Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մրցեցին դատապարտյալները

Հուլիս 17,2008 00:00

Երեկ «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում անցկացվեց հանրապետության քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների սեղանի թենիսի առաջնության եզրափակիչը:

Կանանց պայքարում մրցանակային եռյակը կազմեցին Աբովյանի ՔԿՀ դատապարտյալներ Քրիստինա Պետրոսյանը, Գոհար Կարապետյանը եւ Դիանա Հարությունյանը: Տղամարդկանց մեջ հաղթող դարձավ Կարեն Գաբրիելյանը («Կոշ» ՔԿՀ), որը վճռական պայքարում պարտության մատնեց «Սեւան» ՔԿՀ-ից Գեւորգ Մակիչյանին: Երրորդը Վարոս Շահբազյանն էր («Կոշ» ՔԿՀ):

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մրցանակակիրներին հանձնեց դիպլոմներ եւ նվերներ, իսկ եզրափակիչ մրցաշարին մասնակցած բոլոր դատապարտյալներին՝ նյութական մրցանակներ:

Մրցումների ավարտին նախարարը պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Վերջին շրջանում ՔԿՀ դատապարտյալների միջեւ մարզական միջոցառումներ հաճախակի են անցկացվում: Դրանք ինչ-որ ձեւով ներազդո՞ւմ են նրանց վրա:

– Անշուշտ: Եվ ես անձամբ համարում եմ, որ այս մրցումներն անհրաժեշտ են: Դրանք սոցիալ-հասարակական մեծ նշանակություն ունեն դատապարտյալների հոգեբանության վրա դրականորեն ներազդելու, նրանց հասարակություն վերադառնալը հնարավորինս մատչելի դարձնելու հարցերում: Հիմա մտածում ենք այսպիսի միջոցառումները ոչ միայն շարունակական դարձնելու, այլեւ դրանց նոր երանգներ հաղորդելու ուղղությամբ: Այդ նպատակով մենք նոր նախաձեռնություններ պետք է հանդես բերենք:

– Մարզաձեւերի ընտրությունը կատարվում է դատապարտյալների նախասիրություննե՞րը հաշվի առնելով, թե՞ պայմանների եւ գույքի առկայությունը:

– Ցավոք, առայժմ ստիպված ենք ավելի շատ առաջնորդվել երկրորդով: Դուք ներկա եք լինում միայն եզրափակիչներին: Բայց դրանից առաջ տեղերում անցկացվում են ներհիմնարկային ընտրական մրցումներ: Այդպես եղել է ինչպես այս անգամ, այնպես էլ շախմատի եւ ֆուտբոլի մրցումների ժամանակ: Սակայն նախատեսել ենք հետագայում բոլոր ՔԿՀ-ների համար նոր մարզագույք ձեռք բերել՝ ծրագիրն ավելի բազմազան դարձնելու համար:

– Հաջողակներին խրախուսելու մեջ, ասենք, պատժաչափի մեղմացում չի՞ նախատեսվում:

– Պատժի մեղմացումը նախարարից չի կախված: Գոյություն ունեն համապատասխան ընթացակարգեր: Սակայն մասնակիցներից նրանք, ովքեր կարգապահական տույժեր չունեն, այս մրցումները մեզ՝ համապատասխան անկախ հանձնաժողովներին, մարզիկների մասին դրական եզրակացություններ տալու հնարավորություն են տալիս, ինչը, իհարկե, իր իրավական հետեւանքները կարող է ունենալ:

– Դատապարտյալներին ՔԿՀ-ներից մրցավայր եւ ետ տեղափոխելը, անկասկած, հեշտ չէ: Առանձնապես վտանգավորներին, ցմահ դատապարտվածներին նման միջոցառումների մասնակցել թույլատրվո՞ւմ է:

– Իսկ ինչո՞ւ ոչ: Այդպիսի սահմանափակում չկա:

Հ. Գ. Մրցումերի ավարտին եզրափակիչ մրցաշարի մասնակից 30 դատապարտյալներին հարազատների հետ արտահերթ տեսակցության հնարավորություն ընձեռվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել