Սա է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այս պահի գնահատականը ԵԽԽՎ 1620 բանաձեւի իրականացմանը:
Երեկ մինչ լրագրողների հարցերին պատասխանելը՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն ասաց. «Լսել եմ, որ տարբեր նախարարություններ մամուլի հաղորդագրություններ են հրապարակել նախարարների հետ մեր ունեցած հանդիպումների բովանդակության վերաբերյալ: Առանց մանրամասնելու՝ ցանկանում եմ հստակեցնել. կցանկանայի ինքս ներկայացնել իմ կարծիքները»: Հավելեց, թե ճշգրիտ, ստույգ չի փոխանցվել իր փաստացի ասածի մի զգալի մասը:
Հիշեցնենք՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը Թոմաս Համմարբերգի հետ հանդիպումից հետո լրագրողներին պատմել էր, թե խոսել են ԵԽԽՎ 1620 բանաձեւի հետեւյալ դրույթի մասին, որ անընդունելի են այն դատավճիռները, որոնք հիմնված են բացառապես ոստիկանական ցուցմունքների վրա, եւ ինքն ասել էր, թե այս դիրքորոշումը համահունչ չէ միջազգային չափանիշներին, Եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերին: Իսկ հանձնակատարն էլ, ըստ Գեւորգ Դանիելյանի՝ համաձայնել էր: Թոմաս Համմարբերգից հետաքրքրվեցինք՝ ինքն իրո՞ք համաձայնել է նախարարի գնահատականներին: Պատասխանը բավական կոշտ էր. «Նախընտրում եմ իմ մամուլի խոսնակներին եւ ինքս ինձ հղում կատարել իմ ասածները մեկնաբանելիս: Չէի ցանկանա, որ այդ հանդիպումներում իմ ասած ինչ-որ բաներ հետո ներկայացվեին: Կուզենայի, որ իմ ասածն ու կարծիքները ես ձեւակերպեի ու շարադրեի: ԵԽԽՎ հունիսյան բանաձեւը բավական հստակ է՝ որեւէ մեղադրական դատավճիռ չպետք է կայացվի միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Սա ԵԽ դիրքորոշումն է ու նաեւ՝ ի՛մ դիրքորոշումը այստեղ այս պահին առկա իրավիճակի նկատմամբ»: Սակայն հենց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցի օրերին 6 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀՇ Հրազդանի կազմակերպության ղեկավար Արամ Բարեղամյանը, որին առաջադրված մեղադրանքը հիմնված էր բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա: Այս մասին հնչած դիտարկմանն ի պատասխան՝ պրն Համմարբերգն ասաց, թե ցավոք՝ չի իրականացվում բանաձեւի այդ դրույթը:
Հանձնակատարը տեղեկացրեց, որ դեռ Ստրասբուրգում է ստացել ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի քննչական հանձնարարականը եւ այն հանգամանալից վերլուծել է. «Այս պահին դրա մասին միայն մի բան եմ ուզում ասել՝ այդ նամակի բովանդակության կապակցությամբ ես մտահոգված եմ»:
Գնահատելով մարտի 1-ի դեպքերի հետեւանքով 10 զոհերի գործի քննությունը՝ պրն Համմարբերգն ասաց. «Առաջընթաց միգուցե եւ կա, բայց այն շատ դանդաղ է: Դժբախտաբար, այս փուլում դեռեւս քննության առարկա չի դարձել իրավապահ համակարգի որեւէ աշխատակից ու նրա գործողությունները»:
Նա անբավարար գնահատեց նաեւ 1620 բանաձեւի կատարումը. «Եթե ես զեկույցը մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացնելու լինեի վաղը, ապա գնահատականս կլիներ այն, որ բանաձեւը լիարժեքորեն չի իրականացվել»:
1620 բանաձեւով առաջարկվում է, որ Մարդու իրավունքների հանձնակատարն աջակցի «Մարտի 1-ի» դեպքերի ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովի աշխատանքին «միջազգային փորձագետների մասնակցությանը, եթե բավարարվեն անկախության, թափանցիկության եւ վստահելիության պայմանները»: Համմարբերգի պատասխանից պարզ դարձավ՝ այդ պայմաններն առայժմ բավարարված չեն. «Հարցը բաց է, դեռ քննարկվում է, թե ինչպես կարելի է ուսումնասիրությունն անցկացնել վստահելիորեն: Ես չեմ կարողանա դրսից փորձագետներ ապահովել, եթե ինքս համոզված չեմ, որ ընթացակարգը վստահելի է, անկախ ու անկողմնակալ»:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ սեպտեմբերի 11-ին Մոնիտորինգի հանձնաժողովում իր զեկույցի ներկայացումից հետո՝ 1620 բանաձեւի կատարման հարցը հունվարից կտեղափոխվի հոկտեմբեր, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պատասխանեց. «Ես բացարձակապես անկախ եմ, այդ թվում՝ նաեւ ԵԽԽՎ-ից, իրենք էլ՝ ինձնից: Ուստի չեմ կարող նրանց հրահանգել, թե ինչպես վարվեն. իրենք են պատիժներ կիրառել-չկիրառելու մասին որոշումներ կայացնողը»: Եվ հիշեցնելով, որ հունիսին որոշվել է այդ հարցը ԵԽԽՎ-ում քննարկել 2009-ի հունվարին՝ Թոմաս Համմարբերգն ասաց. «Այստեղ ասել եմ, թե չպետք է դա ընկալել որպես սպասելու ժամանակահատված, որի վերջում կարելի է իրականացնել ԵԽԽՎ բանաձեւով պահանջված գործողությունները»: Հայտնեց, թե մինչեւ սեպտեմբերի 11-ը դեռ սպասում է իր որոշ հարցերի պատասխանների, եւ այս կապակցությամբ նամակագրական կապի մեջ կլինի իշխանությունների հետ: