«Ես չափազանց կարեւորում եմ Երեւանի կառուցապատման աշխատանքները. դրանք նոր տեսք տվեցին մայրաքաղաքին եւ հասցրեցին զարգացման նոր փուլի»,- անցած շաբաթ, քաղաքապետարան այցելության ժամանակ, ընթացող շինարարական աշխատանքներին նման գնահատական էր տվել նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նաեւ քաղաքապետարանին հանձնարարել էր երեւանցիների հետ աշխատել ավելի բաց, թափանցիկ, քննարկումների ու ԶԼՄ-ների միջոցով ամեն ինչ դարձնել բնակիչներին տեսանելի. «Ամեն ինչ ոչ թե երեւանցիների հաշվին, այլ՝ երեւանցիների համար»: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նախագահի այցի եւ հանձնարարականների մասին մանրամասնեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Երեւանում նոր ճանապարհների, տարբեր մակարդակների հանգույցների, թունելների շինարարությունը ամբողջությամբ կավարտվի սեպտեմբերին: Հուլիսի վերջին արդեն կշահագործվեն «Այրարատ» կինոթատրոնի մատույցներում կառուցվող հանգույցը, Չարենց եւ Սայաթ-Նովա փողոցների շինարարությունը: Նոյեմբերին շահագործման կհանձնվի երկու շենք՝ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար, ու այդ խնդիրն ամբողջությամբ կլուծվի: 4-րդ կարգի վթարային 4 հանրակացարաններին քաղաքապետարանը կանդրադառնա 2009-ին: Այս տարի քաղաքապետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության, «Լինսի» հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքի 62 դպրոցներում եւ 13 մանկապարտեզներում կկառուցվեն լոկալ կաթսայատներ, կիրականացվեն նորոգման աշխատանքներ: «2010 թվականին չջեռուցվող դպրոց կամ մանկապարտեզ չենք ունենա»,- վստահեցնում է քաղաքապետը: Նա ընդունում է, որ տրանսպորտի վիճակից բնակիչների դժգոհություններն արդարացված են, եւ հավաստիացնում, որ արվում է ամեն ինչ վիճակը բարելավելու համար: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը երեք ամիս անց պետք է ներկայացնի քաղաքային տրանսպորտի վիճակի բարելավման միջոցառումներ: Օրինակ, նախատեսված է քաղաքի կենտրոնում կառուցել ստորգետնյա երկու կամ երեք հարկանի ավտոկայանատեղիներ եւ այլն: Իսկ նախագահի հանձնարարականով շարունակական կդառնա նոր ճանապարհների, հաղորդակցության ուղիների կառուցումը եւ ավարտին կհասցվի Երեւանի շրջանցիկ ճանապարհների կառուցումը: Նախագահը չի անտեսել նաեւ մայրաքաղաքում կանաչ տարածությունների ավելացումը: Ըստ այդմ, քաղաքապետն ասում է, որ իր ղեկավարած գերատեսչությունում մտադիր են մաքրել շենքերի արտաքին ճարտարապետական տեսքը, արգելել կանաչ տարածքներում շինարարությունները. «Հետ վերադարձնենք այն վարդագույն քաղաքը, որով մենք միշտ հպարտացել ենք»:
Ընդհանուր առմամբ, 2008 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում նախատեսված 79 միլիարդ դրամի փոխարեն կատարվել է 83.25 միլիարդ դրամի աշխատանք: Դրանցից 51.58 միլիարդը՝ պետական բյուջեի հաշվին, 28.5 միլիարդը՝ մասնավոր ներդրումների, մնացածը համայնքային բյուջեների, Երեւանի համաքաղաքային ծախսերի եւ սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: Մայրաքաղաքում կշարունակվեն իրացման ու կառուցապատման աշխատանքները, եւ քաղաքապետը հավաստիացնում է, որ անցյալի սխալները չեն կրկնվի եւ դժգոհողների թիվը կհասցվի հնարավորինս նվազագույնի: Տարիներ շարունակ սեփականության վկայական չունեցող քաղաքացիները ստացել եւ ստանում են սեփականության վկայականներ՝ լինի դա իրացման գոտիներում՝ Կոնդ 33 թաղամաս, թե քաղաքի այլ հատվածներում՝ Հին Նորք, Չարբախ, Աերացիա, Մալաթիա-Սեբաստիա, Այգեստան, Արշակունյաց փողոցի նրբանցքներ եւ այլն: Քաղաքապետը նշեց, որ սեփականության վկայական է տրվում մինչեւ 2001 թվականի մայիս կառուցված շենքերի-շինությունների համար: Իրացման գոտիների բնակիչների հետ նաեւ պայմանագրեր են կնքվում, եւ նրանք ցանկության դեպքում հենց տեղում կառուցվող շենքում բնակարան են ստանում: Կոնդում կոնդեցիների, իսկ 33 թաղամասում տեղի բնակիչների համար կառուցվող առաջին շենքերի շինարարությունը կսկսվի այս տարի սեպտեմբերին: Քաղաքապետն անդրադարձավ նաեւ Երեւանում ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների արդեն 7-8 ամիս շարունակվող ուղեւորավարձը բարձրացնելու առաջարկին: Քաղաքապետի համար, սակայն, նրանց ներկայացրած հիմնավորումների մի մասն ընդունելի չէ: Հարցը քննարկվել է մի շարք մակարդակներում, այդ թվում՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մոնիտորինգ է անցկացվում, 10 օրից արդյունքները կներկայացվեն վարչապետին ու որոշում կկայացվի: Իսկ քաղաքապետարանը մտադիր է այս տարի ներկրել 150 ավտոբուս եւ 20 տրոլեյբուս: 46 ավտոբուս արդեն ներկրվել է: