Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվել են քավության նոխազներ

Հուլիս 17,2008 00:00

Փորձեր են արվում մարտի 1-ի զոհերի մահվան մեղքը փաթաթել շարքային զինծառայողների կամ սպաների վզին:

Օրերս, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտարարել էր, թե «պարզվել է այն ոստիկանների շրջանակը, ովքեր մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հատուկ միջոց են կիրառել, ինչի արդյունքում զոհվել է երեք մարդ»: Նրա մատուցմամբ՝ ըստ նախաքննական մարմնի, նման հատուկ միջոց (արցունքաբեր գազ՝ «չերյոմուխա») կիրառել է չորս ոստիկան, եւ դեռ հարկավոր է պարզել, թե նրանցից ովքեր են եղել այն երեքը, որոնց կողմից այդ հատուկ միջոցի օգտագործումը դարձել է 3 անձի մահվան պատճառ: Համաձայն պաշտոնական աղբյուրի, մահացած անձանց մարմիններից հանվել են «չերյոմուխայի» մասնիկները, որոնց նույնացում պետք է կատարվի»: Ս. Տռուզյանի ասելով, գնահատական կտրվի «չերյոմուխան» կիրառած «ոստիկաններից յուրաքանչյուրի գործողությունների օրինականությանն ու համաչափությանը»:

ՀՀ ոստիկանության Ներքին զորքերին մոտ կանգնած «Առավոտի» աղբյուրները մտահոգություն ունեն, որ իշխանությունները, միջազգային կառույցների ճնշման տակ, ստիպված են լինելու մարտի 1-ին այդպիսի զենք եւ այլ հատուկ միջոցներ կիրառած զինծառայողներից ոմանց «զոհել» իբրեւ քավության նոխազներ՝ դրսին ցույց տալու համար, որ իշխանությունները պատրաստ են պատժել նաեւ մարդկանց մահվան պատճառ դարձած 3-4 ոստիկանների: Սա այն դեպքում, երբ, մեր աղբյուրների մատուցմամբ, արտակարգ իրավիճակներում որեւէ գործողության մեկնելուց առաջ որեւէ տեսակի զենք կամ հատուկ միջոց զինծառայողներին բաժանվում է միմիայն դրանք կիրառելու ձեւերի վերաբերյալ կոնկրետ հրաման ստանալուց հետո: Ընդ որում, գործողության մեկնող խմբի անդամներից յուրաքանչյուրին առանձին կցվում են զենքի կամ հատուկ միջոցների կոնկրետ տեսակներ, մինչեւ «դեպքի վայր» մեկնելը զինծառայողներից յուրաքանչյուրին խմբի ղեկավարը պարտավոր է լրացուցիչ «ինստրուկտաժ» անել՝ ինչպես կցված զենքի օգտագործման պայմանների, այնպես էլ այդ զենքի կիրարկման մասին: Ասել է թե՝ մարտի 1-ի «օպերացիային» մասնակցած յուրաքանչյուր զինծառայող պիտի որ հրաման ստացած լիներ՝ ինքը իրեն կցված զենքով կրակելու է թիրախին սպանելո՞ւ, թե՞ վիրավորելու կամ ընդամենը խուճապի մատնելու նպատակով: Պաշտոնական աղբյուրի վկայակոչած կոնկրետ հատուկ միջոցը՝ «չերյոմուխան», այլ կերպ մասնագետներին հայտնի է «KC 23» անունով, որն արցունքաբեր գազ է, մոտավորապես որսորդական հրացանի փամփուշտի նմանություն ունի՝ մոտ 15 սմ երկարությամբ, հիմնականում օգտագործվում է զանգվածային անկարգությունները կանխելու կամ ցրելու նպատակով՝ հեռվից կրակելու համար: Այդ զենքն օգտագործման իր պայմաններն ունի. եթե ոստիկանը մարդ սպանելու հրաման չունի, ապա դրանից կրակում է որոշակի անկյան տակ: Այդ դեպքում «KC 23»-ի փամփուշտը նախ՝ շուրջ 50 մետր տարածք օդով է անցնում եւ հետո միայն բացվում է ու արցունքաբեր գազ է արտադրում, ինչը, սկզբունքորեն, անվտանգ է մարդու կյանքի համար: Ու միայն ուղիղ գծով այդ փամփուշտն արձակելու դեպքում կարող է մահացու լինել: Վարկած կա, թե «չերյոմուխան» կարող էր «մահացու» լինել փամփուշտների ժամկետանց լինելու հետեւանքով: Մեր աղբյուրն արժանահավատ չհամարեց սա, ասելով, որ նախ՝ ժամկետանց փամփուշտներ օգտագործելն էլ հանցանք է պատկան մարմինների կողմից, երկրորդ՝ փամփուշտներն այնպիսի պայմաններում են պահվում, որ փչանալու հնարավորությունը գրեթե բացառվում է: Հարցն այն է, թե մարտի 1-ին ո՞վ է այդ «անվտանգ» «չերյոմուխան» թիրախին սպանելու եւ ուղիղ գծով արձակելու հրաման տվել, որովհետեւ, «Առավոտի» տեղեկություններով, մարտի 1-ի զոհերից գոնե երկուսի դեպքում այդ «չերյոմուխան» արձակվել է ուղիղ թիրախների գլխին: Առանց հրամանի ոչ մի զինծառայող չէր կարող նման ինքնագործունեություն ծավալել, առավել եւս, որ, ըստ մեր աղբյուրի, այդ օրը ոստիկանության զորքերը ոչ միայն «KC 23», այլեւ մարտական զենքեր են օգտագործել: Ասել կուզենք՝ մարտի 1-ի զոհերի պատասխանատուին պետք է փնտրել ոչ թե շարքային զինծառայողների կամ ենթասպաների մեջ, այլ՝ ավելի «վերեւներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել