Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՎ՝ ՈՐՏԵՂ Է ՄԱՐԶՎՈՒՄ

Հուլիս 17,2008 00:00

Պեկինում կայանալիք ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է ընդամենը 23 օր:

«Առավոտը» ճշտեց, թե այս օրերին յոթ մարզաձեւերի մեր հանրապետության հավաքականներն ու անհատ մարզիկները որտե՞ղ են եւ ինչո՞վ են զբաղված: Որ 63 կգ քաշային ծանրորդ Մելինե Դալուզյանն ուսումնամարզական հավաքի է մեկնել Պոդոլսկ եւ մեր հինգ տղաները նրան միանալու են հուլիսի 21-ին, արդեն տեղեկացրել ենք:

Հունահռոմեական ըմբիշները ներկայումս հավաք են անցկացնում Մինսկում, իսկ ազատ ոճայինները՝ Բորժոմում: Երկու հավաքականները Երեւան վերադառնալու են հուլիսի 29-ին, իսկ Պեկին կմեկնեն օգոստոսի 5-ին:

Բռնցքամարտիկները Տաշքենդում անցկացրած ուսումնամարզական հավաքից պետք է վերադառնային երեկ: Նրանք նախապատրաստությունը շարունակելու են Աբովյան քաղաքում, իսկ մրցավայր կմեկնեն օգոստոսի 1-ին:

Հրաձիգ Նորայր Բախտամյանը գերադասել է նախապատրաստության վերջին փուլն անցկացնել Երեւանում ու միաժամանակ շարունակել մեջքի վնասվածքի ապաքինումը: Նա Խաղեր մեկնելու է հուլիսի 30-ին:

Ձյուդոիստ Արմեն Նազարյանը Հրազդանում է, իսկ Հովհաննես Դավթյանը՝ Գյումրիում: Նրանք հուլիսի 17-27-ը վերջին հավաքը կանցկացնեն Ծաղկաձորում եւ հուլիսի 30-ին կընկերակցեն Նորայր Բախտամյանին:

Նիզականետորդ Մելիք Ջանոյանը նույնպես նպատակահարմար է գտել առայժմ մարզումները շարունակել հարազատ Գյումրիում: Հուլիսի 20-ին նա մեկնելու է Ծաղկաձոր, այնուհետեւ կրկին վերադառնալու է տուն: Նրա համար տոմս պատվիրված է օգոստոսի 17-ին:

Արագավազորդ (100 մետր) Անի Խաչիկյանը օլիմպիական խաղերին մասնակցելու է «սպիտակ քարտով»: Նույն կարգավիճակն ունի նաեւ լողորդ Միքայել Քոլոյանը՝ 100 մետր ազատ ոճ: Եվ քանի որ այս երկուսից Խաղերում ակնկալիք չկան, նրանք մարզվում են Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել