Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ռեժիսորը վերադարձել է

Հուլիս 17,2008 00:00

\"\"«Առավոտը» կրկին անդրադառնում է Սփյուռքի բուհերում ուսում առնող հայաստանցիներին: Հայրենիք է վերադարձել Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի այս տարվա շրջանավարտ Վարդան Վիրաբյանը՝ ստանալով երաժշտական թատրոնի ռեժիսորի մասնագիտություն, որն, ինչպես հայտնի է, դեֆիցիտ է մեզանում: «Առավոտը» հետաքրքրվեց՝ արվեստագետը ծրագրեր ունի՞ Հայաստանում, թե՞ արդեն ուսումնառությանը զուգընթաց «տեղավորվել» է ռուսաստանյան որեւէ թատրոնում: Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ իր դիպլոմային աշխատանքը Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում բեմադրած Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերան էր (ներկայացրել էր DVD տարբերակը), որը «գերազանց» է գնահատվել, իսկ հանձնաժողովի կազմում եղել են անվանի բեմադրիչներ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գ. Անիսիմովը, «Գելիկոն» օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Դ. Բերտմանը, արվեստի վաստակավոր գործիչ Ռ. Վիկտյուկը եւ այլք: Վ. Վիրաբյանն ասաց, որ մտադիր է ստեղծագործել հայրենիքում, եթե «բավարարված զգամ»: Նա փաստեց, որ ինչպես Երեւանում, այնպես էլ Մոսկվայում, բուհն ավարտելուց հետո չեն ապահովում աշխատանքով. «Ուսումնառությանս տարիներին որպես ասիստենտ աշխատել եմ ճանաչված բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Բարմակի հետ՝ Օրֆի «Խելացին», ինչպես նաեւ Սարյանի անվան օպերային ստուդիայում, դարձյալ ասիստենտի կարգավիճակով՝ Պուչինիի «Ծիծեռնակը» (բեմադրիչ՝ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյան) օպերաների բեմադրության վրա: Բեմ եմ բարձրացել նաեւ իբրեւ դերասան, խաղացել ՌԴ ժողովրդական արտիստ Իլյա Օլեյնիկովի հետ՝ իր սցենարով եւ ռեժիսուրայով բեմադրած «Մարգարե» մյուզիքլում, կատարելով ջութակահարի դերը»: Վ. Վիրաբյանն առաջին մասնագիտությամբ ջութակահար է, ավարտել է Երեւանի պետկոնսերվատորիան:

Նա մի հետաքրքիր դրվագ պատմեց. «Վերջերս Մոսկվայում տեղեկացա, որ ադրբեջանցի կոմպոզիտորներից մեկը գրել է «Ղարաբաղ» օպերա եւ բեմադրական աշխատանքներն իրականացնելու համար հրավիրել ոչ ավել-ոչ պակաս… Դմիտրի Բերտմանին: Իհարկե, վերջինս ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է, բայց էականը դա չէ: Ենթադրում եմ, որ հիշյալ օպերան հաստատ պատվեր է Ադրբեջանի կառավարության կողմից…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել