Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՆԹԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔ ԷՐ»

Հուլիս 17,2008 00:00

\"\"Մարտի 1-ի գիշերը Շանթ Հարությունյանի ելույթն այսպես է բացատրում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»

կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը:

– Որքան մեզ հայտնի է՝ Դուք էիք առաջարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, որ Վարդաշեն ՔԿՀ-ում հանդիպի նաեւ Շանթ Հարությունյանին: Համարում եք, որ նա ե՞ւս քաղբանտարկյալ է:

– Թոմաս Համմարբերգի հետ հուլիսի 13-ի հանդիպման ժամանակ ես խորհուրդ տվեցի, որ եթե կարող է՝ թող հանդիպի Շանթ Հարությունյանին: Պատճառն այն է, որ սա դասական դեպք է՝ Շանթ Հարությունյանը որեւէ գործողություն չի արել, մինչեւ մարտի 1-ը քաղաքական որեւէ ակտիվություն չի դրսեւորել՝ ո՛չ հանրահավաքներ է կազմակերպել, ո՛չ ելույթ ունեցել: Ինքն այսօր բանտում է, ու նրան մեղադրանքներ են առաջադրված զուտ խոսքի՝ մարտի 1-ի գիշերն ունեցած ելույթի համար:

Մարտի 1-ից հետո շատ եմ հանդիպել Շանթ Հարությունյանին, ու շատ ենք քննարկել այդ օրը ու դրանից առաջ կատարվածը: Նա ինձ պատմել է, որ մինչ այդ հանրահավաքներում ելույթ չունենալով՝ այդ օրն էլ ինքը նպատակ չի ունեցել ելույթ ունենալու: Սակայն երբ կրակոցներ ու ընդհարումներ են սկսվել՝ մարդկանց մոտ խուճապային տրամադրություն է առաջացել, ու հնարավոր էր, որ հրմշտոց առաջանար ու զոհերի քանակը մեծ լիներ՝ այդ ժամանակ նա միանգամից բարձրացել է հարթակ: Շանթն ինձ պատմում էր, որ այդ ժամանակ խոսելիս է եղել Նիկոլ Փաշինյանը, որը կրակոցներից հետո մի պահ իրեն կորցրել է, եւ ինքը նրան ասել է՝ ինչ ուզում ես՝ խոսիր, ինչ մտքովդ անցնում է՝ խոսիր, որ մարդկանց ուշադրությունը գրավես, ու խուճապ չլինի: Ըստ իր պատմածի՝ ինքը խլել է Նիկոլի ձեռքից խոսափողը ու սկսել խոսել: Ասել է՝ ինչ մտքին եկել է, եւ իր միակ նպատակն այն է եղել, որ մարդիկ հանգստանան ու չվախենան կրակոցներից: Եվ Շանթի պատմածով՝ ինքն իր նպատակին հասավ, եւ այդ վտանգը անցավ:

– Խոսափողը Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնելուց հետո Շանթ Հարությունյանը մասնավորապես հայտարարել էր. «Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում մի անգամ վեր է կենում թագավորների ու սուլթանների դեմ, դուրս է գալիս փողոց ու, թեկուզեւ հազարավոր զոհերի գնով՝ նվաճում է քաղաքացու իրավունքը»: Կարծում եք, թե նախաքննության մարմինը սա կգնահատի իբրեւ մարդկանց հանգստացնելո՞ւ կոչ:

– Շանթն ինձ պատմում էր, թե ինքը մի քանի կարեւոր միտք է հայտնել այդ հանրահավաքում: Մասնավորապես՝ համեմատություններ է արել ֆրանսիական հեղափոխության հետ, թե ճիշտ է՝ շատ վատ է, որ զոհեր են լինում, սակայն պատմության տրամաբանությունը երբեմն հանգեցնում է այնպիսի վիճակների, որ զոհեր են լինում: Չարդարացնելով այդ զոհերը՝ պետք է նշել, թե երբեմն այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ զարգացումը հնարավոր չէ առանց զոհերի: Նա պատմական մեջբերումներ էր արել՝ բացարձակապես նպատակ չունենալով, որ այդ օրը նույնպես լինեն զոհեր: Ընդգծեմ, որ նա կրակոցներից հետո նոր է սկսել ելույթ ունենալ: Այսինքն՝ իր ելույթներով չէր կարող հրահրել, որ սկսվեն ընդհարումներ:

– Նրա ելույթի պարզաբանման ամենաշատը կարոտ արտահայտությունը թերեւս վերաբերում է խանութների թալանին, երբ Շանթ Հարությունյանը հայտարարել էր, թե հայ հասարակության ամենատարբեր շերտերն առիթից օգտվելով՝ փորձում են պատժելու այս գործողություններին մասնակցություն բերել. «Եվ եթե նույնիսկ այդ օլիգարխների խանութներն են թալանում՝ դա երեւի, ըստ երեւույթին, նրանք գողություն չեն անում՝ իրենց պատժի ձեւն է, որ զզվեցրել են ողջ ժողովրդին»: Այսպիսով նա փաստորեն ընդունե՞լ էր, թե այդ գործողությունների պատասխանատուն ընդդիմությունն է:

– Ես նորից անդրադառնամ մարտի 1-ից հետո Շանթի մեկնաբանություններին, որոնք ընդգծեմ՝ մամուլի համար չեն եղել. դրանք մեր ընկերական հանդիպումների, անկեղծ խոսակցությունների արդյունքն են:

Նա այսպես էր նկարագրում, թե Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաքի ընթացքում մարդիկ տեղյակ չէին, որ Մաշտոցի պողոտայում ինչ-որ խանութների վրա հարձակում է եղել ու թալան: Շանթը պատմում էր ինձ, որ անընդհատ մարդիկ էին գալիս, որոնք ասում էին, թե Մաշտոցի պողոտայի վրա արդեն մի երկու խանութ է թալանվել. նրանք հանրահավաքի հետ կապ չունեին, եւ այդ տեղեկատվությունը չունեին հավաքվածները: Իր ելույթի ժամանակ Շանթն ուղղակի անդրադարձել է այդ լուրերին՝ ասելով, թե Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, այնպիսի մեծ ատելություն կա օլիգարխների նկատմամբ, որոնք իրենց հարստությունն անօրինական ձեւով են կուտակել, որ երեւի դա է պատճառը մարդկանց նման վերաբերմունքի: Այսինքն՝ սա եղել է ուղղակի տեսակետ: Հետագայում բոլորս տեսանք, թե այդ խանութներն ինչպես են թալանել, եւ տեսակետ կա, թե այդ ամենը հատուկ է կազմակերպվել: Սակայն այդ պահին ոչ ոք, այդ թվում՝ նաեւ Շանթը, բնականաբար, չէր կարող կռահել, թե իրականում ինչ է կատարվում:

– Շանթ Հարությունյանն այդ ելույթում նաեւ կանխատեսել էր, թե իշխանությունն ու մասնավորապես ոստիկանները փախչելու են Հայաստանից. «Նույնիսկ կարիք չի լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանին ազատագրել ոստիկանների շրջափակումից, որովհետեւ, ես վստահ եմ, առավոտյան այդ ոստիկանները փախած են լինելու ՀՀ նախագահի բնակարանի շրջակայքից»:

– Բոլորս պիտի հիշենք, թե մարտի 1-ին ինչ մթնոլորտ էր տիրում, ինչքան լարված էին կրքերը, երբ առավոտյան Ազատության հրապարակում ջարդից հետո մարդիկ հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ: Պիտի հասկանանք այս ելույթի էմոցիոնալ կողմը ու հիշենք, որ արդեն փամփուշտներ էին օդում, ելույթ ունեցողները լուրեր էին ստանում, թե կան զոհեր, եւ նրանց քանակը թերեւս մի քանի անգամ չափազանցվում էր: Որքան գիտեմ՝ զոհ կար հենց Ֆրանսիայի դեսպանատան առջեւ: Պիտի հասկանանք, որ նման էքստրեմալ իրավիճակում մարդկանց մտածողությունը փոխվում է: Եվ բնականաբար, այդքան էլ լուրջ չէ պահանջելը, որ այդպիսի պայմաններում ասված ամեն խոսքի համար մարդ պատասխան տա:

Բայց եթե իշխանություններն իրոք ցանկանում էին, որ մարտի 1-ին չլինեին զոհեր, իմ կարծիքով՝ նրանք պետք է պարգեւատրեին Շանթ Հարությունյանին, որ կարողացավ շեղել մարդկանց ուշադրությունը, որ խուճապ չառաջանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել