Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՏԵԼ ԵՆՔ ՔԵԶ

Հուլիս 17,2008 00:00

ԵԿՄ Արաբկիր ջոկատի հրամանատար, գնդապետ, քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի 12-ամյա որդին նամակ է գրել մեկուսարանում գտնվող հորը: Ներկայացնում ենք կրճատումներով. «Բարեւ հայրիկ: Եթե չլիներ մեր Համաժողովրդական շարժումը, չլիներ քաղբանտարկյալ հասկացությունը, չէր լինի նաեւ այս նամակը: Հայրիկ, մենք բոլորս՝ մայրիկը, քույրիկները, հարազատներն ու ես, կարոտել ենք քեզ: Կարոտել ենք այն օրերը, երբ միասին էինք ապրում. միասին էինք արթնանում, ճաշում, զրուցում: Կարոտել ենք քո ծիծաղին: Կարոտել եմ այն օրերը, երբ միասին որսի էինք գնում: Ա՜խ, այդ չարաբաստիկ որսորդական փամփուշտները… Բայց կարոտս մի փոքր մեղմում է քո նկարը, որն ամեն օր տեսնում ենք Հյուսիսային պողոտայում, ուր դու բոլորին հավասար նստացույց ես անում: Երբ ես ծնվեցի, Արցախյան պատերազմն ավարտվել էր: Եվ բախտավոր եմ, որ չեմ զգացել քո բացակայությունը: Բայց այսօր էլ դժբախտ չեմ, թեեւ արդեն 5 ամիս է՝ տանը չես: Դժբախտ չեմ, որովհետեւ գիտեմ, որ այժմ էլ մասնակցում ես պատերազմին, որն ինչպես Արցախյանը՝ Ազատագրական է, եւ այս անգամ էլ հաղթած ես տուն վերադառնալու, քո վերադարձն է լինելու մեր Հաղթանակը: Բայց այսօրվա եւ Արցախյան պատերազմների միջեւ տարբերություններ կան: Եթե այն թշնամին արտաքին էր, ապա այժմ մեր մեջ է: Այն ժամանակ պատերազմը մղվում էր զենքով, այսօր մեր զենքերը մեր գաղափարներն են, փամփուշտները մեր խոսքերն են: Մեր Շարժումը կոչված է, որ երկրում հաստատվի Ազատություն, Բարոյականությունը, Հավասարությունը պետության օրենքների առջեւ: Քեզ եւ քո նմաններին կալանավորեցին, հայրիկ, բայց դուք տխրելու պատճառ չունեք, քանզի Ձեր բարի գործը շարունակողներ ունեք, այդ թվում՝ ես: Ես էլ քեզ պես պատրաստ եմ կալանավորվել՝ հանուն մեր ժողովրդի Ազատության, հանուն մեր հաղթանակի: Մենք կհաղթենք եւ կունենանք Երջանիկ Հայաստան, Ազատ եւ Արժանապատիվ Քաղաքացիներ, որովհետեւ, ինչպես ասացիր դատարանում՝ «Ոչ թե ուժն է ճշմարիտ, այլ ճշմարտությունն է ուժեղ»:

Քո գաղափարների կրող, քեզ արժանի քո որդի Մհեր Հարությունյան, նստացույցի մասնակից, 12 տարեկան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել