Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն վստահում կենտրոնացված եւ միասնական քննություններին

Հուլիս 17,2008 00:00

ՀՀ միջպետական բուհերը կազմակերպում են սեփական քննություններ

Շուտով կմեկնարկեն բուհական ընդունելության կենտրոնացված քննությունները: Սակայն ՀՀ-ում կան բուհեր, որոնք չեն «ենթարկվում» ընդունելության այդ համակարգին: Դրանք միջպետական համալսարաններն են, օրինակ՝ Սլավոնականը, Ֆրանսիականը, որոնք ընդունելության քննություններ կազմակերպում են բուհի ներսում: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, քանի որ այդ բուհերի հիմնադիրները ՀՀ եւ տվյալ երկրի կառավարություններն են, ինքնուրույն ընդունելության քննություններ կազմակերպելը նախատեսվում է բուհերի կանոնադրությամբ, որը հաստատել է ՀՀ կառավարությունը:

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ուսումնական մասի պետ Վլադիմիր Բոնդարենկոն դա այսպես պատճառաբանեց. «Շատ ենք գնահատում մեր քննությունները եւ ճիշտ ենք համարում, որ դրանք ինքներս անցկացնենք, մանավանդ միասնական քննությունները ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում շատ թերություններ ունեն»: Հետաքրքրվեցինք, թե որո՞նք են դրանք: «Եթե միանանք միասնական համակարգին, կստանանք բարձր միավորներով ահռելի քանակով մարդիկ, որոնց միավորներին չենք հավատա, մյուս կողմից էլ այդքան տեղ չենք ունենա, որ ընդունենք: Իսկ մեզ մոտ 20 միավորը հազվագյուտ է: Մյուս խնդիրն այն է, որ քննությունը ազնիվ լինի, թեստերը հայտնի չլինեն, որ մարդիկ քննություններից դուրս գալուց հետո տարօրինակ բաներ չխոսեն»,- պատասխանեց Վ. Բոնդարենկոն եւ չբացառեց, որ գուցե 1-2 տարի հետո ընդունեն մաթեմատիկայի պետական միասնական քննության արդյունքները, մյուս տարվանից՝ օտար լեզվինը, պատմությանը: «Մի պահ կգա, երբ մեզ կպարտադրեն»,- մտավախություն ունի ուսումնական մասի պետը: Քանի որ վերջինս քննադատեց միասնական համակարգը, հետաքրքրվեցինք, թե իրենց բուհո՞ւմ ինչպես են անցկացնում ընդունելության քննությունները: «Դա անում ենք հիմնականում թեստային համակարգով, հնարավորինս քիչ ընդգրկելով մասնագիտական հանձնաժողովներ: Դիմորդները հանձնում են ռուսերեն թելադրություն, պատմության թեստ: Մշակվում է թեստի սխեման, որը «լցվում» է տվյալների բազայում կուտակված ինֆորմացիայով: Երեխան լսարանում լրացնում է պատասխանների թերթիկը, որը մուտքագրվում է համակարգիչ, ինչից հետո դիմորդը ստանում է իր գնահատականը: Թեստային են նաեւ օտար լեզվի, մաթեմատիկայի, պատմության քննությունները: Պատմության թեստերը ստեղծվեցին մեծ վեճի արդյունքում, քանի որ շատ մասնագետներ կարծում էին, որ այդ առարկայի քննությունը չի կարելի թեստային դարձնել»,- հնչեց պատասխանը: Սլավոնականում ընդունելության քննություններ կկազմակերպվեն հուլիսի 20-ից, գործերը կընդունվեն մինչեւ հուլիսի 19-ը: «Քննությունը կազմակերպում ենք մեկ շաբաթում, որ մեծ քննարկման առիթ չտա: Խնդիրներ են առաջանում օբյեկտիվության պահպանման առումով: Օրինակ՝ մի քննությունը ժամը 8-ին է սկսում, մյուսը՝ 10-ին կամ 12-ին: Ծնողները դժգոհում են, թե 12-ին շոգ է: Ստիպված ենք բոլոր ժամերին քննասենյակում նույն կլիման ապահովել: Խնդիրներ կան նաեւ բժշկի թղթերի հետ կապված: Լուրջ հետազոտությունից հետո հաճախ պարզվում է, որ դրանք շինծու են: Ուստի վերջին տարիներին վերացրել ենք այդ կարգը: Դիմորդները գիտեն, որ չեն կարող ուրիշ օր քննություն հանձնել, քանի որ մեզ մոտ ամեն քննություն մեկ օր է կազմակերպվում: Ծայրահեղ դեպքում, եթե տվյալ օրը դիմորդը հիվանդ է, պիտի ամենաուշը մյուս օրը ներկայանա: Չի կարող հինգ օր հետո ինչ-ինչ բաներ անելուց հետո ներկայանալ»,- զգուշացրեց Վ. Բոնդարենկոն:

Այնուամենայնիվ, միջպետական բուհերի որոշ պոտենցիալ դիմորդների վախեցնում է այն, որ այս բուհերը ընդունելության քննություն են անցկացնում ինքնուրույն՝ առանց ԿԳ նախարարության հսկողության: «Ես որոշել էի դիմել Սլավոնական, սակայն հետո իմացա, որ այնտեղ քննությունը տեղում են կազմակերպում: Ճիշտն ասած՝ մի քիչ կասկածեցինք, որ ամեն ինչ արդար կլինի: Դրա համար դիմեցի ԵՊՀ»,- «Առավոտին» ասաց դիմորդ Դիմա Հովհաննիսյանը: Իսկ պարոն Բոնդարենկոն ասաց. «Մեր ծնողները շատ լավ ծանոթ են կարգին, «բաց դռների օրը» նրանց բացատրում ենք ամեն ինչ»: Հետո հավելեց. «Կարծում եմ, որ հայաստանյան բուհերը կարող են շատ ավելի լավ կազմակերպել ընդունելության քննություն եւ ընտրել իրենց ապագա ուսանողներին, քան կենտրոնացված կամ միասնական համակարգը»:

Իսկ ըստ Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) կայքէջի՝ www.ufar.am-ի, գործերի ընդունման ժամկետը հունիսի 11-ից հուլիսի 11-ն է, գրավոր քննությունները՝ հուլիսի 15-19-ը, բանավորը՝ հուլիսի 25-29-ը: Վերջնական արդյունքների հրապարակումը՝ հուլիսի 30-ին: Գրավոր քննություններ են հանձնում հայերեն, օտար լեզուներից, անցուդարձի իմացությունից, մաթեմատիկայից եւ իրավունքի հիմունքներից:

Այդ փուլից առնվազն 120 միավոր վաստակողները միայն կարող են մասնակցել բանավորին՝ հանձնելով հայոց եւ օտար լեզուներ: Կայքէջի «Հաճախակի տրվող հարցեր» բաժնում գրված է, որ կենտրոնացված համակարգում հանձնած քննությունների արդյունքները հաշվի չեն առնվում, եւ դիմորդն անպայման պիտի հանձնի ՀՖՀՀ-ում սահմանված ընդունելության քննությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031