«Ոսկե ծիրանը» գրեթե չի հպվում մեր իրականությանը
Երբ երկրում եղել են մեծ ցնցումներ, երբ այդ ցնցումների արդյունքում կան մարդկային զոհեր, երբ բանտերն ակնհայտորեն լեցուն են ամենեւին ոչ սպանությունների համար մեղադրվող, այլ քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներով, կյանքը չպետք է կանգ առնի, նախատեսվածը չպետք է հետաձգվի: Խոսքը «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի մասին է, որը տարիների քրտնաջան աշխատանքով կարծես թե դարձել է ավանդական եւ արդեն մեծ իրադարձություն է կինոսիրող երեւանցիների կյանքում:
Նման իրավիճակում՝ կյանքը չկանգնեցնելով, նախատեսվածը չհետաձգելով, փորձ պիտի արվեր փոխել բովանդակությունը՝ ծառայեցնելով կատարվածի վերաիմաստավորմանը։ Խոսքը ոչ միայն «Ոսկե ծիրանի» մասին է, այլ ամեն ինչի՝ սկսած հեռուստաեթերից, որը վերջին չորս-հինգ ամսում նշույլ իսկ փոփոխություն չի կրել, վերջացրած մարդկանց պահվածքով՝ «Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում» մեծամիտ ինքնարդարացմամբ, կարծես մարտի 1-ի բոլոր տասը զոհերը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ էին:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողության հիմնական ուղերձները հեռու էին ոչ միայն կատարվածն իմաստավորելուց, այլեւ՝ նկատելուց անգամ: «Մենք հինգ տարեկան ենք, պիտի դառնանք հիսունհինգ, յոթանասունհինգ եւ այլն». սա էր փառատոնի կազմակերպիչների հիմնական ասելիքը, սա էր այն սառնասրտությունը, որով մեր երկրում ամենայն «լուսավոր» բան զատվում է «կեղտոտ» քաղաքականությունից: Ոչինչ մարդկային, ոչ մի ցավ ու ոչ մի կարեկցանք:
Հայրենակարոտ հաղորդավարուհու ազգային ինքնության բխումները, 94-ամյա Միքելանջելո Անտոնիոնիի բնական մահը պրոֆեսիոնալիզմի հողի վրա մեկ րոպե լռությամբ հարգելը եւ նույնքան աշխարհահռչակ Ինգմար Բերգմանի մահը նույն հողի վրա չգիտես ինչու չհարգելը, Անտոնիոնիի սգակիր այրու՝ ամուսնուն կորցնելուց հետո առաջինը Հայաստան գալը որպես միջազգային անուրանալի ձեռքբերում ներկայացնելը եւ, իհարկե, մեծ Ռուսիայի «ցավեդ տանեմ» ներկայությունը կարող էր տպավորություն ստեղծել, թե միջոցառումը ոչ մի կապ չունի Հայաստանի եւ նրանում կատարվողի հետ, եթե բացման ֆիլմի հեղինակ, անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանը, այնուամենայնիվ, չհիշեցներ, որ այս քաղաքում ամիսներ առաջ տասը մարդ է զոհվել, որ յուրաքանչյուր հայի մահը մեծ կորուստ է եւ որ պետք է ամբողջ դահլիճով ոտքի կանգնել ու հարգել զոհերի հիշատակը:
Սա միակ հպումն էր հայաստանյան իրականությանը, մինչդեռ հերթական (հոբելյանական) փառատոնը պետք է փորձեր կինոյի լեզվով խորհել, թե ինչ է պետք անել աղետից խուսափելու կամ այն հաղթահարելու համար: Հայաստանը ոչ առաջին, ոչ էլ վերջին երկիրն է, որտեղ նման արյունահեղություններ ու քաղաքական հաշվեհարդարներ են լինում, եւ համաշխարհային կինոն էլ հաստատ հարուստ է այդ աղետների լուսաբանմամբ ու մեկնաբանությամբ: Կինոփառատոնի ամբողջ ծրագրում այս թեմային նվիրված որեւէ սեմինար, աշխատանքային հանդիպում, վարպետության դաս չկա: Պատճառը պարզ է, բայց ոչ արդարացնող. մի երկրում, ուր ամեն ինչ կենտրոնացված է, լավ բան անելու համար չես կարող իշխանությանը հակառակ գնալ, եթե անգամ ստիպված ես մեղանչել խղճի ու մարդկայնության դեմ:
Այսուհանդերձ, կամա թե ակամա (ամենայն հավանականությամբ՝ ակամա կամ փառատոնն անպայման հայ կինոռեժիսորի գործով սկսելու ուժով) չխուսափեցինք մարդու ազատության թեման շոշափելուց: Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ» ֆիլմը մեզ տարավ մեր ծննդավայր իրականությունը, որտեղ ենք նաեւ այսօր: Ազատ խոսքի ու մտքի հետապնդումը մարդուն ստիպում է թռչել սովորել: Թռչող մարդը հայտնվում է ազատ իրականության մեջ (Փարիզում), ու այնտեղ կորցնում թռչելու իր կարողությունը: Երկու բառով սա է «Դրախտի թռչունների» ասելիքը. աննորմալ միջավայրում ստիպված ես թռչել, նորմալ պայմաններում դրա կարիքը չունես:
Երբ թռչելով Փարիզ հասած այլախոհ գրողին սովետական դեսպանատան աշխատողները վերադարձնում են Կիեւ, այնտեղ նրան սպասում է ոչ թե բանտ ու աքսոր, այլ ավելի տհաճ բան՝ ԿԳԲ-ի հետ համագործակցելու առաջարկ, ինչը մերժելով՝ այլախոհը, կարծես, ազդարարում է տոտալիտարիզմի վախճանը: Գլխավոր հերոսի ողբալի ծիծաղը, որով ավարտվում է ֆիլմը, աներկմիտ հաստատումն է ազատության գերիշխանության՝ թեկուզ արյունլվա, թեկուզ բերանքսիվայր ասֆալտին ընկած:
Կարո՞ղ էր այս ֆիլմը հարգանքի տուրք լինել մարտի 1-ի զոհերին: Իհարկե: Ֆիլմի գլխավոր հերոսի հրաժարումը կխորհրդանշե՞ր այն անձնուրացությունը, որով հարյուր հազարավոր մարդիկ պայքարեցին ու պայքարում են հանուն չթռչելու իրավունքի: Անշուշտ: Կարող էր ու կխորհրդանշեր, եթե ազգայինը նշանակալիորեն չգերադասվեր մարդկայինին: