Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հուլիս 17,2008 00:00

\"\"Որպեսզի մեր լավագույն մասնագետները չլքեն երկիրն ու աշխատեն օտարերկրացիների համար, գործարարները պետք է

մարդկային կապիտալի շուկայում ներդրումներ անեն:

Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած ուսանողներից շատերն այսօր գերադասում են աշխատել արտերկրում, քանի որ ավարտելով՝ տարիներով համապատասխան աշխատանք չեն գտնում, իսկ գտնելու դեպքում այնքան չնչին վարձատրություն են ստանում, որ մի քանի տարի շարունակ չեն կարողանում հետ ստանալ անգամ ուսման վրա ծախսած գումարները:

Արտերկրում մեր մասնագետները հիմնականում կարողանում են իրենց մտավոր ունակությունների հաշվին բավականին մեծ գումարներ վաստակել, ինչի պատճառով այսօր մեր երկրի հարյուրավոր գիտնականներ, մտավորականներ ու գործարարներ ապրում ու աշխատում են արտերկրում: Տնտեսագետների հավաստմամբ, մեր երկիրը դուրս կգա այս վիճակից միայն այն ժամանակ, երբ գործարարները հասկանան, որ պետք է գումարներ ծախսեն եւ իրենց համար մասնագետներ պատրաստեն, վստահ լինելով, որ տարիներ հետո հենց այն մարդիկ, որոնց կրթության կամ վերապատրաստման համար իրենք փողեր են ծախսել, կապահովվեն բարձր աշխատավարձով եւ լավ ու գրագետ աշխատանքով կնպաստեն իրենց իսկ բիզնեսի զարգացմանը: Այսօր Հայաստանում ընդամենը մի քանի ընկերություններ են նման ներդրումներ անում: Փորձագետների հավաստմամբ, դրա պատճառն այն է, որ հայ գործարարները պարզապես կորպորատիվ կառավարման մշակույթ չունեն, ինչի հետեւանքով տասնյակ խնդիրներ են առաջանում՝ բիզնեսը նորմալ չի զարգանում, իսկ մտավոր կարողություններ ունեցողները երկիրը լքում են:

«Ռադվան տեխնոլոգիա» ընկերության փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հախվերդյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ մեր երկրում պրոֆեսիոնալ մասնագետների պակաս կա. «Աշխարհում ընդունված է այն մեխանիզմը, որ ընկերության սեփականատերը եւ մենեջերը տարանջատված են: Մենեջերները պրոֆեսիոնալ կադրեր են եւ զբաղվում են ընկերության գործադիր կառավարմամբ ու ընթացիկ հարցերի լուծմամբ: Դժբախտաբար, Հայաստանում այդ մեխանիզմի ձեւավորման նշույլները հազիվ են զգացվում: Այսինքն՝ մեր երկրում կա այնպիսի արհեստավարժ մենեջերների պակաս, որոնք պետք է որոշեն եւ սեփականատերերին առաջարկեն՝ որտեղ եւ ինչպես կատարել ճիշտ ներդրումներ: Մեր պարագայում սեփականատերն ու մենեջերը հիմնականում նույն մարդիկ են»: Բացի այդ, ըստ պարոն Հախվերդյանի, թեեւ աշխարհում ամենաշահութաբեր ներդրումներից մեկը մարդկային կապիտալի ներդրումն է, սակայն մեր գործարարները դեռեւս համոզված չեն, որ այն իսկապես եկամտաբեր է: Դ. Հախվերդյանի ներկայացմամբ, մեր երկրում կա ոչ միայն մենեջերների, այլեւ ընդհանրապես բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց «դեֆիցիտ». «Օրինակ, բնական գիտությունների եւ ճարտարագիտության մասնագիտությամբ բուհ ընդունվածների քանակը ընդհանուրի մեջ կազմում է շուրջ 6,5%, որից բնական գիտությունների գծով՝ ընդամենը 0,34%, իսկ վերապատրաստված բարձր որակավորում ունեցող մասնագետների քանակը կազմում է 16,5%»:

«Ուղեղների արտահոսքի» վերաբերյալ «Առավոտի» հարցին փորձագետը պատասխանեց. «Մենք իսկապես ինտելեկտուալ հզոր կադրեր ենք կորցրել: Սակայն ամեն ինչ կորած չէ, դեռ կա մասնագետների մի ստվար խումբ, որ հանուն գաղափարի դեռ մնացել է եւ վաղն արդեն նրանց համար էլ կարող է ուշ լինել: Հենց այսօր պետք է կատարվեն ներդրումներ, որպեսզի մարդիկ կարողանան մեր երկրում իրացնել իրենց մտավոր ներուժը՝ նպաստելով տնտեսության զարգացմանն ու իրենց իսկ բարեկեցությանը»:

Նշենք նաեւ, որ մինչ օրս Հայաստանում չունենք վենչուրային հիմնադրամ, այսինքն՝ այնպիսի կառույց, որը կարողանա ֆինանսավորել առավել ռիսկային նախագծերը, ինչը եւս դժվարացնում է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ մարդկային կապիտալում, ներդրումների հավանականությունը: Էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանի հավաստմամբ, օտարերկրացի մեծահարուստները 2-3 մլն դոլարանոց նախագծի մասին չեն էլ ուզում լսել, նրանց հետաքրքրում են առավել խոշոր՝ 30-40 միլիոնանոց ներդրումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել