Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

Հուլիս 15,2008 00:00

Հայտարարեց Դավիթ Շահնազարյանը

Երեկ «Ուրբաթ» ակումբում Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանում դատի տալու՝ Շարժման մտադրության մասին: Ինչպես «Առավոտին» փոխանցեց Դ. Շահնազարյանը, Հաագայի դատարան ուղարկվելիք գործին, որը նախապատրաստվում է, կցվելու է նաեւ մի փաստաթուղթ, որի տակ երեկվանից արդեն ստորագրահավաք է սկսվել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Առաջինը, ի դեպ, այդ փաստաթղթի տակ ստորագրեց հենց Դ. Շահնազարյանը: Իսկ նախկին նախագահը մեղադրվում է 1998 եւ 2003 թվականներին ՀՀ Սահմանադրությունը շրջանցելու եւ կեղծ փաստաթղթերի հիման վրա նախագահական ընտրություններին մասնակցելու ու «իշխանությունը յուրացնելու» համար, ինչը, Դ. Շահնազարյանի մատուցմամբ, ծանր հանցագործություն է: Բայց Ռ. Քոչարյանի «ծանր հանցագործությունների» շարքը դրանով չի սահմանափակվում: Որպես այդպիսին է համարվել նաեւ նախկին նախագահի պաշտոնավարման վերջին ամիսները, մասնավորապես՝ մարտի 1-ը: «Նրա իշխանությունն ավարվտեց կրկին արյունով՝ 2008թ. մարտի 1-ի դաժան սպանդով, որն իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ, ուստի, մենք՝ ՀՀ ներքոստորագրյալ քաղաքացիներս, պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան»,- երեկ հայտարարեց Դ. Շահնազարյանը՝ հավելելով, որ նախկին նախագահ Քոչարյանը իր «միանձնյա եւ բռնատիրական իշխանությունը» արանքում ամրապնդել է արյունով՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, եւ Հայաստանում հաստատել է «իրական ավազակապետական ռեժիմ»:

Մարտի 1-ի՝ 10 մարդու կյանք խլած իրադարձությունների պատասխանատվությունը, ըստ Դ. Շահնազարյանի, բացի Ռ. Քոչարյանից, կրում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը. «Համենայնդեպս, կարծում եմ, որ երկու հոգու մոտ հոգեխանգարմունք իսկապես եղել է այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը այդպիսի հզոր թափ ստացավ»:

Համաժողովրդական շարժման ներկայացուցիչը երեկ անդրադարձել է նաեւ վերջին օրերին՝ հուլիսի 2-ին եւ 3-ին, նաեւ հուլիսի 10-ին ու 11-ին, Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դեպքերին, որոնք, նրա գնահատմամբ, իշխանությունների կողմից կազմակերպված «հերթական սադրանքներ» են եղել, որոնք իրականացվել են հանցագործ տարրերի միջոցով եւ պարտակվել՝ ոստիկանության կողմից: Նա պահանջել է այդ սադրանքների բացահայտում՝ միաժամանակ շեշտելով, որ բոլոր այդ միջադեպերի նյութերին անհրաժեշտ է կցել Հյուսիսային պողոտայում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:

Դ. Շահնազարյանը խոսել է նաեւ մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի մասին՝ համոզմունք հայտնելով, որ այդ հանձնաժողովը չի կարող հիշյալ դեպքերի անաչառ ու անկախ հետաքննություն անցկացնել, որովհետեւ մեղսակից է դրանց. «Դա այն Ազգային ժողովն է, որը մի քանի րոպեի ընթացքում կալանավորման եւ քրեական հետապնդման թույլտվություն տվեց 4 պատգամավորների համար եւ մի քանի րոպեի ընթացքում վավերացրեց հակաօրինական արտակարգ դրությունը, փոխեց հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքը եւ անօրինականությունների շղթա կազմեց»: Այսուամենայնիվ, Դ. Շահնազարյանը մնում էր այն կարծիքին, որ այդ ամենի կազմակերպիչը եղել է Ռոբերտ Քոչարյանը, որը, Շարժման ներկայացուցչի ասելով, ինքն է խոստովանել դրա մասին իր վերջին հարցազրույցում. «Նա փաստացի ընդունեց, որ ինքն է հրահանգել մարտի 1-ի բոլոր գործողությունները, անօրինականությունները, կրակ բացելը եղել է իր հրահանգով: Նա հաստատեց, որ ՀՀ-ում ձերբակալությունները կատարվում են քաղաքական հրամանով, եւ ինքն է տալիս այդ հրամանը: Նա նաեւ նշեց, որ 1998թ. պետք է կալանավորեր Տեր-Պետրոսյանին, եւ եթե դրա հիմքը կար, ապա նա նաեւ այս հարցում է հանցագործ, որովհետեւ հանցագործի է պարտակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել