Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՂԱԿԱՆԸ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՈՃՆ Է»

Հուլիս 12,2008 00:00

\"\"Հարցազրույց բանաստեղծ, «Նոր դար» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ղումաշյանի հետ

֊ Պարոն Ղումաշյան, տեղեկացանք, որ դիմել եք դատարան՝ ընդդեմ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի եւ «Գրական թերթի»: Հարաբերություններ պարզելու նման ձեւն արդյո՞ք արտառոց չէ:

֊ Նման նախադեպեր, եթե չեմ սխալվում, եղել են: Այսպես թե այնպես, մենք սովորել ենք բոլոր կարգի հարցերը լուծել «գեղական» կամ «գողական» ձեւով: Գողականության մակարդակի իջնել չեմ կարող, իսկ գեղական կարգը հատուկ է Լեւոն Անանյանին. նա այդպես է նախագահ դարձել, եւ հիմա էլ իր տղայական թոթովանքները թարգմանում է աշխարհի տարբեր լեզուներով ու ներկայացնում որպես հայկական պոեզիա… Մնում է՝ դատական կարգով հարցի լուծումը, որն աշխարհում ընդունված ձեւ է: Չի կարելի թույլ տալ, որ պարզագույն ստախոսությունը տպագրվի մամուլում եւ համարժեք պատասխան չստանա:

֊ Ձեր հայցի մեջ ներառված է նաեւ «Գրական թերթը»…

֊ Այդ ստահոդ ինքնահարցազրույցը (հարցազրույց վարողի անուն֊ազգանունն այնտեղ չկար) Լեւոն Անանյանը տպագրել է «Գրական թերթում», իսկ մեր պատասխան հոդվածը «Գրական թերթը» տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է տպագրել: Շրջանցելով «Գրական թերթի» վաղուց կորսված հեղինակության պատճառները, միայն նշեմ, որ թերթը խախտել է Մամուլի մասին օրենքի դրույթները:

֊ Իսկ, ըստ էության, ինչի՞ մասին է խոսքը:

– Լեւոն Անանյանը վերը նշված հարցազրույցում ակնհայտ զրպարտել է ինձ՝ նշելով, թե իբր ներխուժել եմ իր առանձնասենյակ եւ նրանից մրցանակ պահանջել: Լ. Անանյանին խորհուրդ կտայի ամաչել գոնե իր քարտուղարուհուց, որը, կարծում եմ, այնքան բարոյականություն կունենա ու կհաստատի, որ ես երբեւէ Լ. Անանյանի առանձնասենյակ միայնակ չեմ մտել, բացի մի դեպքից, երբ 4 տարի առաջ ուղեգիր ստորագրել էր պետք: Մտել եմ, այն ստորագրվել է մի քանի վայրկյանի ընթացքում: Լ. Անանյանը որտեղի՞ց իմանա, որ սուտը գրականության մեջ տեղ չունի, քանզի իր կապը գրականության հետ միջնորդավորված է աթոռով: Ընդամենը: Ճշմարտությունն այն է, որ ես նրան 5-6 գրողների ներկայությամբ մեղադրել եմ ստախոսության եւ աչքակապության մեջ՝ այն դեպքում, երբ նա, բազմիցս նշելով, որ մրցանակների հետ ինքը ոչ մի կապ չունի, «անկեղծանալով» ասել է, որ այսինչի միջնորդությամբ իրեն տվեցի, իսկ այնինչի համար հայրը միջնորդեց: Հասկանալի պատճառներով՝ այսինչի եւ այնինչի անունները չեմ տալիս, բայց անհրաժեշտության դեպքում կարող եմ նաեւ տալ: Ավելացնեմ, որ Լեւոն Անանյանը նշեց, որ երկու ստեղծագործություններն էլ որեւէ արժեք չեն ներկայացնում, իսկ կես ժամ հետո ասաց, որ երկուսն էլ տաղանդավոր ստեղծագործություններ են, չնայած ինքը վերնագրերը չի հիշում: Ես Լեւոնի երկու ձեւակերպումները չեմ մեկնաբանում, քանի որ ինձ համար գրականության մասին նրա դատողությունները պարզապես արժեք չունեն:

Եղելությունն այս է: Կարող եմ շարունակել, որ իմ հարցին, թե ինչպե՞ս քեզ հավատամ, եթե մի կողմից դու մրցանակաբաշխությունների հետ գրեթե կապ չունես, մյուս կողմից՝ բաժանում ես միջնորդություններով, Լեւոնը սկսեց անիմաստ գոռգոռալ: Մենք ստիպված էինք նրան կարգի հրավիրել, որից հետո նա ներողություն խնդրեց եւ ասաց, որ երբեմն ոգեւորվելիս ձայնը բարձրացնում է: Ես առաջին անգամ տեսա մարդու, որը մեղադրվում է ստախոսության եւ աչքակապության մեջ եւ դրանից ոգեւորվում է: Սիջանկյալ կարող եմ ասել նաեւ, որ հումորի իմ զգացողությունը, ցանկության դեպքում, կարող է ավելի սուր եւ խայթող լինել, քան նրա այն անճարակությունը, որ իբր շփոթել է իմ ազգանունը: Ես նրա ազգանունը չեմ շփոթում, նա Անանյան է, ոչ թե Օնանյան, օրինակի համար: Նա երբ խնդրում էր ինձ եւ իմ ընկերներին, որ իր դեմ հոդված չգրեմ, ստուգապես ոչ միայն իմ ազգանունը, իմ ձեռքի հեռախոսի համարը գիտեր, այլեւ՝ իմ ընկերների, որոնց դիմել էր նույն աղաչանքով… Կան, իհարկե, շատ ավելի կարեւոր խնդիրներ, որոնց հրապարակումը անհրաժեշտ չեմ համարում եւ ակնկալում եմ այդ խնդիրների գոնե որոշ մասի լուծումը դատական կարգով: Դեռեւս ամիսներ առաջ մի խումբ գրողներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով վերջ կդրվեն Գրողների միությունում Լեւոն Անանյանի անօրինականություններին:

֊ Տեղյակ ենք, որ Լեւոն Անանյանից կան բազմաթիվ այլ դժգոհություններ ե՛ւ գրողների, ե՛ւ հասարակության մեջ: Այդ խնդիրնե՞րն էլ պետք է լուծվեն դատական կարգով:

֊ Խորքում այս ամենը մշակութային խնդիր է, ոչ թե անձնական: Մեր մշակույթի ապագայով մտահոգ մարդը չի կարող չդժգոհել: Դատը մեծ հաշվով այդ նպատակն ունի: Սուտը, հերյուրանքը, ամբաստանությունը, հայհոյանքը եւ նման բաները մեր երկրում քրեորեն պատժելի են: Մերօրյա բանաստեղծը կարող է գրել. «Իսկ ինչ լինում է երկրում, փաթթել եմ իմ կույս առնուն», եւ ոչ միայն պատասխանատվության չկանչվել, այլեւ ստանալ բարձրագույն պետական մրցանակ: Եվ այս ամենը հովանավորող Լեւոն Անանյանը մատը թափ տալու պես հայտարարում է, որ այդ գիրքը պետք է վերատպեն, ասել կուզի՝ սպառնում է գրքի վերատպումով: Զավեշտ է, չէ՞: Իսկ զավեշտ չէ՞, որ Լեւոն Անանյանի պարզունակ թոթովանքները թարգմանվում եւ տպագրվում են տարբեր լեզուներով: Չեմ ուզում իր նման մերկապարանոց հայտարարություններ անել, բայց իր «գլուխգործոցներին»՝ թվով 13 ոտանավոր, ես գուցե մի օր անդրադառնամ, եւ, կարծում եմ, ծիծաղելու առիթ կունենանք: Անանյանի անօրինականություններն այսքանով չեն սահմանափակվում եւ առաջիկայում առաջադրվելու են այլ մեղադրանքներ՝ կրկին դատական կարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031