Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը վերլուծում է իրադարձությունները

Հուլիս 12,2008 00:00

\"\"Մարդու իրավունքների պաշտպանն անօրինական է համարում Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հանձնարարականը:

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մամուլի ասուլիսում հայտնեց, որ այս տարվա ընթացքում իրենց գրասենյակին ուղղված բողոք-դիմումների թիվը եղել է 1768՝ անցած տարվա համեմատությամբ 30%-ով ավելի: Այս տարվա 6 ամսվա ընթացքում դրական լուծում է ստացել 48 դիմում-բողոք, որի արդյունքում վերականգնվել են 87 անձի խախտված իրավունքները: Վիճակագրությունը ցույց է տվել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ գրավոր դիմումների մեծամասնության թիրախը ոստիկանությունն է, դատարանները, Երեւանի քաղաքապետարանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, դատախազությունը, արդարադատության եւ պաշտպանության նախարարությունները: Պաշտպանի գրասենյակն իր հերթին 564 դիմում է ուղարկել պետական մարմիններին:

Ա. Հարությունյանը հրապարակեց նաեւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին ներկայացված նամակին տրված իրենց մասնագետների գնահատականները, այն է. «Քննչական հանձնարարություն չի կարող տրվել դատախազին, նրա հասցեատերը պետք է լինի նախաքննության կամ հետաքննության մարմինը: Չնայած գրության երկրորդ պարբերությունում օգտագործվում է «խնդրում եմ» արտահայտությունը, սակայն այն որեւէ կերպ չի կարող դիտարկվել օժանդակության խնդրանք դատախազին, ինչի մասին ակնհայտ վկայում են գրության վերնագիրը եւ վերջին նախադասությունը: Անհրաժեշտ է պարզել, թե Վայոց ձորի մարզի դատախազը ինչպիսի՞ գործողություններ է իրականացրել այդ հանձնարարականի հիման վրա, տրվե՞լ են հատուկ ցուցումներ ոստիկանությանը: Եթե՝ այո, ապա դրանք անօրինական են, քանի որ նա տվյալ գործով հսկող դատախազ չէ եւ չի կարող ներգրավվել գործի մեջ՝ հիմնվելով քննչական հանձնարարության վրա: Ավելին՝ կարելի է կասկածի տակ դնել նաեւ սրա արդյունքում կատարված քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրավասությունը»: Պաշտպանի հիմնավորմամբ՝ Ա. Միրզոյանն իրավունք չուներ նման հանձնարարականով դիմել դատախազին:

Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուսումնասիրությունները, ըստ պարոն Հարությունյանի, ցույց են տվել, որ որոշումների մեծ մասում դատարանները ընդհանրապես չեն անդրադարձել խափանման այլ միջոցների ընտրման հարցին, մինչդեռ՝ «Նրանք պետք է դա քննարկեին: Միայն քննարկումից հետո դատարանը կարող էր նպատակահարմար չգտնել կալանքի փոխարեն այլ խափանման միջոց ընտրելը»:

Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ձեւավորված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հետ համագործակցությանը եւ քննարկումների մասնակցությանը՝ պաշտպանը հայտնեց, որ հանձնաժողովում կլինի իրենց ներկայացուցիչը. «Հետագա ընթացքը ցույց կտա, թե որքանով այդ ձեւաչափը կփոխվի, թե չի փոխվի՝ համագործակցության տեսակետից»:

Ի դեպ, լրագրողները հիշեցրին, թե ինչպես է հրապարակագիր Վահրամ Սահակյանը նախօրեին հարբած վիճակում, ատրճանակը ձեռքին ներխուժել Հյուսիսային պողոտա եւ սպառնացել նստացույցի անդամներին: Թեեւ նրան տարել են Կենտրոնի ոստիկանություն, բայց գործ չի հարուցվել, քանի որ ոստիկանապետը, համաձայն այնտեղ եղած մի վկայի, հայտնել է, որ եղած փաստերը բավարար չեն, եթե տուժողները չգան եւ վկայություն չտան: Պաշտպանն այդ կապակցությամբ ասաց. «Եթե տուժողը չի գնում, ապա համապատասխան մարմնից արդյունավետ գործողություն պահանջել չի կարելի: Միաժամանակ՝ համապատասխան մարմինը չպետք է ոչինչ չանի»:

Ինչ վերաբերում է իր եւ իր ընտանիքի ապահովությունը կազմակերպելու խնդրանքով ԱԱծ-ին ուղղված Պաշտպանի դիմումին ի պատասխան ԱԱԾ-ի հայտարարությանը, ապա. «Եթե ԱԱԾ-ը համարում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանված է՝ խնդիր չունենք: Իսկ եթե համարում է, որ մենք պետք է իրենց փաստեր տանք, այստեղ էլ անելիք չունենք: Ես փաստերի հիման վրա չեմ դիմել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031