Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրողները՝ միմյանց եւ համաժողովի մասին

Հուլիս 12,2008 00:00

\"\"Գրողների 4-րդ համահայկական համաժողովը հուլիսի 8-9-ը իր աշխատանքները շարունակեց Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը, այնուհետեւ՝ Արցախում:

Այդ օրերը նվիրված էին «Հայը եւ Հայաստանը գրականության տեսադաշտում», «Գրական նոր սերունդը եւ 21-րդ դարի մարտահրավերները» թեմաներով լիագումար նիստերին: «Համաժողովը միտված է մեկտեղել երիտասարդ ստեղծագործողներին եւ նրանց միջոցով երիտասարդ սերնդի մեջ սեր առաջացնել գրքի նկատմամբ: Ցավով եմ նշում՝ չկա ընթերցասեր երիտասարդություն, չկա գրող-ընթերցող կապ, երիտասարդ գրողներն էլ հասու չեն հասարակությանը, ճանաչում չունեն, կարդացված չեն, ինքնադրսեւորվելու քիչ հնարավորություններ ունեն»,- բացման խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:

Համաժողովին Սփյուռքից մասնակցում է շուրջ 20, Հայաստանից՝ 25 երիտասարդ գրող: «Երիտասարդ ստեղծագործողներն այսօր ունեն բազմաթիվ խնդիրներ. նախ միմյանց ճանաչելու խնդիրն է, հետո նոր ստեղծագործական գործունեության հետ կապվածները»,- «Առավոտի» հետ զրույցում շեշտեց ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի ղեկավար Արքմենիկ Նիկողոսյանը: Նրա համոզմամբ, հայ գրականության ապագան հուսալի ձեռքերում է: Ի հակադրություն Ա. Նիկողոսյանի, գրաքննադատ Ժենյա Քալանթարյանը այլ կարծիքի է. «Շնորհալիներ կան, բայց համոզված ասել, որ հայ գրականության ապագան հուսալի ձեռքերում է, թերեւս չափազանցված կլինի»: Լիբանանահայ Սեդա Գիլեջյանը գտնում է, որ երիտասարդ գրողները նախ խնդիր ունեն ավագ սերնդի կողմից ընդունվելու. «Մեր ավագները չեն համակերպվիլ նորարարություններու հետ եւ հաճախ էլ չեն կրնա հասկնալ մեզի՝ երիտասարդ գրողներուս»: Ըստ իրանահայ բանաստեղծուհի Սոսե Պողոսյանի, երիտասարդներն այսօր տպագրվելու, հանրությանը ներկայանալու խնդիր չունեն, ինքը դժգոհ չէ ավագ սերնդի ներկայացուցիչների քննադատություններից, փոխարենը. «Առաջին հարցը, որ տալիս են այստեղ՝ տպագրված գիրք ունե՞ս: Արդեն ծանոթանալիս առաջինն ասում եմ՝ բարեւ, գիրք չունեմ»: Վրաստանից Անրի Գրիգորյանն էլ դժգոհում է հայաստանցի երիտասարդ գրողների վերաբերմունքից, ինչպես ինքն է նշում՝ «Ինչ էլ լինի, կաշկանդվածություն կա, բնականաբար մեջդ մի տեսակ անվստահություն է մտնում՝ ինչպես կընդունվեն ստեղծագործություններդ հենց տարեկիցներիդ շրջանակներում»: Ավագ սերնդի ներկայացուցիչների վերաբերմունքի մասին ասաց. «Դա նախանձախնդրության հարց է, բնավորություն, մեկը պատրաստ չէ զիջել իր տեղը, մյուսը գրկաբաց սպասում է, դեռ ոգեշնչում էլ է»: Ռուսաստանաբնակ Մելանյա Գրիգորյանին մինչ օրս հանդիպած ավագ սերնդի իր գործընկերները գրկաբաց են ընդունել. «Ոչ ոք դեռ չի քննադատել կամ սեւացրել իմ աշխատանքները»: Ըստ Մելանյայի, «Ժամանակակից գրողներն իսկապես թերի են, նրանց մակարդակն էլ այն չէ: Կոնկրետ ես՝ իմ ստեղծագործություններին մատերի արանքով չեմ նայում, ինչպես իմ կոլեգաներից շատերը»:

«Ինչքան էլ այսօր այստեղ խնդիրներ բարձրացնեն երիտասարդները, փորձեն ընդունվել ավագ սերնդի կողմից, միեւնույն է՝ այս համաժողովը ոչ մի խնդիր չի լուծի՝ բացի ճանաչողականից»,- կարծիք հայտնեց միջին սերնդի ներկայացուցիչ, արձակագիր Սուսաննա Հարությունյանը: «Ավագ սերնդի գրողներն այսօր կոսմոպոլիտ են խաղում, համաշխարհային խնդիրներ են լուծում, իսկ մեր ազգային խնդիրները մղվում են չգիտեմ որերորդ պլան: Էլ ի՞նչ օրինակ են ուզում ծառայել երիտասարդներին: Այդ երիտասարդությունն է, որ քիչ թե շատ փորձում է անդրադառնալ ազգային խնդիրներին, ուրեմն, թողնենք՝ թող ստեղծագործեն»,- զայրացավ գրաքննադատ Լիլիթ Արզումանյանը: Հուլիսի 10-12-ը համաժողովն աշխատանքները կշարունակի Արցախում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել