Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ

Հուլիս 18,2008 00:00

\"\"Հարցնում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

«Ինձ շատ է տխրեցնում այսօր կատարվողը,- մեր զրույցի ընթացքում ասաց 10 տարի շարունակ Հայաստանի ԱԳՆ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած (արտգործնախարարի տեղակալից մինչեւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչ) Արման Նավասարդյանը: Նրա դիտարկումները փոխանցում ենք առանց միջամտության:- Կարճ ժամանակահատվածում մենք Ղարաբաղի հարցով 3 քաղաքական աֆրոնտի բախվեցինք՝ ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ բանաձեւերն ու Մեդվեդեւի հռչակագիրը: Մեր դիվանագիտության հետեւանքով մեզ հրամցնում են միջազգային փաստաթղթեր, որոնց մեր հասարակությունը նայում է ապշահար, ինչպես այն անմեղ կենդանին կնայեր նոր դարպասներին:

Եվ այս համատեքստում ուզում եմ ասել՝ էթնոհոգեբանները մի օր թերեւս կուսումնասիրեն՝ մենք երեւի մազոխիստ ազգ ենք: Ինչպե՞ս ենք կարողանում բոլոր վեկտորներով փչացնել մեր հարաբերություններն ամբողջ աշխարհի հետ: Ես չեմ անդրադառնում հարեւանների հետ մեր հարաբերություններին՝ բոլորը լավ գիտեն, թե ինչ է կատարվում: Չեմ անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերություններին՝ արտգործնախարարն այժմ այնտեղ է, ու Աստված տա՝ մեր երկրում դեսպանուհուն ի վերջո ուղարկեն: Էլ չեմ ասում, որ Բուշը մինչեւ հիմա չի շնորհավորել Սերժ Սարգսյանին: Նաեւ չեմ անդրադառնում Ռուսաստանի հետ հարաբերություններին, որ անընդհատ ծափ ենք տալիս, բայց շատ հարցականներ կան այստեղ: Ռուս օլիգարխներին ու կրիմինալներին Հյուսիսային պողոտայում շենքեր ծախելը դեռ չի նշանակում ՌԴ-ի հետ ունենալ փայլուն հարաբերություններ: Եվ տեսնում ենք, թե ինչպես է փոխվում Ռուսաստանի քարոզչական մեքենայի «կողմնացույցի սլաքը»:

Մեր դիվանագիտության աշխարհագրությունը՝ հարաբերությունները փչացնելու առումով, շատ է տարածվում: Եվ դրա վերջին օրինակն Իսրայելն է: Ես հասկանում եմ՝ քաղաքական պայքար է ընթանում, պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանին հայտարարեին մասոն, ՄՈՍՍԱԴ-ի գործակալ եւ այլն: Բայց երբ մի բան անում են՝ պիտի մտածեն, թե ինչ է դրա հետեւանքը: Եվ ահա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերն այստեղ մեզ մեղադրեց հակասեմիտիզմի մեջ: Հաջողեցինք խնդիրներ ստեղծել Իսրայելի նման մի երկրի հետ, որի հետ 300 միլիոնանոց արաբական աշխարհը չի կարողանում, կներեք, քյալլա տալ: Բայց մենք կարողանում ենք՝ մի փոքր առիթով, որ հանրահավաքի ժամանակ բարձրացրել են Իսրայելի դրոշը: Սա պետք էր կարողանա՛լ: Սա առանց իշխանության հնարավոր չէր:

Պիտի այս կապակցությամբ ասեմ՝ Սերժ Սարգսյանին շրջապատող քաղաքական տեխնոլոգները տհասներ են՝ բառիս լայն իմաստով: Ես սա ասել եմ նաեւ նախընտրական փուլում: Եվ այդքան մարդ որ ձայնը տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ նաեւ այդ տհասների շնորհիվ է. սա իմ խորին համոզմունքն է: Սա արդեն դիվանագիտություն չէ՝ զուտ քարոզչական, քաղաքական աշխատանք է տարվում: Իսրայել, որը Թուրքիայի հետ ունի բարեկամության ու համագործակցության մեծ պայմանագիր, որն ունի ռազմական համագործակցության գաղտնի մաս, եւ այս համաձայնագրին տարիներ շարունակ համառ կերպով ցանկանում է միանալ Ադրբեջանը: Իսկ եթե դա ստացվի՝ մենք կդառնանք մի գեղեցիկ «բուտերբրոդ»: Չգիտեմ՝ հայ քաղաքական միտքը, դիվանագիտությունն ո՞ւր է նայում:

Անդրադառնանք մյուս երկրների հետ հարաբերություններին: Մենք կարողացանք Սիրիայի հետ հարաբերություններն իջեցնել ժամանակավոր հավատարմատարի մակարդակին: Հարց է առաջանում՝ ինչի՞ համար: Ո՞վ է այս «խելոք» բաներն անում:

Թող վեր կենա՝ ասի Ուկրաինայում Հայաստանի դեսպանը (ես բոլորին սիրում եմ՝ իմ սերը նրանք են), բայց թող ասի՝ արդյոք այդ երկրի հետ մեր հարաբերությունները լա՞վ են, եւ ի՞նչ է ինքն արել դրանք բարելավելու համար: Ես կարծում եմ, որ վատ են. Ուկրաինան պաշտպանում է Ադրբեջանի բոլոր նախաձեռնությունները եւ անգամ տանկեր էր ժամանակին տալիս:

Եվ էլի՝ տեղեկատվություն խորհելու համար. կառավարության անդամները համազգեստներ հագան ու մտան խրամատ: Դրանից առաջ էլ ողջ քաղաքը ողողված էր «Իմ զենքը…» պլակատներով. «Իմ զենքը եկեղեցին է», «Իմ զենքը իմ սերն է», չգիտեմ՝ «Իմ զենքն իմ սեռն է»… Հիմա էլ Տիգրան Սարգսյանը նկարահանվում է՝ ատրճանակը ձեռքին: Դրանից առաջ էլ Ռոբերտ Քոչարյանը նկարահանվում էր «Կալաշնիկովը» ձեռքին: Այսինքն՝ անում ենք այնպիսի բաներ, որ ամրապնդենք մեր նկատմամբ զարգացող այն ստերեոտիպը, թե մենք ագրեսոր ենք: Մինչդեռ անգամ իրականում ամենառազմատենչ պետությունն է այսօր փորձում բոլորովին այլ կերպ ներկայանալ՝ գլոբալիզացիայի ֆոնի վրա: Ինչո՞ւ ենք մենք փորձում այսպե՛ս ներկայանալ:

Վերջին հաշվով, ներքին քաղաքականության համատեքստում, արդյոք այսօր մենք հնարավորություն ունե՞նք Ղարաբաղի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում հաջողություններ ունենալ, եթե պայթյունավտանգ է երկրի ներքաղաքական իրավիճակը: Չէ՞ որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության արտացոլումը եւ շարունակությունն է, ու մինչեւ ներքին խնդիրները չլուծվեն… Մեզ մոտ ամեն ինչը կարիք ունի համակարգային փոփոխության: Եվ այստեղ հարցը Սերժը, Լեւոնը կամ Ռոբերտը չեն. պիտի ենթարկվի համակարգային փոփոխության ամբո՛ղջը, որի մեջ մտնում է նաեւ արտաքին քաղաքականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել