Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 12,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասնիններորդ

ԱՊՐԵԼ ՈՒՐԻՇ ՁԵՎՈՎ

Ես Ջահանի «Մերսեդեսին» նայելով՝ իմ «Զրո վեցի» էդ պատմությունն էի հիշում, բայց, իհարկե, էդ պահին էդ պատմությունը հիշելս անհամեմատ կարճ տեւեց, քան՝ էդ մասին էդքան երկարբարակ գրելս, եւ երբ էդ ամենը թռուցիկ հիշելով՝ շուկայի ծայրն էի հասել, հանկարծ մեկը ուսով ուսիս խփեց, եւ երբ գլուխս բարձրացրի՝ իմ դիմաց իմ պատանեկության ընկեր Նվերն էր, եւ մենք ինքնաբերաբար ողջագուրվեցինք, եւ երբ Նվերն ասաց՝ «ո՞նց ես, ախպեր», ես ասացի՝ «դու քեզնից պատմի», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ի՞նձ ինչ ա էղել. ես շատ լավ եմ», եւ ես իր դախլին ու լոտոների տրցակներին նայելով՝ ժպտացի ու ասացի՝ «ուժեղ գործի ես», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «էս կյանքից մեզ էլ է՛ս բաժին հասավ, Արմո ջան» եւ ավելացրեց՝ «էսքանից էլ դժգոհ չենք», եւ ես լոտոների տրցակներին նայելով հարցրի՝ «ո՞նց ա. առնող կա՞», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «հա, պատահում ա. Աստված միշտ ապուշների քանակությունն ապահովում ա», եւ մինչ Նվերն ու ես ասում ու խոսում էինք, դախլի հետեւում նստած կինն ու համակրելի երիտասարդն ինձ խեթ-խեթ էին նայում, ու ես արդեն գլխի էի ընկել՝ որ կինն ու որդին են, եւ երբ Նվերը որդու ու կնոջ ինձ ուղղված խեթ հայացքները որսաց, անսպասելի գոռաց՝ «Արմոն իմ ախպե՛րն ա», եւ ձայնը ցածրացնելով՝ նայեց որդուն ու ավելացրեց՝ «ինքն էր թերթի մեջ հորքուրիդ մասին գրել», եւ Նվերի որդու ու կնոջ հայացքները մեկից մեղմվեցին, եւ Նվերը նախ ինձ նայեց, հետո նայեց կնոջն ու որդուն եւ ասաց՝ «ծանոթացեք», եւ երբ մենք իրար ձեռք սեղմելով անուններս ասացինք, Նվերն ինձ ասաց՝ «էս բազարի երկրորդ հարկում կաֆե կա. մի հատ կոֆե չխմե՞նք», եւ ես ասացի՝ «կարելի ա», եւ Նվերը կնոջն ու որդուն ասաց՝ «մենք ամենաուշը մի կես ժամից կգանք» եւ ավելացրեց՝ «որ շահում ստացողներ ըլնեն, ասեք՝ թող սպասեն», եւ մենք բարձրացանք երկրորդ հարկ, եւ կոշկավաճառներն ու բոլորը Նվերին ճանաչում եւ հարգանքով բարեւում էին, եւ երբ մատուցողուհին մեր սուրճերը բերեց ու գնաց, Նվերն ասաց՝ «քրոջս մասին թերթի մեջ գրածդ կարդացի. լավ էլ գրել էիր», եւ ես ասացի՝ «էդ ամեն ինչն ինքն էր պատմել», եւ ինքն ասաց՝ «պարզ ա» եւ ավելացրեց՝ «խեղճ էրեխեն հազիվ պրծավ էդ անասունից», եւ ես ասացի՝ «հա», եւ Նվերն ասաց՝ «էրկու անգամ սատկացրել եմ, բայց ոչ մի օգուտ», եւ ես ասացի՝ «հիմի լավ ա. քրոջդ աղջիկն իրա բախտին հասավ», եւ Նվերն ասաց՝ «սատանի ականջը խուլ», եւ ես ասացի՝ «իզուր էլ Հրուշն աղջկա մոտ չի գնում», եւ Նվերը հարցրեց՝ «մշտակա՞ն», եւ ես ասացի՝ «հա», եւ Նվերը հարցրեց՝ «ինքն ա՞ ասում, որ չի ուզում մշտական գնա», եւ ես ասացի՝ «որ մտքին ըլներ, արդեն գնացած կըլներ», եւ Նվերն ասաց՝ «ինքը, փաստորեն, իմ պատճառով ա ըստեղ մնում. փաստորեն, ես եմ իրա ոտը կապած պահում», եւ ես հարցրի՝ «ո՞նց ես կապած պահում», եւ Նվերն ասաց՝ «Հրուշն ասում ա՝ մինչեւ դուք էլ հետս չգաք, ոչ մի տեղ չեմ գնա», եւ ես հարցրի՝ «բա դո՞ւ ինչ ես ասում», եւ Նվերն ասաց՝ «մտածում եմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես մտածում», եւ Նվերն ասաց՝ «մտածում եմ՝ խեղճերի վրա բեռ չդառնամ», եւ ես ասացի՝ «որ չգնաս՝ էդ վախտ բեռ կդառնաս», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «խի՞», եւ ես ասացի՝ «քանի դու էստեղ ես, ինքը չի կարա հանգիստ խղճով էնտեղ մնա», եւ Նվերը հարցրեց՝ «ինքն ա՞ ասում», եւ ես ասացի՝ «չէ. ես եմ ասում», եւ Նվերն ասաց՝ «դու ի՞նչ գիտես՝ որ ինչ ասես», եւ ես ասացի՝ «հետը ահագին խոսել եմ», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «իմ մասին ե՞ք խոսացել», եւ ես ասացի՝ «չէ. քո մասին վաբշե չենք խոսացել», եւ Նվերն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞նց. իմ մասին վաբշե չես հարցրե՞լ», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «մի բան ասե՞մ», եւ Նվերն ասաց՝ «ասա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մոռացել էի, որ Հրուշն ու դու քուր ու ախպեր եք», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «զգացել եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ց ես զգացել», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «էդ գրածներիցդ» եւ ավելացրեց՝ «իրանց էդ սաղ պատմությունը որ գրել էիր, իմ մասին ոչ մի բառ չէիր գրել», եւ ես հայացքս իր հայացքից փախցնելով ասացի՝ «քո մասին առանձին եմ գրել», եւ Նվերն ասաց՝ «որ հիշեիր՝ առանձին չէիր գրի», եւ ես ասացի՝ «ճիշտ ես զգացել», եւ Նվերն ասաց՝ «բայց իրանց մասին լավ էիր գրել. ավելի ճիշտ՝ լավով էիր գրել», եւ ես հարցրի՝ «ուզում ես ասես՝ քո մասին վատո՞վ եմ գրել», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «լավի ու վատի հարց չկա. ինչ որ էղել ա՝ էն ես գրել» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, իմ մասին վաբշե կարայիր չգրեիր», եւ ես գլուխս կախեցի ու ոչինչ չկարողացա ասել, եւ Նվերն ավելացրեց՝ «որ չգրեիր, կարող ա՞ աշխարհը շուռ գար», եւ ես հարցրի՝ «նեղացե՞լ ես», եւ Նվերը մի քիչ մտածեց, հետո ծիծաղեց ու ասաց՝ «որ ինձ վաբշե մոռացած ըլնեիր, կարող ա ավելի նեղանայի», եւ ես ասացի՝ «բայց զգում եմ, որ գրածիցս նեղացել ես», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «առանձնապես դուրեկան բաներ չես գրել», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու ասացի՝ «բայց ինչ որ գրել եմ՝ դրական ա», եւ Նվերն ավելի ուժեղ ծիծաղեց ու ասաց՝ «Հրուշն էլ ըտենց ասեց», եւ ես հարցրի՝ «Հրուշն ի՞նչ ասեց», եւ Նվերն ասաց՝ «ասեց, որ ինձ դրական հերոս ես դարձրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «փաստորեն, ճիշտ ա ասել», եւ Նվերն ասաց՝ «որ էդ բանն ասեց, շատ ծիծաղացի», եւ ես ասացի՝ «ճիշտ ա ասել, որ դրական եմ գրել», եւ Նվերն ասաց՝ «դրականի վրեն չծիծաղացի. հերոսի՛ վրեն ծիծաղացի», եւ ես ասացի՝ «մտքովս չի անցել, որ քեզ կնեղացնեմ», եւ Նվերն ասաց՝ «սկզբում նեղացա, բայց որ քուրս էդ հերոս բառն ասեց, ծիծաղացինք ու նեղվածությունս անցավ», եւ ես ասացի՝ «լավ ա, որ անցել ա», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նչն ա անցել», եւ ես ասացի՝ «նեղացածությունդ», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «էդ արդեն ի՛մ շնորհքն ա», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Նվերը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հեչ արտասահման էղած կա՞ս», եւ ես ասացի՝ «հա. մի քանի անգամ», եւ Նվերը հարցրեց՝ «դժվար ա, չէ՞», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Նվերն ասաց՝ «արտասահմանում ապրելը», եւ ես ասացի՝ «չգիտեմ. ոչ մի անգամ չեմ ապրել», եւ Նվերն ասաց՝ «որ ապրելու տեղ ըլներ՝ երեւի կմնայիր», եւ ես ասացի՝ «մնալու մասին մտքովս ոչ մի անգամ չի անցել», եւ Նվերը ժպտաց ու հարցրեց՝ «որ քու մտքով չի անցել, ինձ ո՞նց եք խորհուրդ տալի», եւ ես ասացի՝ «ո՞վ ա խորհուրդ տալի», եւ Նվերն ասաց՝ «քուրս՝ Հրուշը» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «ոչ թե խորհուրդ ա տալի, այլ ստիպում ա», եւ ես ասացի՝ «մտածում ա, որ քո համար էնտեղ ավելի լավ կըլնի», եւ Նվերը հարցրեց՝ «Ֆրանսիա էղե՞լ ես», եւ ես ասացի՝ «հա. էրկու անգամ», եւ Նվերը հարցրեց՝ «ո՞նց երկիր ա», եւ ես ասացի՝ «չտեսնված», եւ Նվերն ասաց՝ «որ չտեսնված էր՝ խի՞ չես մնացել», եւ ես ասացի՝ «ինձ ո՞վ ա պահել, որ չեմ մնացել», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նձ ով պիտի պահի», եւ ես ասացի՝ «քեզ, փաստորեն, խնդրում են», եւ Նվերը հարցրեց՝ «ո՞վ ա խնդրում», եւ ես ասացի՝ «Հրուշը» եւ ավելացրի՝ «ինքը, փաստորեն, քո պատճառով ա էստեղ մնացել», եւ Նվերն ասաց՝ «ուշ թե շուտ ինքը կգնա. որտեղ իրա աղջիկն ու թոռները՝ էնտեղ էլ ինքը» եւ ավելացրեց՝ «ըստեղ մնա՝ որ ի՞նչ անի», եւ ես ասացի՝ «որ Հրուշը գնա, դու, փաստորեն, էստեղ մենակ կմնաս», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ ես ասացի՝ «հո էդ օտար երկրում քրոջդ մենակ չե՞ս թողի», եւ Նվերն ասաց՝ «խի՞ ա մենակ. իրա աղջիկն ու թոռները Ֆրանսիա են» եւ ավելացրեց՝ «էդ երկիրն իրա համար արդեն օտար չի», եւ ես ասացի՝ «որ Հրուշը գնա, քո համար էլ էդ երկիրն արդեն օտար չի ըլնի», եւ Նվերն ասաց՝ «Հրուշը մինչեւ իմ հարցերը չլուծի՝ ոչ մի տեղ էլ չի գնա. ինքը սկզբում ուզում ա ինձ ու ընտանիքիս ուղարկի, հետո նոր՝ ինքը գնա», եւ ես հարցրի՝ «բա ձերո՞նք ինչ են ասում», եւ Նվերն ասաց՝ «տղես ու կնիկս էդ Ֆրանսիայի անունը որ լսում են՝ ուրախությունից գժվում են», եւ ես ասացի՝ «փաստորեն, ամեն ինչ քո որոշումից ա կախված», եւ Նվերն ասաց՝ «ըտենց ա ստացվում» եւ ժպտալով հարցրեց՝ «ասածդ ի՞նչ ա», եւ ես ասացի՝ «ասածս էն ա, որ պիտի լավ մտածես», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «ինչքան մտածում եմ՝ էնքան ավելի ա բարդանում», եւ ես ասացի՝ «որ մնաք՝ ավելի բարդ ա ըլնելու. կյանքն ամեն տեղ էլ բարդ ա», եւ Նվերը հարցրեց՝ «էս թեմայով Հրուշի հետ խոսացե՞լ եք», եւ ես հարցրի՝ «ո՞ր թեմայով», եւ Նվերն ասաց՝ «իմ գնալու թեմայով», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «չէ», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «բա խի՞ ես խնդում», եւ ես ասացի՝ «որովհետեւ էսօր եմ հիշել, որ Հրուշն ու դու քուր ու ախպեր եք», եւ Նվերը հարցրեց՝ «էսօր՝ ե՞րբ», եւ ես ասացի՝ «մի ժամ առաջ», եւ Նվերը ժպտաց ու հարցրեց՝ «Հրուշն ա՞ հիշացրել», եւ ես ասացի՝ «հարցաքննո՞ւմ ես», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «սաղ կյանքս ինձ են հարցաքննել, մի անգամ էլ թող ե՛ս հարցաքննեմ», եւ ես ասացի՝ «ինչքան ուզում ես՝ հարցաքննի», եւ Նվերն ասաց՝ «պարզից էլ պարզ ա, որ Հրուշն ա քեզ իմ մոտ ղրգել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ղրգել ա, որ ինձ համոզես», եւ ես ասացի՝ «բայց ես էսօր եմ հիշել, որ ինքն ու դու քուր ու ախպեր եք», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «էսօր հիշել ու պրյամոյ էկել ես» եւ ավելացրեց՝ «Հրուշը քեզ հիշացրել ու ղրգել ա մոտս», եւ ես հարցրի՝ «դժգոհ ե՞ս, որ էկել եմ», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «շատ գոհ եմ», եւ ես ասացի՝ «Հրուշը չգիտի, որ էկել եմ», եւ Նվերը մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա՝ որ ինքը չիմանա», եւ ես ասացի՝ «հաստատ չգիտի», եւ Նվերն ասաց՝ «շատ չխորանանք. քրոջս լավ եմ ճանաչում», եւ ես ժպտացի ու ասացի՝ «լավ էլ հարցաքննում ես», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «էս կոչվում ա խաչաձեւ հարցաքննություն», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «շատ ուժեղ քննիչ կըլնեիր», եւ Նվերը լրջացավ ու ասաց՝ «նիզաշտո կպնում ես, ախպեր» եւ ավելի լրջանալով ավելացրեց՝ «ընգերս որ չըլնեիր, շատ փիս կնեղանայի», եւ ես ասացի՝ «ընկերդ որ չըլնեի՝ հիմի էստեղ չէի ըլնի», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն դեպքում, շատ բարդ հարց ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա բարդ», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «իմ գնալու ու մնալու հարցը» եւ մի քիչ մտածեց, հառաչեց ու ավելացրեց՝ «գնամ՝ բարդ ա, չգնամ՝ ավելի ա բարդանալու», եւ ես ասացի՝ «դո՛ւ պիտի որոշես», եւ Նվերն ինձ նայեց, խորամանկ ժպտաց ու ասաց՝ «այսինքն, չես ուզո՞ւմ ընգերոջդ խորհուրդ տաս», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ուզում էի խորհուրդ տամ, բայց սկսեցիր հարցաքննել», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «էլ չեմ հարցաքննի. խորհուրդ տուր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ուրիշին խորհուրդ տալը շատ հեշտ ա», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ես է՛լ եմ էդ ասում», եւ ես ասացի՝ «ընդհանրապես գնալուն դեմ եմ, բայց, քո դեպքում, գնալը միակ ճիշտ տարբերակն ա», եւ Նվերն ասաց՝ «էրեւում ա՝ քուրս ուրիշ բաներ էլ ա պատմել», եւ ես ժպտացի ու հարցրի՝ «էլի ես հարցաքննո՞ւմ», եւ Նվերը միանգամայն լուրջ հարցրեց՝ «այսինքն, ուզում ես ասես՝ ուրիշ վարիանտ չունե՞մ», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «վարիանտ շատ կա. բա՛դ չկա», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «էդ անեկդոտի պատմության պես վրես փորձեր եք կատարում», եւ ես արդարանալով ասացի՝ «դո՛ւ ես ասում, որ խորհուրդ տամ», եւ Նվերը նորից տխուր ժպտաց ու ասաց՝ «բա ումի՞ց խորհուրդ հարցնեմ. հին ընգերներիցս մենակ դու ես մնացել», եւ ես ինձ լավ զգալով ասացի՝ «ուրախ եմ, որ ինձ ընկեր ես համարում», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ կամ քու համարելով չի», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ո՞ւմ համարելով ա», եւ Նվերն ասաց՝ «ընգերությունը ճակատագրի պես բան ա. ի՛նքն ա քեզ ընտրում, ոչ թե՝ դու իրան», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ հետաքրքիր միտք ասեցիր», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «գրող չենք, բայց դեպքից դեպք հետաքրքիր մտքեր ասում ենք», եւ ես ասացի՝ «գրողներ կան, որ սաղ կյանքում հետաքրքիր միտք ասած կամ գրած չկան», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «ըտենց գրող էլ կա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «լիքը», եւ Նվերը հարցրեց՝ «բայց դու հետաքրքիր մտքեր գրում ես, չէ՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հա», եւ Նվերը խորամանկ ժպտաց ու հարցրեց՝ «էդ ո՞նց ա, որ դու հետաքրքիր մտքեր գրում ես, բայց ուրիշները չեն գրում», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ էդ ուրիշներն իրանց սեփական մտքերն են գրում, իսկ ես՝ ուրիշներինը», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «ձեւը լավ էլ գտել ես», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «հենց էսօր էդ ասածդ կգրեմ», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «ո՞ր ասածս», եւ ես ասացի՝ «էդ որ ասեցիր՝ ընկերությունը ճակատագրի պես բան ա. ի՛նքն ա քեզ ընտրում, ոչ թե՝ դու իրան», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «գրի. քեզ փեշքեշ», եւ ես ասացի՝ «շատ ուժեղ միտք ա», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «փաստորեն, մոտդ շատ զգուշ պիտի խոսանք», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «հարմարությանդ նայի», եւ Նվերն ասաց՝ «Հրուշն ասեց, որ թերթի էդ գրածներդ գրքով է՛լ ես հանել. ճիշտ ա՞», եւ ես ասացի՝ «հա. չորս հատոր արդեն տպել եմ», եւ Նվերը ժպտաց ու հարցրեց՝ «էդ Պլանի գլխի փչոցներդ էդ չորս հատորի մեջ կա՞ն», եւ ես հարցրի՝ «ի՞նչ փչոցներ», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «էն՝ որ իմ ու ջեբկիրների մասին գրել ես», եւ ես հարցրի՝ «չես հիշո՞ւմ», եւ Նվերն ասաց՝ «ըտենց բան չեմ հիշում», եւ ես ասացի՝ «ես հիշում եմ», եւ Նվերն ասաց՝ «քու հիշելը շատ քիչ ա», եւ ես ասացի՝ «մեղավո՞ր եմ, որ հիշում եմ», եւ Նվերը ժպտալով ասաց՝ «փաստորեն, դու մեր կյանքն ավելի լավ ես հիշում, քան՝ մենք», եւ ես ասացի՝ «ես ի՛մ կյանքն եմ հիշել», եւ Նվերն ասաց՝ «քու կյանքն ընենց պիտի հիշես, որ հանկարծ ուրիշներին չնեղացնես», եւ ես հարցրի՝ «ո՞նց պիտի հիշեմ», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «շատ զգուշ պիտի հիշես» եւ ավելացրեց՝ «ընե՛նց պիտի հիշես, որ հանկարծ մեկնումեկին չնեղացնես», եւ ես հարցրի՝ «նեղացրե՞լ եմ», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «նեղացողից ա կախված», եւ ես հարցրի՝ «ո՞նց ա նեղացողից կախված», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «տեղս նեղ ա, դրա համար էլ չեմ նեղացել. որ տեղս մի քիչ լեն ըլներ, երեւի լավ էլ նեղանայի», եւ ես ասացի՝ «չհասկացա», եւ Նվերն ասաց՝ «ինձ ա վերաբերվում, դրա համար էլ չես հասկանում» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «որ քեզ վերաբերվեր, շատ լավ էլ կհասկանայիր», եւ ես ասացի՝ «էլի չհասկացա», եւ Նվերն ասաց՝ «ի՞նչ կա չհասկանալու» եւ ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, հին ընգերներիցս մենակ դու ես մնացել. քեզնից էլ որ նեղանամ՝ ո՞ւր կհասնի», եւ ես ասացի՝ «շատ հպարտ եմ, որ ինձ ընկեր ես համարում», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «ճա՞րս ինչ», եւ ես ասացի՝ «ուրախ եմ, որ ինձնից չես նեղացել», եւ Նվերը ժպտաց ու կրկնեց՝ «ճա՞րս ինչ» եւ լրջանալով ավելացրեց՝ «էդ գրածդ, փաստորեն, իմ համար զապադլո չէր», եւ ես ասացի՝ «այսինքն», եւ Նվերն ասաց՝ «այսինքն, էդ գրածիցդ ինձ ոչ մի պիտնո չի կպնում», եւ ես ասացի՝ «քեզ ոչ մեկը չի կարա պիտնո կպցնի», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած թե՝ ինչ տեսանկյունից ես նայում. որ բերդի տեսանկյունից ես նայում՝ ոչ մի պիտնո էլ չկա, բայց որ ազատականի տեսանկյունից նայես՝ լավ էլ ամոթ ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա ամոթ», եւ Նվերը հայացքը փախցնելով՝ պատասխանեց ու ասաց՝ «ջեբկիրությունը», եւ ահագին ժամանակ լուռ էինք, ու ես չգիտեի՝ ինչ ասեմ ու ահագին լռությունից հետո ասացի՝ «կներես», եւ Նվերը ժպտաց ու հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ ես ասացի՝ «որ քեզ նեղացրել եմ», եւ Նվերը ժպտալով ասաց՝ «էդ գրածդ որ կարդացի՝ սկզբում մի տեսակ էղա, բայց հետո մտածեցի՝ մարդը շատ էլ ճիշտ ա գրել», եւ ես խեղճացած ասացի՝ «ինձ թվում էր՝ լավ բան եմ գրել», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «շա՜տ լավ բան ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մարդ իրա ծառն ա ջրում», եւ ես ասացի՝ «այսինքն», եւ Նվերն ասաց՝ «այսինքն, գրողներդ մտածում եք՝ ի՞նչ գրեք, որ կարդացողի համար հետաքրքիր ըլնի», եւ ես ասացի՝ «նայած գրող. գրողներն իրարից շատ են տարբեր», եւ Նվերը հարցրեց՝ «ո՞նց են տարբեր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ոնց որ ջեբկիրներն են իրարից տարբեր, ըտենց էլ՝ գրողները», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ նեղանալը կամ չնեղանալը հեչ կարեւոր չի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչն ա կարեւոր», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «կարեւորն էն ա, որ գրում եք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ենք գրում», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «ճի՛շտը», եւ ես ասացի՝ «ճիշտն է՛լ ա հարաբերական», եւ Նվերն ասաց՝ «ճիշտ ես ասում. մեկի համար ճիշտը ճիշտ ա, մի ուրիշի համար՝ սխալ», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Նվերն ասաց՝ «մի բան ասեմ՝ կհավատա՞ս», եւ ես ասացի՝ «ասա», եւ Նվերը չափազանց լուրջ տոնով ասաց՝ «ես իմ կյանքի համար հեչ չեմ ամաչում», եւ ես ասացի՝ «ամաչելու ոչ մի բան չունես», եւ ինքն ասաց՝ «ես լրիվ լուրջ եմ ասում», եւ ես ասացի՝ «ես է՛լ եմ լրիվ լուրջ ասում», եւ Նվերն ասաց՝ «բայց էդ չի նշանակում, որ հին ձեւով պիտի ապրեմ», եւ ես ասացի՝ «արդեն նոր ձեւով ես ապրում», եւ Նվերն ասաց՝ «էս լոտո ծախելն ինձ ապագա չի. ուրի՛շ բան պիտի մտածեմ», եւ ես ասացի՝ «կարեւորն էն ա, որ հին շրջապատիցդ կտրվել ես», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես կտրվել եմ. էլի քուրս ա՞ ասել», եւ ես ասացի՝ «էլի հարցաքննում ես», եւ Նվերը հոգոց հանեց ու ասաց՝ «ես իրանցից կտրվել եմ, բայց իրանք չեն ուզում ինձնից կտրվեն», եւ ես ասացի՝ «կարեւորը քո՛ ուզելն ա», եւ ինքը տխուր ժպտաց ու ասաց՝ «մի քիչ էլ իրանք պիտի ուզեն», եւ ես հարցրի՝ «ո՞վ պիտի ուզի. էդ ջեբկիրնե՞րը», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «արդեն տասը տարի կըլնի՝ ջեբկիրությունը թարգել եմ. էս վերջին անգամ սավսեմ ուրիշ գործի վրա էինք բռնվել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գործ էր», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «կարեւոր չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «անցած էտապ ա», եւ ես ասացի՝ «կարեւորն էն ա, որ որոշել ես ուրիշ ձեւով ապրես», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «մի քանի անգամ որոշել եմ, բայց չի ստացվել», եւ ես ասացի՝ «էս անգամ հաստատ կստացվի», եւ Նվերն ասաց՝ «արդեն էշի մոր թայն եմ. հիսունհինգս արդեն լրացել ա» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «չեմ ուզում, որ տղես իմ պատճառով ամաչի», եւ ես կրկնեցի՝ «էս անգամ հաստատ կստացվի», եւ Նվերը հոգոց հանեց ու ասաց՝ «հաստատ ոչ մի բան չես կարա ասես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված տա՝ ստացվի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «խի՞ ես ըտենց համոզված, որ էս անգամ կստացվի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ էս անգամ շանսերդ շատ մեծ են», եւ Նվերը հարցրեց՝ «Ֆրանսիայի իմաստով ե՞ս ասում», եւ ես ասացի՝ «քիչ ա՞», եւ Նվերը խեղճացած ասաց՝ «ախր ոչ մի անգամ արտասահման չեմ էղել», եւ ես հարցրի՝ «ոչ մի անգամ Հայաստանից դուրս էկած չկա՞ս», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «Սովետի վախտով Մոսկվա ու Սոչի շատ եմ էղել, բայց դրանք արտասահման չեն», եւ ես ասացի՝ «հիմի Մոսկվան ու Սոչին էլ են արտասահման համարվում», եւ ինքն ասաց՝ «ամեն դեպքում, ռուսերեն էշը ցեխից հանում էի. կարում էի մարդկանց հետ շփվեմ», եւ ես ասացի՝ «ֆրանսերեն էլ կսովորես», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ո՞նց կսովորեմ», եւ ես ժպտացի ու ասացի՝ «կամաց-կամաց», եւ ինքը հարցրեց՝ «դու ֆրանսերեն գիտե՞ս», եւ ես ասացի՝ «չէ», եւ ինքն ասաց՝ «գրող մարդ ես. որ էսքան վախտ ազատության մեջ ֆրանսերեն չես սովորել, ես ո՞նց կսովորեմ», եւ ես ասացի՝ «որ պետք ըլներ՝ կսովորեի» ու ավելացրի՝ «համ էլ՝ ֆրանսերեն իմանալն ամենակարեւորը չի», եւ ինքը հարցրեց՝ «բա ի՞նչն ա ամենակարեւորը», եւ ես ասացի՝ «ամենակարեւորը հնարավորությունն ա», եւ ինքը հարցրեց՝ «ի՞նչ հնարավորություն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Ֆրանսիա գնալու հնարավորություն՝ էն էլ մշտական, շատ քչերն ունեն. մարդ կա՝ ֆրանսերեն ջրի պես գիտի, բայց չի կարա Ֆրանսիա ոտ դնի», եւ ինքն ասաց՝ «Հրուշը որ չըլներ, ես էլ չէի կարա Ֆրանսիա ոտ դնեմ» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «ավելի ճիշտ, Հրուշի փեսեն՝ Աննայի մարդը որ չըլներ, ոչ մեկս էլ չէինք կարա Ֆրանսիա ոտ դնենք», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում» եւ ծիծաղելով ավելացրի՝ «բայց որ Հրուշը չըլներ, իրա էդ փեսեն էսօրվա օրով ո՛չ նորմալ ընտանիք կունենար, ո՛չ էրեխեք, ո՛չ էլ, երեւի, նորմալ կնիկ», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հաստատ չես կարա ասես. կարող ա ամեն ինչ էլ ունենար», եւ ես ասացի՝ «նաղդով ենք խոսում. հիմի էդ փեսեն ինչ որ ունի, փաստորեն Հրուշի շնորհիվ ունի», եւ Նվերն ասաց՝ «ճիշտը որ խոսանք, ինքն ա Հրուշին ու Աննային փրկել», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ձեռի հետ իրան էլ ա փրկել», եւ ինքը հարցրեց՝ «իրան՝ ո՞ւմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ինքը իրան», եւ Նվերը հարցրեց՝ «ինքը իրան ո՞նց ա փրկել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «շատ հասարակ. ամուսնացել, նորմալ կնիկ, նորմալ էրեխեք ա ունեցել ու փրկվել ա», եւ Նվերը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կնիկ ու էրեխեք ունենալը փրկվել ա՞ նշանակում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «բա ի՞նչ ա նշանակում. ընտանիք ու էրեխա չունեցող տղամարդն ո՞ւմ ա պետք», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես էլ ըտենց մտածեցի, դրա համար էլ կնկաս ու ընտանիքիս հետ նորից միացա», եւ ես ասացի՝ «շատ ճիշտ ես արել» եւ հարցրի՝ «ե՞րբ եք միացել», եւ Նվերն ասաց՝ «արդեն վեց ամսից ավել ա. մինչեւ էս վերջին դուս գալս արդեն որոշել էի, որ միանալու եմ», եւ ես ասացի՝ «շուտ պիտի միացած ըլնեիր», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ ես ասացի՝ «ուշ լինի՝ նուշ լինի», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «որ շուտ միացած ըլնեի, էսօրվա օրով կարող ա հերս ու մերս էլ սաղ ըլնեին. խեղճերն իմ պատճառով շատ տանջվեցին», եւ ես ասացի՝ «ընդհանրապես չպիտի բաժանվեիր», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ չբաժանվեի, երեւի էս վերջին էրկու սռոկներս չշալակեի», եւ ես ասացի՝ «փաստորեն, կինդ տղիդ մենակ ա մեծացրել», եւ Նվերն ասաց՝ «ֆինանսական իմաստով իրանց որոշ չափով պաձերժկա արել եմ, բայց, կարելի ա ասել, մենակ ա մեծացրել», եւ ես ասացի՝ «տղեդ քեզ շատ ա սիրում», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «սկզբում ինձ թարս-թարս էր նայում. երեւի մտածում էր՝ կոլեգաներիցդ եմ», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «որովհետեւ տեսքդ շատ հասարակ ա. հեչ գրողի տեսք չունես» եւ լրջանալով ավելացրեց՝ «հիմի տղես ինձ ավելի ա թիկունք, քան՝ ես իրան», եւ ես հարցրի՝ «ինչ-որ տեղ ավարտե՞լ ա», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «որ գլխին հեր չի էղել՝ ո՞ւր պիտի ավարտեր», եւ ես հարցրի՝ «դպրոցն էլ չի ավարտե՞լ», եւ Նվերն ասաց՝ «դպրոցն ավարտել ու գնացել ա բանակ. մի քանի ամիս ա՝ ինչ բանակից էկել ա», եւ ես հարցրի՝ «որտե՞ղ ա ծառայել», եւ Նվերն ասաց՝ «որ գլխին հեր չի էղել՝ ո՞ւր պիտի ծառայեր», եւ ես հարցրի՝ «Ղարաբա՞ղ», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ կարմրելով ավելացրեց՝ «վաբշե խաբար չեմ էղել՝ ոնց ա ծառայել ու տուն էկել», եւ ես ասացի՝ «էդ շատ լավ ա, որ ծառայել ա», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ա լավ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Ֆրանսիայի իմաստով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031