Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆ

Հուլիս 17,2008 00:00

\"\"ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ նախագահն իր խոստումների տերն է:

– Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես չի համակերպվել այն իրողության հետ, որ ինքն այլեւս նախագահ չէ եւ հաճախակի հանդես է գալիս հարցազրույցներով, որոնցում չի թաքցնում իր տարաձայնությունները ե՛ւ առաջին, ե՛ւ գործող նախագահների հետ: Վերջին հարցազրույցից ակնհայտ են հակասությունները Սերժ Սարգսյանի այսօրվա վարած քաղաքականության եւ Ռոբերտ Քոչարյանի պատկերացրածի միջեւ, չե՞ք ասի, թե որքանով են խորացած այդ հակասությունները:

– Լուրջ տարաձայնություններ փնտրել պետք չէ, յուրաքանչյուր գործիչ, մանավանդ՝ մարդ, որը 10 տարի ղեկավարել է երկիրը, քաջածանոթ է արտաքին եւ ներքին խնդիրներին, ունի իր տեսակետները եւ բարձրաձայն դրանք արտահայտում է՝ նորմալ է: Երկրորդ նախագահի իրավունքն է որոշել՝ ինքը կմնա՞ քաղաքականության մեջ, կգնա՞, կամ՝ ինչպիսի՞ գնահատականներ կտա: Կարծում եմ, միանգամից պետք չէ տարաձայնություններ փնտրել: Մեր կուսակցության առաջնորդի նախընտրական ծրագրում նշված են բոլոր առաջնահերթությունները, ուղղությունները, որոնք իրականություն պետք է դառնան Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո: Որեւէ սենսացիոն բան տեղի չի ունեցել, պարզապես, եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ մեր երկիրը պետք է վարի նախաձեռնող արտաքին քաղաքականություն, նա այդ բանն ասում է ոչ թե ուղղակի ասելու համար, այլ՝ անելու համար: Մեր գործիչները, ճանաչելով ե՛ւ ՀՀԿ պատմությունը, ե՛ւ նախագահ Սերժ Սարգսյանին, պետք է մի բան հստակ իմանան, որ մեր խոսքերն ու գործերը իրարից չեն տարբերվում: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելուն, ապա մեր երկրի Ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում նշված է, որ ՀՀ-ն կողմնակից է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Այս դեպքում էլ պարոն նախագահի հրավերը տեղավորվում է ե՛ւ այդ ծրագրի, ե՛ւ մեր ողջ արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ:

– Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ժառանգության» համագումարում գովեց Տիգրան Սարգսյանին՝ նրան համարելով լավ տնտեսագետ, եւ հորդորեց «մաքրել ավգյան ախոռները»: Ձեր կարծիքով, փոխվե՞լ է ընդդիմության վերաբերմունքն իշխանությունների հանդեպ, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ որոշակի շփում կա Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ:

– Նախ նշեմ, որ ընդդիմությունը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ, ավելի լայն հասկացություն է, եւ մի բան փաստ է, որ գոնե այս փուլում ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը պետք է սառը գլխով դատեն, որովհետեւ, ինչպես փետրվարի 26-ին եւ ապա իր երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ եկել է աշխատելու ժամանակը: Ինձ համար շատ ուրախալի կլինի, որ նաեւ ծայրահեղ ընդդիմության ներկայացուցիչները որոշեն մտնել կառուցողական դաշտ, համագործակցեն եւ երկխոսության գնան, բայց ոչ թե իմիտացիա անեն, այլ՝ իրոք գնան այս ճանապարհով: Առայժմ ինքս նրանց կողմից որեւէ կոնկրետ քայլ դեպի այս դաշտ չեմ տեսնում: Դրա ապացույցն է որեւէ ներկայացուցիչ չունենալը «մարտի 1-ի» հանձնաժողովում, խորհրդարանական ընդդիմության բոյկոտը այս հանձնաժողովի աշխատանքներին, նաեւ այն, որ մենք առաջարկեցինք «Ժառանգությանը»՝ գլխավորել հանձնաժողովներից մեկը, հրաժարվեցին եւ այլն: Հանրապետականը երբեք անձերի դեմ չի պայքարել, մենք պայքարել ենք հանունի համար եւ վատ երեւույթների դեմ: Եվ եթե այդ վատ երեւույթի կրողը այս կա այն անձն է, առաջին նախագահը, երկրորդը եւ այլն, բնականաբար, մենք դրա մասին պետք է խոսենք եւ քննադատենք: Թող տպավորություն չստեղծվի, թե մենք գիշերը չենք քնում եւ մտածում ենք՝ ինչպես պատասխանենք Տեր-Պետրոսյանին: Բոլորովին: Մենք ունենք ժողովրդի վստահության քվեն եւ պետք է կատարենք հասարակությանը տված մեր խոստումները: Վերջերս մամուլում փորձել էին քննադատել իմ լավատեսությունը, երբ ասել էի, որ 5 տարի հետո նախագահի գլխավորությամբ մենք ունենալու ենք ավելի լավ Հայաստան: Այո, կրկնում եմ, այդպես է լինելու, եւ եթե քաղաքական թիմի ներկայացուցիչը չի հավատում իր թիմին եւ իր նախագահին, ապա նա քաղաքականության մեջ անելիք չունի: Ես հավատում եմ, որ, իրոք, 5 տարի հետո նախագահի գլխավորությամբ կատարվող բարեփոխումները կհանգեցնեն նրան, որ բոլոր ոլորտներում կունենանք ակնառու հաջողություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել