Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՑ

Հուլիս 12,2008 00:00

\"\"Այս հարցը երեկ դարձավ «Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի մոնիտորինգ» թեմայով քննարկման առարկա: Քննարկման կազմակերպիչներն էին Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, մոտ ժամանակներս Հայաստանի համար կարեւոր են դառնալու այն հարցերը, թե ի՞նչ ենք ուզում եւ, վերջապես, ո՞ւր ենք ուզում գնալ: Պարոն Գրիգորյանին մտահոգվելու առիթ է տվել վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրված տենդենցը. «Ես հասկանում եմ, որ միջազգային կառույցի ներկայացուցիչը գալիս է Հայաստան եւ հանդիպում է նաեւ մեզ հետ՝ չեն ուզում միայն իշխանություններից ինֆորմացիա ստանալ: Բայց մի քանի երկրների արտգործնախարարների մակարդակով նամակներ են գրում եւ ուզում են մեր կարծիքն իմանալ, թե բանակցությունների ժամանակ Հայաստանի համար ո՞ր հարցերն են ավելի կարեւոր: ԵՄ երկրների արտգործնախարարությունները միջազգային կառույց չեն, ուրեմն՝ ինչ-որ բան այն չէ: Ես եկել եմ եզրակացության, որ դրսում մեր պետական մեխանիզմի նկատմամբ անվստահություն կա: Իսկ դա պիտի բոլորիս մտահոգի»:

Քննարկմանը ներկա ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Լուսինե Մովսիսյանն իր ելույթում ներկայացրեց ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ ԵՄ-ի 2007 թվականի զեկույցը, որտեղ գերակշռողը «լավատեսական լուրեր» էին: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ու «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանն էլ իրենց կազմակերպությունների անցկացրած մոնիտորինգի հիման վրա փորձեցին հակադրվել «իշխանական» տեսակետին:

Այս համատեքստում միջազգային կառույցներին ուղղված «թթու խոսքերին» քաղաքագետ Աղավնի Կարախանյանն այսպես արձագանքեց. «Այս ծրագիրն իրենք իրենց շահերից ելնելով են առաջարկել եւ շատ լավ լուծում են իրենց առջեւ դրված խնդիրները: Հետեւաբար, մեր քննադատությունը մենք պետք է ուղղենք ոչ թե միջազգային ատյաններին, այլ մեր իշխանություններին, ինչի արդյունքում երկխոսություն կսկսվի քաղաքացիական հասարակության եւ կառավարության միջեւ»:

Մինչդեռ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ նման ընթացքով զարգացումները հնարավոր չեն, քանի որ՝ «Մեզ եւ ձեզ, որպես քաղաքացիական հասարակություն, ասելու են՝ մենք եվրոպացիների հետ հարցերը լուծել ենք, դուք ո՞ւմ շունն եք: Խնդիրն իրականում շատ ավելի խորն է եւ կապված է երկրի ազգային անվտանգության ու տարբեր ճնշումների, ոտնձգությունների հետ: Երկար ժամանակ կարելի է խաբել, կոծկել եւ չհամապատասխանելով համապատասխան ինդիկատորներին՝ շարունակել ստանալ տարբեր ֆինանսական օգնություններ: Բայց դա մշտապես չի կարող լինել, դրա վերջը գալիս է: Այդ ժամանակ էլ հայտնվում ես անպաշտպան վիճակում: Հետեւաբար, մեր նպատակն այն է, որ ինչի տակ ստորագրվում է՝ կատարեն: Եվ որպեսզի բոլոր հնարավոր մեխանիզմներն ապահովվեն, մենք եվրոպացիներից ոչինչ չենք ուզում. ընդամենը թող գնահատեն իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա: Մնացածը մեր գործն է եւ ներսում կանենք: Բայց եթե եվրոպաներն իրենց գործը չեն անում, մենք ներսում դառնում ենք թույլ եւ ոչինչ չենք կարողանում անել: Մենք պետք է մեր շահի համար ամեն ինչ անենք, մեզ չի հետաքրքրում Եվրոպայի շահը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել