Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-Ի ՀԻՄՔԸ ԴՐՎԵՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

Հուլիս 16,2008 00:00

Սա Համաժողովրդական շարժման կենտրոնի գնահատականն է

Հուլիսի 14-ին Համաժողովրդական շարժման առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ նրան է հանձնել 82 քաղբանտարկյալների ցուցակ, նաեւ մի տեղեկանք, որտեղ առանձին-առանձին մանրամասնված են, թե այդ անձինք քաղաքական ինչպիսի հետապնդումների են ենթարկվում: Շարժման գրասենյակում մշակվել է նաեւ մի տեղեկանք, որով ընդդիմության ներկայացուցիչներն արձանագրում են այն, ինչը նրանք բազմիցս են պնդել՝ ողբերգական իրադարձությունները, որոնք ծավալվեցին այս տարվա մարտի 1-ին Ազատության հրապարակում, ապա` Գր. Լուսավորչի ու հարակից փողոցներում, պատճառահետեւանքային կապ ունեն դեռ 2007-ի վերջերին տեղի ունեցած քաղաքական հետապնդումների հետ: Շարժման կենտրոնի դիտարկմամբ, մարտիմեկյան իրադարձությունները գործող իշխանությունների կողմից իրենց քաղաքական ընդդիմախոսների եւ ընդհանրապես այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության եւ համաժողովրդական բողոքի ալիքը խեղդելուն միտված քայլեր էին: Ընդդիմությունն արձանագրել է, որ գործող իշխանությունն այդպիսի միջոցառումներ սկսել է ձեռնարկել դեռեւս 2007թ. հոկտեմբերի 23-ին, երբ Կորյուն-Տերյան խաչմերուկում բռնարարքներ գործադրեց Լ. Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքի մասին իրազեկող նրա համախոհների նկատմամբ: «Դրա ընթացքում ծեծի ենթարկվեցին Պետրոս Մակեյանի որդիները, «ՉԻ» թղթակից Գոհար Վեզիրյանը, ապօրինի բերման ենթարկվեցին Պետրոս Մակեյանը, Նիկոլ Փաշինյանը, Շողեր Մաթեւոսյանը եւ այլք։ Հետեւանքը եղավ այն, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում շինծու քրեական գործ հարուցվեց բռնության ենթարկված այդ անձանց նկատմամբ, թե՝ իբր, նրանք դիմադրություն են ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին, եւ նրանց մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քր. օր.-ի 316 հոդվածով: Այդպես էլ այդ քրեական գործի նախաքննությունր չավարտվեց, իսկ մարտիմեկյան դեպքերից հետո այն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ միացվեց հայտնի քրգործերին»,- ասված է տեղեկանքում:

Այս փաստաթղթում որպես «մարտի 1-ի» դեպքերի հասունացման ժամանակագրության անքակտելի մաս արձանագրված է նաեւ իշխանության փորձը՝ հենց սկզբից խոչընդոտել Լ. Տեր-Պետրոսյանի թիմի քարոզարշավը: Տեղեկանքում մատնանշված է 2008թ. հունվարի 28-ին Թալին քաղաքում տեղի ունեցած միջադեպը, երբ «հանդիպման մեկնարկում նախապատրաստվել էին սադրիչ գործողություններ՝ հակաքարոզչության ձեւով, եւ երբ Թալինի շտաբի անդամներ, հանդիպման կազմակերպիչներ Ժորա, Մկրտիչ, Անդրանիկ Սափեյանները, Հայկ Գեւորգյանը, Տիգրան Բաղդասարյանր փորձել էին կանխել սադրանքը, որի ժամանակ ոստիկանությունը անգործության էր մատնվել, նույն օրն իսկ Թալինի քննչական բաժնի կողմից այդ կազմակերպիչների նկատմամբ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ Քր. օր.֊ի 118֊ի հատկանիշներով, իսկ հունվարի 29-ին նրանք ձերբակալվեցին, եւ հետագայում նրանց մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով, թե, իբր, նրանք չարամիտ խուլիգանություն են կատարել»:

«2008 թ, փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրությունների օրը, վարչախումբը, օգտագործելով վարչակառավարչական բոլոր ուժերը, կրիմինալ֊օլիգարխիկ կառույցների օժանդակությամբ, համատարած կեղծեց ընտրական գործընթացը՝ բուն քվեարկության պրոցեսը եւ արդյունքները: Ի հաստատումն դրա՝ միջազգային դիտորդների բոլոր զեկույցներում հնչած գնահատականները: Այն տեղամասերում, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձինք, համախոհները ընդվզել էին համատարած իրականացվող ընտրակեղծիքների դեմ, այդ անձանց նկատմամբ հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր»,- Շարժման կենտրոնն այս դիտարկմանը կցել է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանց անունները՝ Գյումրիում, Սեւանում, Մասիսում եւ այլուր, որոնք հետո «խայտառակ դատավարությունների» արդյունքում դատապարտվել են: Այդ դատավարությունները, ընդդիմության համոզմամբ՝ «նպատակ ունեին միջազգային հանրությանը ցույց տալ, թե՝ իբր, ընտրակեղծիք կատարողները կամ ընտրությունների նորմալ գործընթացը խոչընդոտողները Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են»:

«Լ. Տեր-Պետրոսյանի առավել ակտիվ թիմակիցների նկատմամբ քրեական հետապնդումը եւ նրանց ազատությունից զրկելը նպատակ ուներ ջլատելու Համաժողովրդական շարժումը: Վարչախումբը, տեսնելով, որ իր բոլոր հանցավոր ջանքերն ապարդյուն անցան, եւ որ Համաժողովրդական շարժումը սարսափեցնող ուժ է դարձել, ստիպված 2008թ. մարտի 1-ի առավոտյան դիմեց անօրինական, հանցավոր գործողությունների: Մարտի 1-ին ոստիկանությունը, առավոտյան ժամը 6:40-ին, դիմեց բռնության Ազատության հրապարակում նստացույց հայտարարած մարդկանց դեմ, իսկ օրվա երկրորդ կեսից շարունակվող ժողովրդական բողոքի ցույցը խեղդեց արյան մեջ, արդյունքում զոհվեց 10 քաղաքացի եւ զինծառայող, վիրավորվեցին հարյուրավորները: Մարտի 2-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հարուցեց քրեական գործ ՀՀ Քրօրի 225 պրիմ 1, 225/1 եւ 300/1 հոդվածի մասով: Այս գործի շրջանակներում իրականացվեցին հազարավոր խուզարկություններ, ոստիկանության, ԱԱԾ բաժիններ բերման ենթարկվեցին եւ առեւանգվեցին մոտ 5000 քաղաքացիներ, 500-ից ավելի քաղաքացիների նկատմամբ կիրառվեց ձերբակալության սանկցիա, մոտ 170-ը կալանավորվեցին, եւ նրանց մեղադրանք առաջադրվեց նշված հոդվածներով։ Այս պահին մոտ 30 մարդ դատապարտվել է ազատազրկման, 60-ից ավելի մարդ դատապարտվել է եւ պատիժը կրում է պայմանականորեն, 50 մարդ գտնվում է անազատության մեջ եւ սպասում է դատարանի վճռին։ Այս ամենը վարչախմբի կողմից կազմակերպվեց միմիայն Համաժողովրդական շարժումը ճնշելու, ՀՀ-ում ձեւավորված քաղաքացիական հասարակությանն իր իրավունքներից զրկելու եւ ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությունը զավթած եւ, փաստացի, պետական հեղաշրջում իրականացրած վարչախմբին իշխանության պահելու նպատակով»,- արձանագրված է Համաժողովրդական շարժման կենտրոնի կազմած տեղեկանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել