Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական հուշարձանները՝ հարեւանների ձեռքում

Հուլիս 17,2008 00:00

Փորձագետների հավաստմամբ, Ադրբեջանում, Թուրքիայում եւ Վրաստանում դրանց անխնա են վերաբերվում

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եւ «Արմենիան ռեփորթըրի» թղթակից Թաթուլ Հակոբյանը: Երկու բանախոսներն էլ փաստեցին, որ Իրանը ՀՀ հարեւաններից ամենաբարեխիղճն է հայկական հուշարձանները պահպանելու առումով: Թ. Հակոբյանը հայտնեց. «Հուլիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված ծրարում էին Ատրպատականի հայոց 3 եկեղեցիների՝ Թադեի վանքի, Ծործորի եկեղեցու, Սուրբ Ստեփանոս նախավկայի վանական համալիրի անունները: Եթե Արաքսի ձախ ափին վերացվում են հայկական մշակույթի բոլոր հետքերը, օրինակ՝ Ջուղայի խաչքարերը, որոնց տեղում հրաձգարան կառուցվեց, աջ ափին՝ իրանական կառավարությունը հոգածությամբ վերանորոգում է հայկական հուշարձանները»:

Սամվել Կարապետյանը ներկայացրեց փաստեր Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին. «Այն հուշարձանները, որոնք գտնվում են մեքենա չտեսած վայրերում, համեմատաբար լավ են պահպանված, օրինակ՝ Վանից հարավ գտնվող գավառներում՝ Մոկսի, Խիզանի, Շատախի գյուղերում գտնվող հայկական հուշարձանները կանգուն են: Այսինքն, որոնք պետության ուշադրությունից վրիպել են՝ կանգուն են մնացել: ԽՍՀՄ տարիներին հուշարձանների մեծ մասը ոչնչացվել է պետական ծրագրով, օրինակ՝ Շիրակավանի եկեղեցին, Բագրեւանդի Սուրբ Հովհաննու վանքը եւ այլն»: Ապա ասաց. «Բաշկալուի շրջանում (Թուրքիայում), որտեղ Բարդուղիմեոսի նահատակության վայրն էր, ժամանակին եկեղեցի էր կառուցվել: Այն այժմ չկա՝ պայթեցվել է, իսկ տեղում ռազմական հենակետ է՝ փշալարերով պատված»:

Թ. Հակոբյանը հիշեց անցյալ տարի Վանի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման փաստը ու ցավով ասաց. «Զարմացա, որ այդ օրը հայկական կողմից բողոքի գործողություն չարվեց եւ մեր պատվիրակությունը թուրքական հիմնի հնչյունների ներքո նայում էր, թե ինչպես է, իբր, վերաբացվում եկեղեցին»:

Լրագրողներին հետաքրքրեց, թե ինչու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի մեջ չեն մտնում Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանները: Ս. Կարապետյանն այս առիթով նախ հիշեց ՀՀ-ում գտնվող հուշարձանների հետ կապված դեպքը. «Մի անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացուցիչներ էր ուղարկել Նորավանքի տարածքում գտնվող հուշարձանախումբ: Վերջին ոլորանից, որտեղից, վանքից բացի, երեւում է նաեւ ռեստորանը, նրանք չէին ցանկացել իջնել մեքենայից՝ ասելով, թե անելիք չունեն: Հաղպատի վանքն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ էր, բայց դուրս թռչելու վտանգ կար: Պատճառն այն էր, որ դրա պարսպին կից գյուղապետը ռեստորան էր կառուցել: Հուշարձանների պահպանության գործակալությունը դատը շահել էր, բայց չէր կարողանում վերացնել ռեստորանը»: Ս. Կարապետյանն անդրադարձավ Թուրքիայի տարածքում գտնվող Կարսի եկեղեցու «վերականգնմանը». «Դա խայտառակություն է, ավելի շատ վերակառուցում է, քանի որ վերականգնում՝ նշանակում է բերել նախնական տեսքի: Ծածկասալերից սկսած, աղաղակում են սխալները, դեկորատիվ շենք են դարձրել: Կարսի եկեղեցին այժմ գործում է իբրեւ մզկիթ»: Ըստ Ս. Կարապետյանի, Անին էլ ներկայումս թանգարանի կարգավիճակ ունի. «2005-ին Մայր տաճարի արեւելյան ճակատի հարեւանությամբ պեղումներ էին կատարվում, արշավախմբում էր հնագետ Անի Բլթյանը: Նա ասաց, որ հայտնաբերվել էին հայկական արձանագրությամբ հոգեւորականների տապանաքարեր: Թանգարանի կարգավիճակ ունեցող Անիում այս տարի դրանք տեսանք փշուր-փշուր արված, ոսկորները ցրված էին ողջ տարածքով: Թանգարանի աշխատակիցներն արդարացան, թե ժամը 18-ից հետո իրենք փակվում են, բայց, վստահաբար, հենց իրենք էլ արել էին դա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել