Ասֆալտի «թաց» լինելը մաքրում է բոլոր հետքերը
2007թ. նոյեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 23 շենքի հարակից տարածքում Հովհաննես Մկրտչյանն՝ իր «Մերսեդես-Բենց-Ե420» մակնիշի 01 UL 042 պետհամարանիշի ավտոմեքենայով, ընդհարվեց Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Վահե Ասեյանի կողմից վարած, «Պրոմեթեյ» ՍՊԸ-ին պատկանող «Գազ-3102» մակնիշի 119 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենային: Վ. Ասեյանը ստացավ միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի քննիչ Հ. Հովհաննիսյանի կողմից 2007թ. նոյեմբերի 6-ից նախապատրաստվեցին նյութեր՝ քրգործ հարուցելու համար:
Սակայն այս տարվա ապրիլի 2-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ քրդատօրի 35 հոդ. 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության պատճառով: Վ. Ասեյանի տեղեկացմամբ, նույն որոշմամբ հիմք են ընդունվել Վ. Ասեյանի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդ. 3-րդ մասի պահանջները խախտելու հանգամանքները, որի հետեւանքով «Պրոմեթեյ» ՍՊԸ-ին պատկանող «Գազ-3102» ավտոմեքենային պատճառվել է 381.760 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ «Մերսեդես-Բենց-Ե420» ավտոմեքենայի սեփականատեր Սեդա Առաքելյանին՝ 2.018.600 ՀՀ դրամի նյութական վնաս:
Մայիսի 26-ին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Վ. Ասեյանի կողմից բողոքարկվել է Երեւանի, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազություն: Սակայն վարորդի դիմում-բողոքների մեջ ներկայացված բազմաթիվ պատճառաբանությունները թողնվել են անհետեւանք: Բողոքում նշվել էին քննիչի կողմից թույլ տրված բազմաթիվ ակնհայտ դատավարական խախտումները, ինչի արդյունքում Վ. Ասեյանը, առանց որեւէ հիմքի, ավտովթարի հետեւանքով անարդարացի կրել եւ կրում է ընդհանուր առմամբ 2.400.360 ՀՀ դրամի պարտավորություններ: Ըստ վարորդի ներկայացուցիչ՝ փաստաբան Արշակ Թովմասյանի, քննիչը դեպքի վայր է ժամանել շուրջ 2 ժամ հետո, ինչի հետեւանքով չի պահպանվել դեպքի վայրը՝ «Մերսեդես-Բենց-Ե420»-ը դիտավորյալ դուրս է բերվել դեպքի վայրից, խախտվել են ճանապարհատրանսպորտային պատահարի ելակետային բոլոր տվյալները:
Քննիչը չափումները կատարել է «աչքաչափով», որի հետեւանքով զննության արձանագրության եւ դեպքի վայրի գծագիր տվյալները ընդհանրապես չեն համապատասխանում իրական, փաստացի չափագրական տվյալներին: Քննիչը արձանագրել է, որ ճանապարհի երթեւեկելի մասի ծածկույթը եղել է թաց վիճակում, այնինչ՝ իրականում այն եղել է չոր: Այդ հաստատվել է Վ. Ասեյանի եւ ականատեսների կողմից, ինչպես նաեւ Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության 06.06.2008թ., N36-4/233 գրությամբ: Ավտովթարին նախորդող պահին «Մերսեդես-Բենց-Ե420» ավտոմեքենայի արգելակման հետեւանքով ասֆալտին մնացել են անվադողերի արգելակման հետքերը: Սակայն «ասֆալտի թաց» լինելու պատճառով այն քննության առարկա չի դարձել, հետեւաբար՝ իրավական գնահատականի չի արժանացել:
«Վահե Ասեյանի կողմից վարվող «Գազ-3102» ավտոմեքենային հարվածը հասցվել է ձախ կողմի ետեւի մասին, եւ նշված ավտոմեքենան վթարի պահին գտնվել է երթեւեկելի ուղեմասի ձախ կողմում՝ հոծ գծից դեպի աջ՝ 0,4 մ հեռավորության վրա, իսկ «Մերսեդես-Բենց-Ե420»-ը ընդհարվել է իր առջեւի աջ մասով «ԳԱԶ-3102» ավտոմեքենայի ետեւի ձախ մասին, ապա, ելնելով գոյություն ունեցող չափագրական եւ տրամաբանական բոլոր սկզբունքներից, ակնհայտ է դառնում, որ «Մերսեդես-Բենց-Ե420» ավտոմեքենայի ձախ հատվածը (հաշվի առնելով ավտոմեքենայի լայնությունը) ավտովթարի պահին հատել է սահմանված հոծ գիծը եւ դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչն, ըստ էության, ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտում է: Սակայն քննիչը նշված հանգամանքը քննության առարկա չի դարձրել»,- ասում է Ասեյանի փաստաբան Արշակ Թովմասյանը:
Մենք նշեցինք, որ, ըստ քննիչի, ավտովթարի նախորդող պահին եւ տեղազննության ժամանակ ասֆալտը եղել է թաց: Սակայն հետագայում քննիչը, հակասելով ինքն իրեն, 14.11.07թ. եւ 03.03.08թ. դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու որոշումների նկարագրական մասում արձանագրել է՝ տեղումներ չլինելու եւ ասֆալտը չոր լինելու մասին:
Դեպքից 6 ամիս հետո քննիչ Հ. Հովհաննիսյանը որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին եւ օրենքով սահմանված կարգով Վահե Ասեյանին հայտնելու փոխարեն՝ նա վերոնշյալ որոշման օրինակը գրությամբ Վ. Ասեյանին է ուղարկել 2 ամիս հետո, որը վարորդը ծրարով ստացել է «Հայփոստ» ՓԲԸ տեղեկատվության համաձայն՝ մայիսի 21-ին:
Դատախազության կողմից «օրինական» համարված նյութերն այս պահին բողոքարկվում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: