Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈ՞ՐԴ, ԹԵ՞ ՉՈՐՐՈՐԴ ՈՒԺ

Հուլիս 17,2008 00:00

Ինչպես արդեն նախապես կանխատեսվում էր, վերջին շրջանում թափ են հավաքում «երրորդ ուժի» կողմնակիցները

Այդ մասին մամուլում հպանցիկ անդրադարձներ եղել են, սակայն, նկատի ունենալով վերոհիշյալ աճը, հարկ ենք համարում մեկ անգամ եւս մի փոքր հանգամանորեն անդրադառնալ այդ հարցին:

Իմիջիայլոց, նշենք, որ «երրորդ» արտահայտությունը ստացել է բացասական երանգավորում, ինչպես, օրինակ՝ «երրորդ աշխարհ», «երրորդ դաս», «երրորդ ուղի» եւ այլն: Նախ՝ ինչ ասել է «երրորդ ուժ», իրոք օբյեկտիվորեն այն գոյություն ունի՞, կամ, ավելի ստույգ, կարո՞ղ է գոյություն ունենալ: Միանգամից ասենք, որ այդ հարցի պատասխանը միանշանակ բացասական է: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ երբ խոսում ենք իշխանություն-ընդդիմություն հարաբերության մասին, դրանց միջեւ որեւէ այլ ուժի անհրաժեշտություն չի կարող լինել՝ ըստ սահմանման: Տվյալ քաղաքական տարածությունում եւ քաղաքական ժամանակի տվյալ պահին կարող է գոյություն ունենալ միայն եւ միայն գործող իշխանություն եւ գործող ընդդիմություն: Իհարկե, եթե իշխանությունն ընդհանուր առմամբ հիմնականում միատարր է, ապա ընդդիմությունը կարող է լինել բազմաշերտ, բազմակողմանի, տարբեր երանգներով: Բայց, անկախ ամեն ինչից, դրանք միայն ու միայն կարող են լինել ընդդիմություն: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ այդ ընդդիմության շրջանակներում գործող որոշակի ուժեր կարող են ստանձնել շինծու ընդդիմության դերակատարություն եւ իրականում աջակցեն իշխանությանը, եւ, բնականաբար, դրանց համարել իրական ընդդիմություն՝ պարզապես չի կարելի: Հետեւաբար, որքան էլ խոսեն, այսպես կոչված «երրորդ ուժի» մասին, դա կարող է լինել միայն ու միայն կեղծ ընդդիմություն՝ ոչ ավելին: Իրականում՝ «երրորդ ուժի» ջատագովները ընդամենը կարող են հավակնել մոտ ապագայում կեղծ ընդդիմության դափնիներին:

Որ իշխանությունները սխալներ ունեն, դա ակնհայտ է, որ ընդդիմությունը սխալներ ունի, դա նույնպես ակնհայտ է, եւ որ երկու կողմին էլ քննադատում են, դա նույնպես բնական է եւ ինքնըստինքյան հասկանալի, առավել եւս, որ այդ երկու կողմն էլ ունեն նախատրամադրված ընդդիմախոսներ, այն էլ՝ քաղաքականության ոլորտում: Հետո՞ ինչ: Հետո այն, որ իշխանություններին քննադատողը ընդդիմությունն է, իսկ ընդդիմությանը քննադատողը՝ իշխանությունները: Իսկ մյուսները, որ քննադատում են ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին, պարզապես մարդիկ են, որոնք հետաքրքրվում են քաղաքականությամբ եւ քաղաքական շահեր չունեն, այսինքն՝ քաղաքական ուժ չեն: Իսկ եթե այդպիսի շահեր ունեն, ապա նրանք կամ մեկի կողմնակիցն են, կամ՝ մյուսի, այսինքն՝ «երրորդ ուժ» չեն: Բացի այդ, եթե կա «երրորդ ուժ», ապա ինչո՞ւ չի կարող լինել «չորրորդ ուժ», որը, օրինակ՝ դեմ է եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը, եւ «երրորդ ուժին»: Եթե այս տրամաբանությամբ ղեկավարվենք, ապա պետք է ենթադրենք, որ կարող է լինել նաեւ 5-րդ, 6-րդ եւ այլ ուժեր:

Ինչպես արդեն մամուլում նշվել է, այդ «երրորդ ուժի» ջատագովները, եթե անգամ թյուրիմացաբար, բայց անկեղծորեն հավատում են այդ գաղափարին, միեւնո՛ւյն է, արդյունքում քաղաքական առումով վերածվում են անբարոյականության:

Նախ եւ առաջ «երրորդ ուժի» կողմնակիցները ցանկանում են ի ցույց դնել իրենց խելացիությունը, քանզի իբր տեսնում են ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության բացասական կողմերը եւ աջ ու ձախ քննադատում են թե՛ մեկին, թե՛ մյուսին:

Երկրորդ՝ նրանք փորձում են ցույց տալ, որ իրենք չափազանց օբյեկտիվ են, եւ ճշմարտությունը իրենց համար վեր է ամեն ինչից: Երրորդ, որ իրենք քաջ են ու անվախ, չեն վախենում ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից, որովհետեւ քննադատում են ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին:

Ի՞նչ է սպասվում «երրորդ ուժի» կողմնակիցներին: Ապագա ընտրություններում, բնականաբար, նրանք կփորձեն ոչ թե իշխանության գալ, ինչին միշտ ձգտում է բնական ընդդիմությունը, այլ՝ ընդամենը ստանձնել իշխանության սպասարկուի դերակատարություն: Եվ իշխանությանը մնում է որոշ ժամանակ սպասել ու համեմատաբար ուժ կուտակած, ընտրազանգված ապահոված «երրորդ ուժի» կոնկրետ ջատագովներին հավաքագրել եւ ծառայեցնել իրենց նպատակներին:

Ներկա պայմաններում, երբ հստակված է քաղաքական դաշտը եւ ակնհայտ է, թե ով է իշխանությունը, ով՝ ընդդիմությունը, «երրորդ ուժի» կողմնակիցների ջանքերն արագորեն կդառնան առոչինչ:

«Երրորդ ուժ» չկա եւ չի էլ կարող լինել բնության մեջ, բայց, այնուամենայնիվ, քանի որ կան այդպիսի ուժերի ջատագովներ, նրանց առաջարկում եմ այդ ուժն անվանել որեւէ պայմանական անունով, օրինակ՝ «տիեզերական հավասարակշռության ուժեր», կամ «համազգային համերաշխության ուժեր», կամ «պայծառ ապագայի ուժեր» եւ այլն, եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031