Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՑՔՍ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ Է»

Հուլիս 17,2008 00:00

\"\"Ասում է բաց տեսարաններով «աշխատող» ռեժիսոր Կատրին Բրեյան

Եվրոպական ամենասկանդալային կինոդեմքերից մեկը՝ սցենարիստ, դերասանուհի եւ ռեժիսոր Կատրին Բրեյան երեկ վարպետության դաս անցկացրեց Տիկնիկային թատրոնում: Նրան ներկայացնելիս ռեժիսոր Տիգրան Խզմալյանը խորհուրդ տվեց ֆրանսիացի ռեժիսորի հետ զրույցում լինել նույնքան անկեղծ եւ բաց, որքան նա է: Բրեյան պատմեց, որ կինոյով հետաքրքրվել է 12 տարեկանից: 17-ում գրել է առաջին վեպը «L\’ homme Facile», որը նրան ճանաչում է բերել: 1968-1975 թթ. հրատարակել է այլ գործեր, փոքրիկ դերով նկարահանվել է Բերնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմում: 1975-ին Բրեյան իբրեւ ռեժիսոր հանդես է եկել իր վեպերից մեկի հիման վրա նկարահանված «Իսկական աղջիկ» ֆիլմում: Ռեժիսորին հաջողություն է բերել հատկապես 1999-ին նկարահանած «Սիրավեպ» ֆիլմը՝ պոռնոաստղ Ռոկկո Սիֆրեդիի մասնակցությամբ:

Բրեյան պատմեց, որ կին լինելու պատճառով իրեն չի հաջողվել սովորել Ֆրանսիայի ազգային կինոյի դպրոցում, չնայած, նրա ձեւակերմամբ՝ մեծ հաշվով ոչինչ չի կորցրել. «Կինոն այն արվեստներից է, որ չեն սովորում… Կինոյով զբաղվել ցանկացողներին խորհուրդ կտամ պարտադիր մոնտաժի դպրոց հաճախել՝ ճիշտ զուգադրումներ անելու համար»: Ասաց նաեւ, որ անչափ սիրում է համր կինոն, որտեղ, նրա բառերով՝ կարեւորը պատկերի ճարտարապետությունն է՝ գեղեցիկ ու ճշմարտացի լինելը. «Ես համաձայն չեմ, որ ինձ անվանում են ռեժիսոր, որովհետեւ ոչ թե ֆիլմ եմ նկարում, այլ աշխատում եմ նրա վրա, երբ արդեն պատրաստ է… Յուրաքանչյուր տեսարան մեկ անգամ եմ նկարում, որովհետեւ միայն մեկ անգամ կարելի է որսալ «հրաշագործ» կադրը»,- ասաց Բրեյան: Հետո էլ հավելեց. «Ես ուզում եմ, որ հանդիսատեսը կառչած լինի էկրանից եւ հնարավորություն չունենա ոչ մի տեղ փախչելու…դրա համար շատերը կա՛մ պաշտում են իմ կինոն, կա՛մ այն իրենց համար անտանելի է: Իմ արվեստը շատ ինտիմ է, իսկ դա բավականաչափ կոպիտ է թվում, որովհետեւ իրերին նայում եմ մանրադիտակով: Դերասաններիս ասում եմ, որ եթե սիրային տեսարան կա, իմ հայացքը լինելու է նրանց մարմինների արանքում: Ֆիլմերս արված են այն մարդկանց համար, ովքեր ուզում են բոլորովին միայնակ դրանք դիտել՝ առանց ուրիշների ներկայության, որպեսզի ոչ ոք չտեսնի, թե ինչ են զգում այդ պահին…Նման տեսարանների վրա աշխատելիս իմ դեմքն էլ եմ թաքցնում դերասաններից: Իմ ֆիլմերում նրանք ոչ թե իրենց մարմինները՝ միմյանց, այլ ֆիլմի՛ն են տալիս: Այդ ֆի՛լմն է վերցնում նրանց: Եվ ինձ դուր է գալիս, որ դրանից հետո նրանք ատում են իրար…»: Իր կինոգեղագիտությանը խեթ նայողներին Բրեյան ասում է. «Ես չեմ հանդուրժի, որ որեւէ մեկն ինձ ասի՝ դա արգելված է: Ինձ համար անհասկանալի է, ինչո՞ւ, երբ բեմադրիչը նկարում է սրճարանում սուրճ խմող զույգի, բեմադրիչ է, իսկ երբ նրանց սիրո բաց տեսարանն է նկարում, դադարում է այդպիսին լինելուց… Ի վերջո, աշխարհի բոլոր թանգարանները լիքն են մերկ մարմինների պատկերներով: Այնպես որ, չեմ հանդուրժի գրաքննություն այն ամենի հանդեպ, ինչի տակ դնում եմ իմ ստորագրությունը»:

Հաճախ Բրեյայի ֆիլմերին ֆեմինիստական աստառ են տալիս: Իսկ նա համաձայն չէ դրա հետ: «Արվեստն ու ֆեմինիզմը համահունչ չեն: Եթե որոշեի ֆեմինիստ լինել, քաղաքականությամբ կզբաղվեի»,- ասում է ռեժիսորը:

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Հայաստան են բերվել Կատրին Բրեյայի «Սիրավեպը» (1999թ.) եւ «Հին սիրուհին» (2007թ.): Առաջինը պատմում է մի ուսուցչուհու մասին, որը թեեւ սիրեցյալի հետ նույն անկողնում է քնում, բայց չի կարողանում սեքսուալ ցանկությունները բավարարել ու ինչ-ինչ ուղիներ է փնտրում՝ անընդհատ մի վտանգավոր իրավիճակից մյուսի մեջ ընկնելով: «Հին սիրուհին» էլ ֆրանսիական արիստոկրատիային պատկանող անառակ երիտասարդի ու առաքինի կնոջ մոտալուտ ամուսնության, նրանց շուրջ պտտվող ասեկոսեների եւ այլնի մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031