Զաքարյանի, Համաժողովրդական շարժումն այսօր պայքարում է մի իշխանության դեմ, որն այլեւս գոյություն չունի. «Եվ պատահական չէ, որ այսօր ստորագրահավաք են կազմակերպում եւ դատի են տալիս Ռոբերտ Քոչարյանին»: Նախկին պատգամավորը, ՀԺԿ նախկին քարտուղարը եւ Կարեն Դեմիրճյանի նախկին զինակիցը վերանայել է իր նախկին հայացքները եւ հիմա հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույն մարդիկ չեն, անգամ՝ խիստ տարբեր են. «Տարիներ առաջ ասում էի, որ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը նույն մարդն են, բայց մարդը պետք է կույր չլինի եւ սթափ նայի: Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ հակադիր են»:
Ստեփան Զաքարյանը երեկ «Իրավունք-Դե-ֆակտո» ակումբում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին օգնում է Համաժողովրդական շարժումը. «Մարդիկ, այս չինովնիկները հույս ունեն, որ սա (Ս. Սարգսյանի ծավալած բարեփոխումները- Մ. Ե.) ընդամենն ալիք է, եւ շատերն իրենց հուսադրում են, որ սա պայմանավորված է համաժողովրդական կոչված շարժմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի գոյությամբ, եւ դա լավ է, որ այդպես են մտածում, դրանով Սերժ Սարգսյանին ժամանակ են տալիս, որ նա, այս քայլերը հետեւողաբար շարունակելով, շահի հասարակության վստահությունը: Եթե սա շարունակվի, կարծում եմ, այդ շարժման գոյությունն իսկ կդառնա անիմաստ»:
Ստեփան Զաքարյանն այնքան բարձր կարծիք հայտնեց գործող նախագահի հասցեին եւ այնպիսի գնահատականներ տվեց Սերժ Սարգսյան մարդուն եւ գործչին, որպիսիք անգամ վերջինիս թիմի անդամները չեն կարողանում հնչեցնել: Ըստ պարոն Զաքարյանի, անգամ միջազգային կառույցների հետ աշխատանքում է Սերժ Սարգսյանը «համաժողովրդական շարժման տակից հանում իր դեմ պայքարելու բոլոր հիմքերը նաեւ միջազգային ասպարեզում, բնականոն հարաբերություններ հաստատելը հարեւանների հետ եւ այլն: Աբդուլլա Գյուլին հրավերը, կարծում եմ, նաեւ քայլ է, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանին զրկի այդ հարցերը շահարկելուց, որ իբր այս իշխանությունը որեւէ քայլ չի կատարել հարեւանների հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»:
ԱԺ նախկին պատգամավորը վստահ է. «Այս 100 օրերը ցույց տվեցին, որ իշխանությունը ոչ միայն խոսում է, այլեւ՝ գործում: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իրեն 3 տարի է անհրաժեշտ, որ փոփոխությունները կատարի, արդա՞ր է, որ Սերժ Սարգսյանից պահանջենք 3 ամսում անի այն, ինչ Տեր-Պետրոսյանն ուզում էր անել 3 տարում: Համոզված եմ, որ երեք ամիսների ընթացքում նա արել է ավելին, քան պիտի աներ: Բոլոր այն հիմնարկներում, որտեղ ընդունված էր կաշառք վերցնել, այսօր խուճապ է, մարդիկ վախենում են: Մարդիկ տափ արած սպասում են, մտածում են՝ երեւի ինչ-որ ժամանակավոր բան է, հետո կշարունակենք ուտել: Եվ հենց այն, որ վախենում են դա անել, արդեն նվաճում է, որը պիտի շարունակական լինի: Եթե իշխանությունն իր սկսած քայլերը շարունակեց, այսինքն՝ մթնոլորտը փոխվեց, ուրեմն՝ հիասթափություն չի լինի: Եթե նահանջեց՝ մենք կվերադառնանք հնին»: Այն ամբողջ համակարգը, որի դեմ, ըստ բանախոսի, փորձում է պայքարել Սերժ Սարգսյանը, ստեղծվել եւ արմատավորվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք. «Այդ ողջ համակարգը, այն, որ իշխանությանն ամեն ինչ կարելի է, հիմնադրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, այդ պատճառով է ինձ համար մի քիչ տարօրինակ, որ այդ մարդն է ժողովրդավարության դիմակը հագել եւ այսքան մարդու տարել իր հետեւից»: