Գլխավոր դատախազության դատախազներից մեկը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է «արդարացման» վճիռներից երկուսը:
Օգոստոսի կեսերին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կլսվի ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ ընդամենը երկու ոստիկանի ցուցմունքների հիման վրա մեղադրվող նախկին ամբաստանյալ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով արդարացված Միսակ Հովակիմյանի գործը: Վերաքննիչին բողոքով դիմել է դատախազությունը, որը պահանջում է բեկանել նախորդ դատական վճիռն ու Մ. Հովակիմյանի մասով կայացնել մեղադրական դատավճիռ: Թե սրանով ի՞նչ է ուզում ապացուցել գլխավոր դատախազությունը՝ պարզ չէ: Հայտնի է միայն սոսկ ոստիկանների ցուցմունքների հիման վրա մարդկանց դատելու պրակտիկայի վերաբերյալ միջազգային հանրության գնահատականը, որն ընդամենը վերջերս հնչեցրեց ՀՀ ժամանած ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը. «ԵԽԽՎ հունիսյան բանաձեւը հստակ է՝ որեւէ մեղադրական դատավճիռ չպետք է կայացվի միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Սա ԵԽ դիրքորոշումն է ու նաեւ՝ ի՛մ դիրքորոշումը»: Այսուհանդերձ, գլխավոր դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է ոչ միայն Միսակ Հովակիմյանի, այլեւ նույն հոդվածով եւ նույն դատավոր Ափինյանի կողմից նաեւ Ավետիք Ներսիսյանի վերաբերյալ կայացրած արդարացման վճիռները:
Վերաքննիչ բերած բողոքում դատախազության ներկայացուցիչ Ա. Ամիրզադյանը արդարացման վճիռը բեկանելու պահանջը հիմնավորում է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ոստիկաններ Էդգար Պետրոսյանի եւ Գարիկ Շուշանյանի ցուցմունքներով առ այն, որ մարտի 1-ի առավոտյան, ժամը 11-ին մոտ, երբ իրենք ծառայություն իրականացնելիս են եղել Ազատության հրապարակի շրջակայքում, Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկի մոտ նկատել են աղմկող անձանց, որոնց մեջ, նրանց ասելով, եղել է նաեւ Մ. Հովակիմյանը: Ըստ ոստիկանների, մոտենալով աղմկողներին, իրենք ասել են, որ Ազատության հրապարակում քննչական գործողություններ են կատարվում, եւ պահանջել են հեռանալ, չգնալ հրապարակ: «Սակայն Մ. Հովակիմյանը չի կատարել իրենց օրինական պահանջը, դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել հանրահավաքներին, որեւէ մեկը չի կարող կանխել իրեն: Դրանից հետո քաշքշել է Է. Պետրոսյանի եւ Գ. Շուշանյանի հագուստները, բռնել է նրանց ձեռքերից, հրել եւ հարվածել է նրանց ձեռքերին», ու ոստիկաններին այլ բան չի մնացել, քան՝ նրան բերման ենթարկել:
Իրականությունը, սակայն, այն է, ինչ ապացուցված համարեց ընդհանուր իրավասության դատարանը՝ սույն ոստիկանների հակասական ցուցմունքները գնահատելով որպես անարժանահավատ: Դատաքննության ժամանակ որպես վկա հանդես եկած ոստիկանները, որոնցից մեկի՝ Էդգար Պետրոսյանի ցուցմունքով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Հովհաննես Ղազարյանին եւ Վարդգես Գասպարիին, Մ. Հովակիմյանի ասելով, իրականում նրանք չեն, ովքեր իրեն բերման էին ենթարկել Կենտրոնի բաժին: Այդ «դեժուռնի» վկաները դատարանում խճճվել էին սեփական եւ իրար հակասող ցուցմունքների մեջ: Նրանք իրենց ցուցմունքներում որպես Մ. Հովակիմյանին բերման ենթարկելու վայր՝ մատնանշել էին տարբեր տեղեր, թեեւ Մ. Հովակիմյանի ցուցմունքով, իրեն բերման էին ենթարկել բոլորովին այլ վայրից: Բացի այդ, ըստ ոստիկանների ցուցմունքների, ստացվում էր, որ Մ. Հովակիմյանը երկուսին էլ միաժամանակ է քաշքշել եւ «բռնություն գործադրելու» պահին երկու ձեռքով բռնել է միաժամանակ երկուսի ձեռքերն էլ, ինչից պետք է եզրակացնել, որ Մ. Հովակիմյանն այդ պահին հրաշքով չորս ձեռք է ունեցել: Ընդ որում, Է. Պետրոսյանը, երբ նկարագրել էր, թե ինչպես է Մ. Հովակիմյանն իրեն սպառնացել, արտաբերել էր նույն բառերը, որոնք նա վերագրել էր Վարդգես Գասպարիին, որի գործով ինքը եւս վկա է: Ստացվում է, որ երկու ամբաստանյալներն էլ՝ մեկը՝ հայաստանցի, մյուսը՝ սփյուռքահայ, տարբեր վայրերից բերման ենթարկվելիս նույն երեւանյան բառապաշարով են ոստիկանին «սպառնացել»:
Այսուհանդերձ, դատախազն իր բողոքում սույն վկաների ցուցմունքները արժանահավատ է գնահատել, փոխարենը «հակասական» եւ «ոչ արժանահավատ» է գնահատել պաշտպանական կողմի պահանջով լրացուցիչ կարգով հարցաքննված վկաներ Ներսես եւ Ավետիք Ներսիսյանների ցուցմունքները, որոնք դատավոր Ափինյանը համարել էր արժանահավատ եւ Մ. Հովակիմյանի անմեղությունը փաստող ապացույց: Ա. Ամիրզադյանը անթույլատրելի է համարել նաեւ ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննության առնված եւ Մ. Հովակիմյանի անմեղությունն ապացուցող՝ ամբաստանյալի պաշտպանի ներկայացրած ապացույց տեսագրությունը, որից ակնհայտ է դարձել, որ ամբաստանյալին Կենտրոնի ոստիկանություն բերման են ենթարկել «սպեցնազավորները», որոնց մեջ հիշյալ երկու վկաները չկան:
Դատախազն այդ տեսագրությունը համարել է «չթույլատրվող նյութ» եւ ապացուցողական նշանակություն չունեցող, քանի որ այդ տեսասկավառակը… նախաքննական մարմինը չի տրամադրել: Սա այն դեպքում, երբ ՀՀ Քրդատօրի համաձայն, դատավորը պարտավոր է քննել եւ գնահատել մարդու անմեղությունն ապացուցող որեւէ լրացուցիչ ապացույց, եթե նույնիսկ այն տրամադրել է ոչ թե դատախազությունը, այլ՝ պաշտպանական կողմը:
Դատախազի մյուս առարկությունը վերաբերում է նրան, թե դատավոր Ափինյանը «ոչ վերաբերելի» է համարել Ազատության հրապարակին հարող տարածքում կատարված զննության եւ փորձագիտական այն եզրակացությունները, ըստ որոնց՝ հայտնաբերվել են զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր, փայտեր, որոնք կոնկրետ ամբաստանվող Մ. Հովակիմյանի հետ որեւէ կապ չունեն ու միայն «տրաֆարետի» նման որպես մեղադրանքի ապացույց «կարվել» են մարտի 1-ի գործով մի քանի տասնյակ մեղադրյալների վրա:
Վերջում՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով դատվողների գործերով կարմիր թելի պես անցնող «դեժուռնի» վկաների մասին: Նրանք մարտի 1-ի գործով քրգործ «թխելու» հարցում մատուցած ծառայությունների համար, որպես կանոն, կարիերայում առաջխաղացում են արձանագրում: Օրինակ՝ նրանցից մեկը, որի ցուցմունքի հիման վրա դատվում է երեք քաղաքացի, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Էդգար Պետրոսյանը, նշանակվել է Կենտրոնի ոստիկանության «քննչականի» քննիչ, իսկ Գարիկ Շուշանյանը, որն էլի Արաբկիրի ոստիկանության նույն բաժնի օպեր էր, նշանակվել է Սպիտակ քաղաքի «քննչականի» քննիչ: