Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԻՐԵԻՐ ՈՉ ԹԵ ՖՈՒՏԲՈԼԻ, ԱՅԼ՝ ԿՈՄԻՏԱՍ ԼՍԵԼՈՒ

Հուլիս 16,2008 00:00

\"\"ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս ՀԱԱԿ նախագահ Էդվարդ Անտինյանը

Շարունակում է մեկնաբանությունների տեղիք տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 23-ին Մոսկվայում արած հետեւյալ հայտարարությունը՝ «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես՝ այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց: Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը»: Ահա ՀԱԱԿ նախագահ Էդվարդ Անտինյանի արձագանքը. «Եթե Սերժ Սարգսյանը մինչ հայտարարելը, որ պատրաստվում է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին հրավիրել Հայաստան՝ խորհրդակցեր ոչ թե Հանրային խորհրդի աշխատանքները նախապատրաստող հանձնախմբի ֆուտբոլի սեկցիայի վարիչ Հովհաննես Զանազանյանի հետ, այլ՝ այնտեղ ընդգրկված մշակութային գործիչների, ապա, հավանաբար, նպատակահարմար չէր համարի նախագահին այն երկրի, որի հետ մենք ունենք չկարգավորված խնդիրներ ու դիվանագիտական հարաբերությունների իսպառ բացակայություն՝ նոր հարաբերությունների հիմքը դնել ֆուտբոլային խաղով, որի դեպքում դաշտում լինում են հաղթողներ ու պարտվողներ, տրիբունաներում՝ հաճախ անառողջ կրքեր, խաղից հետո հասարակության շրջանում՝ ոչ սպորտային խիստ լարված քննարկումներ: Մինչդեռ, վերջերս թուրք դասական երաժիշտները Երեւանում կատարում էին եղեռնի ականատես Կոմիտասի ստեղծագործությունները: Հավանաբար, այս առիթն էր պետք օգտագործել, որ ամբողջ աշխարհի քննարկման առարկա դառնար ոչ միայն սոսկ հրավիրման փաստը, այլ՝ ավելին…

Իսկ եթե Սերժ Սարգսյանը հարմար գտներ նաեւ այդ հարցով խորհրդակցել հիշյալ Հանրային խորհրդի անդամ՝ հասարակության կողմից հարգված պատմաբանի հետ, ապա, հավանաբար, ավելի կամրապնդեր իր մտադրությունը՝ մշակութային միջոցառմանը հրավեր ուղարկելու հարցում, քանի որ, թե ինչ միջոցառման ես հրավիրում այդպիսի բարդ հարաբերությունների կամ, ավելի ճիշտ, դրանց բացակայության պարագայում՝ մեծապես բնութագրում է նաեւ հրավիրողին: Իհարկե, նման մոտեցումը չի վերաբերում միայն բարդ հարաբերություններին: Մասնավորապես՝ Հայոց արքա Արտավազդ II-ն իր Պարսից գործընկեր Որոդես II-ին հրավիրել էր թատրոն՝ Արտաշատում Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» նայելու, եւ պատճառը միայն այն չէր, որ այդ ժամանակ ֆուտբոլ պարզապես չկար. դրա փոխարեն սպորտային ինչ-որ միջոցառում հաստատ կար: Ավելին, երբ ես խոսում եմ մշակութային միջոցառման մասին՝ այն արդեն տեղի է ունեցել, եւ այդ ժամանակ Թուրքիայում դեռ Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու փուլին չէր հասել՝ արգելել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործունեությունը, որի անդամն է Աբդուլլա Գյուլը: Եթե մինչ ֆուտբոլային խաղը Գյուլը գահընկեց արվի՝ հաստատ այս ընթացքում նոր նախագահ ընտրված չի լինի, ու հազիվ թե կարիք կար նոր հարաբերություններ սկսել կա՛մ նախագահի պաշտոնակատարի, կա՛մ ընդամենը նախագահի «տեղապահ» Գյուլի հետ: Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե ցանկանում ես հարաբերություն հաստատել մի երկրի հետ ու դա սկսում ես այն կառավարության միջոցով, որն ինքը լուրջ խնդիրներ ունի թե՛ երկրի ներսում եւ թե՛ արտաքին քաղաքական մի շարք հարցերում՝ սա օբյեկտիվորեն արդեն արդյունավետ չի լինելու, քանի որ շատ կարճ ժամանակահատվածում Թուրքիայում կարող է շեշտակիորեն փոխվել վարվող քաղաքական կուրսը:

Ինչ վերաբերում է հայ եւ թուրք պատմաբանների համատեղ պետական հանձնաժողով ստեղծելուն, ապա այստեղ էլ կան նուրբ հարցեր: Սերժ Սարգսյանը աշխատել է Ազգային անվտանգության նախարար ու, կարծում եմ՝ լավ է հասկանում, որ եթե երկրի ղեկավարն ի լուր աշխարհի հայտարարում է, թե այսինչ երեւույթը տեղի չի ունեցել, ու եթե չեն հավատում՝ թող գան միասին նայենք, նշանակում է՝ այդ երկրի բոլոր արխիվները լավ «լվացված» են ու մի հատ էլ կարգին «պարզաջրված»: Եվ եթե այնտեղ գտնենք թեկուզ մեկ ապացույց՝ հայերի սպանության մի դրվագ, հաստատ դրա կողքին կգտնենք եւս մեկը, որ հայերն էլ են նման գործողությունների դիմել, ու հաստատ չենք գտնի այն փաստաթուղթը, թե հայերն ինչի՞ց հետո են դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության: Եթե թուրքերն այդ տարիների փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով արդեն գաղտնազերծել են, ապա ի՞նչ կարիք կա հանձնաժողով ստեղծելու. բավական է ընդամենը ոչ պետական խողովակներով մի հայ պատմաբան ուղարկենք՝ թող ուսումնասիրի եւ պարբերաբար մեզ ու աշխարհին իրազեկի, թե ինչ կա թուրքական արխիվներում: Մենք էլ կորոշենք, թե ինչ գնահատականի արժանացնենք նրանց պահոցներում տիրող վիճակը կամ էլ ասենք՝ խոչընդոտո՞ւմ են արդյոք թուրքերը համապատասխան նյութերի հայթայթմանը, թե՞ ընդհակառակը՝ ամեն կերպ աջակցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել