Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Հուլիս 16,2008 00:00

ՉԻՆ ԵՎ ԻՐԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ

Երեկ «Երեւան» հյուրանոցում կայացավ չին ռեժիսոր Ցայ Շանգժունի եւ նրա իրանցի գործընկեր Աբոլֆազ Սաֆարիի մամուլի ասուլիսը: Առաջինը փառատոնին ներկայացել է «Կարմիր կոմբայնը», իսկ Ա. Սաֆարին՝ «Աշխարհի վերջը» ֆիլմով, որի հուզիչ ու բավական հաջողված կինոաշխատանքին անդրադարձել ենք մինչ փառատոնը:

Ցայ Շանգժունն ասաց, որ չնայած առաջին անգամ է Հայաստանում, բայց տպավորություն ունի, թե այստեղ ամեն ինչ իրեն ծանոթ է: Ռեժիսորը նաեւ խոսեց վերջին 20 տարիներին իր երկրի բոլոր ոլորտներում արձանագրվող փոփոխությունների ու մասնավորապես կինոյի վերելքի մասին:

Պատասխանելով «Առավոտի» հարցին, Ա. Սաֆարին հայտնեց, որ մյուսների նման ինքը չի գնացել ագրեսիա եւ մերկ մարմիններ պատկերելու ճանապարհով եւ իր կինոաշխատանքների նյութ է դարձրել սովորական մարդու ճակատագիրը: «Ցավում եմ, որ Կաննի նման մեծ փառատոները գնում են դեպի բիզնես ու շեշտը դնում են կոմերցիայի վրա, ինձ համար կինոն սրբություն է եւ հոգու պահանջ»,- նշեց նա: Չին ռեժիսորն էլ, մեջբերելով Էքզյուպերիին, ասաց, որ ամենակարեւոր բաները աչքով չես տեսնում, եւ իրենք՝ ռեժիսորներից շատերը, ոչ թե զուտ իրականությունն են նկարահանում, այլ՝ հոգու աչքերով տեսածը:

ՀԵՔԻԱԹԱՍԱՑՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

2009-ին լրանում է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի՝ 60, գրողի ծննդյան 140-ամյակը: Այս առիթով թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը երեկ ներկայացրեց հոբելյանական միջոցառումների շարքը: Ի թիվս այլոց, կանցկացվի նաեւ «Երկնքից երեք խնձոր ընկավ…» խորագրով հեքիաթասացության մրցույթ-փառատոն: «Մեր նպատակն առաջին հերթին բանահյուսությունը վերակենդանացնելն է, այսինքն՝ ցանկանում ենք նորից շունչ հաղորդել բանավոր պատումի այս կարեւորագույն շերտին, որն այժմ արագընթաց մոռացության եւ անհետացման է մատնվում»,- նշեց Ն. Թուխիկյանը: Մրցույթում առաջին տեղը զբաղեցնող հեքիաթասացը արժանանալու է «1 քսակ ոսկու». (200.000 դրամ), երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը՝ «1 քսակ արծաթի» (150.000 դրամ), իսկ երրորդ տեղը զբաղեցնողը՝ «1 քսակ մարգարտահատիկի» (100.000 դրամ):

ՆԱԽԱԳԱՀԸ՝ «ԲԱԶԵՈՒՄ»

Հուլիսի 14-ին «Բազե» հավաքի մասնակիցներին է հյուրընկալվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կարծես աշխարհասփյուռ մեր ժողովրդի մանրակերտը լինի. «Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստանում եւ հանուն հայոց իղձերի». այսպիսին եմ ես պատկերացնում «Բազեի» յուրօրինակ խորագիրը: Այս հավաքները նաեւ պատգամ ունեն. դա մեր ազգային միասնության ու հանուն Հայաստանի գործելու պատգամն է… Արդեն մի քանի օր է՝ մտածում էի մեր ժողովրդի բոլոր զավակներին կոչով դիմելու մասին: Այսօր որոշեցի իմ այդ մտադրությունն իրականացնել այստեղ, ձեզ հետ միասին, քանի որ չեմ պատկերացնում դրա համար ավելի հարմար միջավայր, քան խոսել 650 երիտասարդների կրակոտ հայացքների ներքո… Այսօր մեկ հիմնական գործ ենք անում. վաղվա Հայաստանն ենք կառուցում: Մեր սերունդներին մենք այլ Հայաստան պիտի թողնենք՝ զարգացած, ժողովրդավարական ու խաղաղ Հայաստան»:

ՓՈՔՐԻԿ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՖԻԼՄԵՐԸ

Երեկ Տիկնիկային թատրոնում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն:

Հայաստանի բնության, կենդանական աշխարհի մասին պատմող այս ֆիլմերը հեղինակել են էկո-ակումբների սաները՝ 12-16 տարեկան երեխաներն ու պատանիները: Հավելենք, որ Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանրապետության տարբեր շրջաններում 2006-ից իրականացնում է «VivaCell-ը եւ երեխաները հանուն բնության» բնապահպանական-կրթական ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններում (Դիլիջան, Գյումրի, Գառնի/Գողթ, Ուրծաձոր, Երեւան) ստեղծվել են էկո-ակումբներ, որոնցում ներգրավված երեխաները ֆիլմերի միջոցով իրենց մտահոգություններն են արտահայտում ու ահազանգում բնությանը սպառնացող վտանգների մասին:

Մեկ տարի առաջ երիտասարդ այս ռեժիսորներից եւ ոչ մեկը կինոլեզվի այբուբենին չէր տիրապետում եւ խցիկով աշխատելու փորձ չուներ, այսօր նրանք հեղինակել են ֆիլմեր, որոնք հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն ունեն: Ֆիլմերի ցուցադրությանը ներկա էին նաեւ փոքրիկ ռեժիսորները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել