Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի ակտիվիստները պարգեւատրվե՞լ են

Հուլիս 16,2008 00:00

ՀՀ իշխանությունները «լավ աշխատածներին» հողատարածքնե՞ր են բաշխում

Մինչ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը փորձում է հետաքննել ու բացահայտել հետընտրական աղետալի միջադեպերի պատճառներն ու մեղավորներին, պարզվում է՝ որոշ պաշտոնյաներ այդ օրը կատարած «քաջագործությունների» ու ցուցաբերած «հատուկ ակտիվության» համար արդեն պարգեւներ են ստացել: Այսպիսի պարգեւ է հանդիսացել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 19 հասցեում գտնվող 250 քմ ընդհանուր մակերեսով կանաչապատ տարածքը: Այս մասին «Առավոտին» ասաց «Զարե-13» ՍՊԸ տնօրեն Արմեն Հարությունյանը, որի ընկերությունը գտնվում է այդ տարածքի հարեւանությամբ:

Ա. Հարությունյանի պատմելով, դեռեւս 1996-ին, իրենց ընկերության կողմից Րաֆֆու 19 հասցեում գնվել է մթերային խանութ, որի դիմացի տարածքը գտնվել է անմշակ ու անխնամ վիճակում: Ըստ Ա. Հարությունյանի, այդ տարածքը բարեկարգվել է ու ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով եւ աշխատակիցների ջանքերով աղբանոցից վերածվել է կանաչապատ տարածքի, մասնավորապես՝ կատարվել են բետոնե եզրապատերի կառուցման, ծառերի տնկման եւ ոռոգման ջրի անցկացման աշխատանքներ: Սակայն երբ ապրիլին փորձել են նոր ծառեր տնկել, իրենց հարեւանությամբ բնակվող Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Հարթինյանը նրան հորդորել է իզուր նեղություն չքաշել, քանի որ այդ տարածքն արդեն պատկանում է իր մտերիմ ընկերոջը, որն ազգային անվտանգության համակարգում աշխատող գնդապետ է: Ա. Հարությունյանի ներկայացմամբ. «Սամվելն ինձ ասաց, որ մարտի 1-ին ցուցաբերած ակտիվության համար այդ տարածքը նվիրել են իր ընկերոջը, բայց վերջինս այն չի ուզում, եւ եթե ես «լավ» գումար առաջարկեմ, ապա ինքը կմիջնորդի, որ գնդապետն այդ տարածքն ինձ վաճառի: Սամվելն ինձ խորհուրդ տվեց նաեւ չբողոքել, քանի որ իր ընկերն ի պաշտոնե բոլոր հարցերը կարող է շատ հեշտությամբ լուծել»: Սակայն, ըստ Ա. Հարությունյանի, ինքը հրաժարվել է ֆինանսական բանակցությունների մեջ մտնել թաղապետարանի պաշտոնյայի հետ եւ այդ «ապօրինի» գործարքի մասին տեղեկացրել է հանրապետության նախագահին ու վարչապետին: Դիմումները մակագրվել են քաղաքապետարանին, որտեղից էլ պատասխանել են, որ վերոնշյալ տարածքը հանդիսացել է պետական սեփականություն եւ այն կառուցապատման իրավունքով՝ 25 տարի ժամկետով տրամադրելու համար հայտարարվել է մրցույթ, որի մասին 1 ամիս առաջ տեղյակ է պահվել լրատվամիջոցներով:

Քաղաքապետարանի տեղեկացմամբ, մրցույթի հաղթող է ճանաչվել Սուսաննա Նիկոյանը: Սակայն, ըստ Ա. Հարությունյանի, հայտարարված մրցույթը ձեւական բնույթ է կրել, քանի որ, միեւնույն է, «էն գլխից» էլ հաղթողը հայտնի է եղել: Ինչ վերաբերում է նրան, որ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Հարթինյանը հողամասի վերաբերյալ ինչ-որ հայտարարություններ է արել կամ առաջարկել է հանդես գալ միջնորդի դերում, ապա պարոն Հարթինյանը դա Ա. Հարությունյանի կողմից «կեղտոտ շանտաժ» որակեց եւ հավելեց, որ վերջինս ոչ միայն վիճահարույց տարածքում որեւէ մաքրման աշխատանք չի կատարել, այլեւ, այդ տարածքը՝ շնորհիվ նրան պատկանող մթերային խանութի եւ գրավատան, վերածվել էր «աղբանոցի». «Ես Արմենին վերջին անգամ տեսել եմ 5-6 ամիս առաջ, այսինքն՝ դեռեւս մարտիմեկյան դեպքերից առաջ, հետեւապես այդ մասին նրա հետ ոչինչ չէի կարող խոսել: Նա այդպիսի հակումներ ունի՝ 10 տարին մի անգամ էդ մարդը զարթնում է ու որոշում, որ ինքը հեղինակություն է, այդ տարածքն էլ իրենն է: Մենք նրան իրավունք ենք տվել, որ նա այդ տարածքում կանաչապատում անի, բայց նա բացարձակապես ոչինչ չի արել: Տարիներ շարունակ այդ տարածքը աղբի մեջ կորած է եղել: Ոչինչ չի արել, եղած ծառերն էլ ես եմ տնկել: Ես իսկապես գնդապետ ընկեր ունեմ, բայց նա այս տարածքի հետ ոչ մի կապ չունի»:

Իսկ իր անձի հանդեպ նման թշնամանքը, ըստ Ս. Հարթինյանի, այն բանի հետեւանք է, որ Ա. Հարությունյանը բազմիցս խնդրել է իրեն աջակցել տարածքի սեփականաշնորհման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել