Մշակույթի նախարարությունը չի փոխվում
Կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ մշակույթի նախարարությունը պետք է վերջապես ձերբազատվի իր գավառամտությունից: Վարչապետի եւ բոլորիս ցանկությունը ոչ միայն ի կատար չի ածվում, այլեւ գավառամտությունը գնալով խորանում է: Մուտքից սկսած, մշակույթի նախարարությունը հակամշակութային է՝ դռների մոտ հին գույքի կուտակումներ են: Նույն վիճակն է նաեւ «ներսում». 37 թիվ՝ այսպես են բնորոշում մշակույթի նախարարությունում տիրող վիճակը այս գերատեսչության աշխատակիցները: Նրանց հավաստմամբ, ամեն տարրական անհնազանդություն կամ թյուրիմացություն կարող է զեկուցագրի ու զրպարտագրի առիթ դառնալ (դրանցից մի քանիսի պատճենները խմբագրությունում են): Իսկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախկին աշխատավայր ԱՕՔՍ-ից բերված աշխատակիցներն էլ աչք ու ականջ են՝ ամեն ինչ «անցանկալիների» մասին «շեֆին» հասցնելու համար: Օրինակ՝ զեկուցագրեր են գրվել արդեն նախկին գլխավոր հաշվապահ Անահիտ Արիստակեսյանի «վրա» ու նրան մեղադրել աշխատանքային լիազորությունները գերազանցելու մեջ: Իրականում, եթե այդպես լիներ, նման արարքը կպատժվեր օրենքի խստությամբ: Այս առիթով տեղին է հիշեցնել, որ ՀՀ գլխավոր դատախազության 2007թ. առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրի համաձայն, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել էր ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգում 2005-2006թթ. ընթացքում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման (գնումների) գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը եւ արձանագրվել բազմաթիվ խախտումներ, թերություններ ու բացթողումներ, որոնք շարունակական բնույթ են կրել: Ըստ գլխավոր դատախազության՝ մշակույթի նախարարին ներկայացված միջնորդագրի, օրինակ, չհրատարակված գրքերի մասով հայցեր հարուցելու նպատակով վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Դատախազությունը պարզել է, որ «նախարարության կողմից չի ապահովվել գնման գործընթացի մրցակցային, արդյունավետ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպումը» եւ այլն: Սակայն այս ամենի արդյունքում կարծես ոչ ոք չի էլ պատժվել, որովհետեւ Հասմիկ Պողոսյանը գործի է դրել փորձված մեթոդը՝ մտերմությունը բոլոր առաջին տիկինների հետ:
Ինչպես վերը նշել էինք, Հ. Պողոսյանը մերձավորներ ունի նախարարությունում, որոնք մշտապես բարձր պարգեւավճարներ են ստանում: Պատահական չէ, որ այս տարվա փետրվարի 11-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Վ. Բարսեղյանին գլխավոր հաշվապահ Անահիտ Արիստակեսյանը այդ մասին հեգնախառը զեկուցագիր էր գրել, որտեղ ասվում է. «Հայտնում եմ, որ 2007-ից մինչ այժմ՝ 10.02.2008թ., ֆինանսատնտեսագիտական վարչության որոշ աշխատողների, այդ թվում վարչության պետին հատկացված պարգեւատրման գումարը, յուրաքանչյուրին առանձին վերցրած, գերազանցում է գլխավոր հաշվապահի 6 ամսվա աշխատավարձը: Եթե այդ փաստը տեղավորվում է որեւէ օրենքում կամ տրամաբանության մեջ, այդ դեպքում առաջարկում եմ գլխավոր հաշվապահի հաստիքով նախատեսված քաղծառայողի պարգեւատրումը եւս տրամադրել ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Երջանիկ Մուրադյանին՝ որպես երկարամյա ամենաթողության մթնոլորտ ստեղծողի: Մինչեւ այժմ իմ կողմից բարձրացված բոլոր հարցերը ոչ մի լուծում չեն ստացել, կարծում եմ՝ այս մեկը հաճույքով կկատարվի»:
Դառնալով գավառամտությանն ու ամենաթողությանը, ստիպված ենք կրկին խոսել մշակույթի նախարարության mincult.am անճաշակ կայքի մասին, որն ասես նախարարի անձնական նկարների ալբոմը լինի: Օրինակ, «Լրահոս-ազդագիր» խորագրի տակ եղած գրեթե բոլոր լուրերը Հասմիկ Պողոսյանի տարբեր դիրքերը պատկերող լուսանկարներով են՝ մի տեղ նախարարը ժապավեն է կտրում, մի տեղ բազմած է իր աշխատասենյակում, մեկ այլ լուսանկարում՝ պրոֆիլով է երեւում, մյուսում՝ Հովիկ Աբրահամյանի հետ է… եւ այսպես՝ մի քանի տասնյակ լուսանկար: Կարծես հայաստանյան ողջ մշակութային կյանքն իր առանցքի շուրջ է պտտվում: Էլ չենք խոսում կայքի մատուցած տեղեկատվության ծամծմված եւ ժամանակավրեպ լինելու մասին: Նախարարին եւ գերատեսչության «օրապակաս» պաշտոնական կայքի վրա աշխատողներին խորհուրդ ենք տալիս երբեմն այցելել ադրբեջանական kultura.az, որը գրավիչ է ոչ միայն դիզայնի տեսանկյունից, այլեւ հարուստ է բովանդակությամբ: kultura.az-ը պատրանք է ստեղծում, թե ադրբեջանցիները դարավոր մշակույթ ունեն, mincult.am-ը՝ լրիվ հակառակը:
Հ. Գ. Պատրաստ ենք տպագրել նաեւ մշակույթի նախարարության տեսակետը: