Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՉԷԻՆ ԶՈՐԱԿՈՉԵԼ

Հուլիս 15,2008 00:00

\"\"Վարչապետն ու նախարարները կրակեցին: Բարեբախտաբար, ոչ իրար վրա

Հուլիսի 12-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը, գրեթե բոլոր նախարարները եւ կառավարությանը մաս կազմող մի շարք գերատեսչությունների ղեկավարներ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ ներկայանալու» ծրագրի շրջանակներում այցելեցին Տավուշի մարզ: Կառավարության ներկայացուցիչները նախ Իջեւան քաղաքում մասնակցեցին պաշտպանության նախարարության N զորամասի կազմակերպած միջոցառմանը, առաջին անգամ նման կազմով այցելեցին հյուսիս-արեւելյան հատվածում գտնվող մարտական դիրքեր, ապա Դիլիջանի հրաձգարանում ծանոթացան զինտեխնիկայի ցուցադրմանը՝ անձամբ կրակելով մեծ եւ փոքր տրամաչափի ինքնաձիգներով: Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ այս միասնական այցի նպատակը բանակ-հասարակություն, իշխանություն-ժողովուրդ կապի ամրապնդումն է:

Ծնողները Իջեւանի քաղաքային մշակույթի տանը հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը տալ զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանին: Վերջինս հայտնեց, որ կարգապահությունը խախտելու համար անցած 6 ամիսների ընթացքում պատժվել է 3 զինվոր. «Մեր զորամասում «դեդովշչինան» եւ կամայականությունները բացակայում են, իսկ օրինախախտները պատժվում են»: Վարչապետ Տ. Սարգսյանը հայտարարեց, որ նպատակ ունեն բանակում ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի զինակոչիկները բուհ ընդունվելու համար հնարավորություն ունենան պատրաստվել: Նա զորամասի զինծառայողներին նվիրեց մեկ համակարգիչ:

Ինչպես Իջեւան քաղաքում, այնպես էլ սահմանամերձ Այգեհովիտ գյուղում բնակիչները շրջապատել էին նախարարաց դասին եւ ներկայացրին իրենց սոցիալական խնդիրները: Վարչապետն այգեհովիտցիների հետ անկեղծացավ՝ «Եկել եմ ձեզ լսելու»: Մի տարեց գյուղացի դժգոհեց. «Մենք ունեցել ենք 2 հազար հեկտար հողատարածք, վարելահողն եղել է 1200 քմ, բայց այսօր դրանից համարյա 100 քմ-ն էլ չենք կարողանում աշնանացան անել, քանի որ միջոցներ չունենք: Երիտասարդությունը թողել-հեռացել է, մնացել են ծերերը, նույնիսկ խոտը չենք կարողանում հնձել: Խնդրում եմ՝ մեզ սերմացուով, տրակտորով օգնեք: Էդ պարտքերը մենք կմուծենք, կտանք»: Մինչ ծերունին իր պահանջներն էր ներկայացնում պարոն վարչապետին, վարչապետ-գյուղացի երկխոսությանը միջամտեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլանյանը եւ հիշեցրեց, թե իրենք ինչեր են արել այգեհովիտցիների համար: «Կոմբայնը այնտեղ կանգնած է, 62 գյուղից միայն մեկ-երկու գյուղ կա, որ այսպիսի կոմբայն ունի: Ասում ես՝ ոչ մի բան չունենք: 100% գազը քաշել ենք, դպրոցը վերանորոգել ենք, 200 հեկտար հողն էլ ջրում եք»,- հրապարակավ իրենց կատարած աշխատանքը ներկայացրեց Ա. Ղուլանյանը: Վարչապետը գյուղատնտեսության, կապի ու տրանսպորտի նախարարներին հանձնարարեց անհապաղ լուծում տալ գյուղացու բարձրացրած խնդիրներին: Իսկ գյուղացին վերջում նկատեց. «Ժողովրդի խոսքն եմ ասում՝ երբ պետությունը հաց ունի, նա հարուստ է, երբ պետությունը լավ զինվոր ունի, նա անհաղթելի է: Գլխավորը՝ մենք պետք է հաց ու լավ զինվոր ունենանք, որ կարողանանք գոյատեւել ու թշնամու աչքը հանել»:

Վարչապետը մարտական դիրքերում անդրադառնալով սահմանամերձ Չինար գյուղում ստեղծված իրավիճակին, ասաց, որ հանրությանը տեղյակ կպահվի, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում սահմանների անվտանգությունը ապահովելու համար. «Ցավոք, դիրքն այնպիսին է, որ խոցելի է մեզ համար, բայց այն մեր մշտական ուշադրության կենտրոնում է,- ապա հավելեց,- գյուղացիները չեն կարող հարկային պարտավորություններ կրել այն հողերի համար, որոնք մշակել չեն կարողանում»:

Մարտական դիրքերում ժամկետային զինծառայողներն «Առավոտին» հայտնեցին, որ իրենց ծառայությունն անցնում է հրաշալի, առօրյան՝ բովանդակալից, հետաքրքիր ու ընկերական: «Առավոտը» արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցրեց, թե էլ ինչեր են անհրաժեշտ բանակի մարտունակությունն ավելի ուժեղ դարձնելու համար, չէ՞ որ տարածաշրջանում այն ուժեղագույնն է, նախարարը պատասխանեց. «Պատմությունը ցույց է տվել, որ հաղթում են ոչ թե նրանք, ովքեր լավ զինված են, այլ նրանք, ովքեր տրամադրվում են հաղթելուն: Դա վերաբերում է անգամ առօրյա խնդիրների լուծմանը: Առաջին հերթին հոգեբանական գործոնն է կարեւոր: Կարծում եմ՝ տարաբնույթ քաղաքական խնդիրների առնչվելիս միշտ պետք է սա աչքի առաջ ունենալ եւ հասկանալ, որ մեկնակետ պետք է ընդունել ոչ թե քաղաքական հակառակորդին կամ ընդդիմադիր ուժին ոչնչացնելը կամ նսեմացնելը, այլ պետք է մտածել, որ դա չի վնասի հայրենիքի անվտանգությանը, նրա մարտունակությանը: Շատ ավելի պատասխանատու դիրք ունեցող մարդիկ զբաղված են միմյանց քննադատելով, մինչդեռ այս այցերը նրա համար են, որ մարդիկ հասկանան, թե ինչքան լուրջ է վերաբերմունքը զինվորի նկատմամբ»:

Ի դեպ, թե վարչապետը, թե նախարարները զինվորական հագուստով էին: «Առավոտի» հետաքրքրությանը ի պատասխան, թե տիկին նախարարը ինչպե՞ս է զգում իրեն զինվորական հագուստի մեջ եւ, արդյոք, կողմ կլինե՞ր, որ կանայք էլ ծառայեին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Իսկապես վստահ եւ հպարտ եմ ինձ զգում: Իսկ ինչ է պատահել մեր տղամարդկանց, որ կանայք էլ ծառայեին: Կանայք միշտ տղամարդկանց կողքին են եղել, բայց կինը չի երեւացել»: Հայտնենք նաեւ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու լրագրողները մարտական դիրքերում ճաշակեցին զինվորական համեղ բորշչ:

Հ. Գ. Պարոն Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության 5-րդ համագումարում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի իրեն վերաբերող մասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031