Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունքի» ընթերցողները շփոթվո՞ւմ են

Հուլիս 17,2008 00:00

Հայկ Բաբուխանյանը համոզված է, որ «Իրավունք de facto»-ն իրենց՝ տարիների ընթացքում հավաքած լսարանը գողանում է:

«Տեսակետ» ակումբի կողմից հրատարակվող «Իրավունք de facto» թերթը շփոթության աստիճան նման է «ՍԻՄ» կուսակցության պաշտոնաթերթին՝ «Իրավունքին»: Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում նման համոզմունք հայտնեց «ՍԻՄ»-ի նախագահ Հայկ Բաբուխանյանը: Հանձնաժողովը կուսակցության դիմումի հիման վրա վարույթ է հարուցել: Հայկ Բաբուխանյանի ներկայացմամբ, իրենք բազմաթիվ տարիներ է՝ տպագրում են «Իրավունքը», որն արդեն ունի իր «բրենդը» եւ այդպես է լսարան գրավում. «Փաստորեն, որոշ մարդիկ մեր տարիների աշխատանքը ցանկանում են դնել իրենց գրպանը: Ընթերցողներից շատերը, թերթի վրա տեսնելով «Իրավունք» բառը, կարծում են, որ դա մեր թերթի հավելվածներից է, քանի որ մենք ունենք «Իրավունքի» հավելվածներ՝ «Հարց ու պատասխան», «Հետաքննություն», որի պատճառով այդ թերթը գնում են: Շատ ընթերցողներ զանգում են մեզ եւ հարցնում՝ այս ի՞նչ եք գրել: Հետո պարզվում է, որ նրանք իրականում կարդացել են «Իրավունք de facto»-ն: Մենք մեր գործը թողած, զբաղված ենք բացատրական աշխատանքներով: Գուցե «Իրավունք de facto»-ի հեղինակները քաղաքական նպատակներո՞վ են դա արել, բայց նշեմ, որ այդ թերթի պատճառով մենք արդեն ե՛ւ բարոյական, ե՛ւ ֆինանսական վնասներ ենք կրել, քանի որ մեր թերթի տպաքանակը պակասել է»:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն, ի պատասխան Հ. Բաբուխանյանի ելույթի, ասաց, որ նրանց տպագրած թերթն էլ «Իրավունք» չէ, այլ՝ «Իսկական իրավունք»: «Այդ «Իսկականը» մեզ հետ կապ չունի: Մեր թերթի վրա գրված «Իսկականը» մեր նշանաբանն է՝ «Իսկական թերթ՝ իսկական մարդկանց համար»,- պատասխանեց Հ. Բաբուխանյանը:

«Տեսակետ» ակումբի փաստաբան Նիկոլայ Հակոբյանը հայտնեց, որ «Իրավունք de facto» թերթը ստեղծելիս «Տեսակետը» նպատակ չի ունեցել նմանակելու «Իրավունքին», պարզապես այդ անվանումն օգտագործելով՝ իրենք բառերի իմաստն են հաշվի առել. «Այդ կասկածները ցրելու համար մենք պատրաստ ենք որեւէ նմանություն վերացնել, օրինակ՝ «de facto» բառն ավելի մեծացնել, իսկ «Իրավունքի» ծավալները՝ փոքրացնել»: Լսելով կողմերին, Ա. Շահնազարյանն ասաց. «Հնչողության տեսակետից այս անվանումներն իրար նման են, եւ մենք սա դիտարկում ենք որպես անբարեխիղճ մրցակցություն»: Հանձնաժողովի անդամները միաձայն որոշեցին «Տեսակետին» 20 օր ժամանակ տալ նմանությունները վերացնելու համար: Որոշումը կայացնելուց հետո Հ. Բաբուխանյանը եւս մեկ խնդրանքով դիմեց հանձնաժողովին. «Թող «Իրավունք de facto»-ն իր անվանումը փոխի, եթե «Իրավունք» բառից հետո որեւէ բան է գրվում՝ շփոթություն է առաջացնում»: Պարոն Շահնազարյանի հարցին՝ «Իսկ եթե «Իրավունք» բառից առաջ որեւէ բա՞ն գրվի»: Հ. Բաբուխանյանն իր ասածը հիմնավորելու համար օրինակ բերեց. «Կա, չէ՞, «Իմ իրավունքը» եւ բոլորը գիտեն, որ դա մեզ հետ կապ չունի»:

Երեկ հանձնաժողովը որոշեց նոր վարույթ հարուցել նաեւ «Գեղարդ» մսամթերքի կոմբինատի կողմից իրենց ապրանքների գների բարձրացման համար: Նշենք, որ հանձնաժողովը նախորդ վարույթը հարուցել է «Առավոտի» (18.04.08) հրապարակման հիման վրա՝ արձանագրելով, որ «Գեղարդը» ընդամենը մի քանի օրում իր ապրանքը կտրուկ թանկացրել է: Հանձնաժողովը պետք է կիսամյակի կտրվածքով ուսումնասիրություններ անի՝ պարզելու, թե ընկերությունն ինչո՞ւ է գինը չհիմնավորված բարձրացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել