Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացված մեքենա ներկրելը կդժվարանա՞

Հուլիս 12,2008 00:00

Ըստ արդարադատության նախարարության պաշտոնյաների, Մաքսային օրենսգրքի փոփոխության արդյունքում գողացված մեքենա ներկրելն այլեւս ձեռնտու չի լինի:

Հայաստանում տարեցտարի ավելանում է ար տերկրից ներկրվող հափշտակված մեքենաների քանակը: Շատ դեպքերում դրանք մաքսազերծվում ու Հայաստան են մտնում առանց որեւէ խնդրի, քանի որ մաքսակետում հնարավոր չի լինում բացահայտել, թե դրանք գողացված մեքենաներ են: Երեկ այս մասին ասաց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը՝ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման եւ հանրային լսումների ժամանակ: Ըստ նախարարի, դրա պատճառն այն է, որ մեր Մաքսային եւ Քաղաքացիական օրենսգրքերում բավականին թերի կողմեր կան, ինչը շտկումների եւ լրացումների կարիք ունի: Գ. Դանիելյանի խոսքերով. «Անշուշտ, օրենսդրական ճանապարհով հնարավոր չէ որեւէ հանցագործություն կանխել, սակայն օրենսդրության մեջ տեղ գտած որոշ սողանցքեր նպաստում են հանցագործության կատարմանը»: Նախարարի տեղեկացմամբ, պաշտոնական տվյալներով առ այսօր հայտնաբերվել է դրսից ներկրված գողացված մեքենաների 400 դեպք, սակայն նախարարն ինքն էլ այս տվյալներին չի հավատում. «Սրանք պաշտոնական տվյալներ են, սակայն իրական պատկերը շատ ավելի վատթար է»:

Նախարարության պաշտոնյաները կազմել են «Մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծ եւ հույս ունեն, որ Ազգային ժողովում կգնահատեն իրենց ջանքերն ու հոկտեմբերին օրենքի նախագիծն արդեն ուժի մեջ կմտնի: Ըստ Մաքսային օրենսգրքի փոփոխություններից մեկի, եթե պարզվում է, որ մաքսային սահմանում գտնվող մեքենան հետախուզման մեջ է կամ մեքենայի վրա կան հափշտակության հատկանիշներ, ասենք՝ շարժիչի կամ նույնացման համարի վերադաջվածք կամ համարանիշները ջնջված են, ապա տվյալ մեքենան տեղափոխողը պարտավորվում է ներմուծումից հետո, 10 օրվա ընթացքում, ավտոմեքենան նախնական հայտարարագրել եւ կատարել մաքսային վճարների կանխավճար: Սա նշանակում է, որ տվյալ ներկրողը առանց սեփականության իրավունքի, 2 տարի ժամկետով կարող է տիրապետել այդ ավտոմեքենան, սակայն այդ ժամանակահատվածում այն պետք է գտնվի մաքսային մարմինների վերահսկողության տակ, եւ «սեփականատերը» իրավունք չունի որեւէ գործարք կատարել, ասենք՝ վաճառել, լիազորագրով մեկին հանձնել կամ վարձակալության տալ իր մեքենան: Եվ միայն 2 տարի հետո, եթե արտասահմանում որեւէ սեփականատեր չի հայտնվում կամ վերջինս ապահովագրական ընկերություններից արդեն փոխհատուցում է ստանում եւ իր մեքենան հետ չի պահանջում, նոր միայն այն կարող է պատկանել ներկրողին:

Այս օրենքը, բնականաբար, կգործի միայն այն դեպքում, եթե տվյալ ներկրողը ոչ թե ինքն է գողացել մեքենան, այլ գնել է մի երրորդ անձից եւ տեղեկացված չի եղել փոխադրամիջոցի գողացված լինելու մասին, իսկ եթե պարզվում է, որ գողացողն ու ներկրողը նույն անձն է, ապա նա ենթարկվում է քրեական պատասխանատվության:

Նշենք, որ մինչ այսօր էլ այդ կարգի մեքենաները, համաձայն օրենքի, ոստիկանության կողմից տեղում առգրավվում են եւ մինչեւ արտասահմանցի սեփականատիրոջ հայտնվելը, երբեմն նույնիսկ տարիներով մնում են կանգնած տուգանային հրապարակում:

Նախագծի քննարկմանը հրավիրված էին նաեւ հասարակական կազմակերպություններ ու այլ շահագրգիռ անձինք, որոնք օրենքի նոր նախագծից այնքան էլ գոհ չէին: Օրինակ, «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պուշկին Սերոբյանը, նկատի ունենալով այն, որ ներկրողը պետք է 2 տարի սպասի՝ մինչ մեքենայի սեփականատեր դառնա կամ մեքենայի հետ կապված որեւէ գործարք կատարի, ասաց, որ նախագիծը բավականին խիստ է եւ սահմանափակում է սեփականատիրոջ իրավունքները. «2 տարին շատ անխիղճ չափ է»: Դրան ի պատասխան, նախարարն ասաց. «Եթե մարդը հասկացավ, որ 2 տարում չի կարող հափշտակված մեքենան իրացնել, ապա հաջորդ անգամ նա այդ քայլին էլ չի դիմի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել