Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐՈ՞Վ

Հուլիս 12,2008 00:00

\"\"Կադրային բարեփոխումների անվան տակ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում բժիշկներին փոխարինում են մանկավարժներով:

Շիրակի Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության որոշ աշխատակիցներ օրերս դիմել էին «Առավոտ» օրաթերթին, հայտնելով, որ տեսչության փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Վարդան Ուռուտյանը կադրային ջարդ է սկսել՝ փոխարենը պաշտոնի նշանակելով իր ծանոթներին: Ըստ աշխատակիցների, նա մի քանի օր առաջ գործից ազատել է սանհիգիենիկ լաբորատորայի վարիչ, մասնագիտությամբ բժիշկ Հայաստան Բալիկյանին՝ նրա փոխարեն նշանակելով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի նորավարտ կադրերից մեկին՝ Քրիստինե Սարգսյանին. «Ոնց որ շինարարին զոռով տանես ժուռնալիստ դարձնես: Էդ ամբողջ բաժնում մի բժիշկ չկա՞ր: Չգիտենք ինչպես դիմենք այդ աղջկան, բժշկուհի Սարգսյա՞ն, մի քիչ շատ չի լինի՞: Քրիստինեն մանկավարժականի նախկին ռեկտոր Հորիկ Հարությունյանի եղբոր աղջիկն է, հենց նրա օրոք էլ ավարտել է ինստիտուտը, դե պատկերացրեք՝ ինչպես պետք է սովորած լինի»: Նրանք նաեւ դժգոհում էին, որ փոխտնօրենի նորաստեղծ հաստիքը զբաղեցնելու է մանկավարժական կրթությամբ մեկ այլ երիտասարդ՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանի որդին՝ Սերգեյ Ալեքսանյանը. «Սանէպիդը դպրոց է դարձրել: Այստեղ լիքը մանկավարժական կրթությամբ մարդիկ կան: Գործադիր տնօրենը Սանէպիդը ՍՊԸ է դարձրել ու պաշտոնները աճուրդի է հանել»:

«Առավոտը» փորձեց այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Վարդան Ուռուտյանից:

«Թերթերին գործ տվողը պարտվողի հոգեբանությամբ անձնավորություն է, որը, անխոս, անձնական խնդիրներից դրդված է դիմել ձեզ: Նա ինքը կուզենար զբաղեցնել լաբորատորիայի վարիչի պաշտոնը եւ քանի որ չի հաջողվել, որոշել է բոլորին իրար խառնել»,- ի պատասխան աշխատակիցների մեղադրանքների՝ ասաց Վարդան Ուռուտյանը: Աշխատակիցների՝ իր դեմ բողոքելու փաստից նա ամենեւին էլ անակնկալի չեկավ: Նրա պարզաբանմամբ, սանհիգիենիկ լաբորատորիայի վարիչ Հայաստան Բալիկյանին եւ մանրէաբանական լաբորատորիայի վարիչ Մանիկ Շահինյանին, որոնք երկար տարիների հմուտ մասնագետներ են, պաշտոնազրկել է եւ ավելի ցածրակարգ աշխատանքի տեղափոխել, քանի որ նրանք 70 տարեկան են՝ կենսաթոշակի տարիքի. «Վատ բա՞ն եմ արել, չեմ ուզում, որ կենսաթոշակի անցնելու պատճառով նրանք այլեւս չաշխատեն, հատկապես որ մեծ օգուտ են տալիս մեր կառույցին, ուստիեւ կադրային տեղաշարժ եմ կատարել: Երիտասարդներին պայմանական եմ պաշտոնի նշանակել՝ 3 ամսով. կարդարացնեն՝ լավ, չեն արդարացնի՝ նրանց կհանենք, ուրիշին կդնենք: Ինձ համար կարեւորը գործն է, ոչ թե անձը: Շատերն են այս տեղի համար 2 տարի շարունակ աշխատել՝ սրտատրոփ սպասելով, թե Մանիկ Շահինյանը երբ պետք է գնա թոշակի: Երեք թեկնածու կար, երեքն էլ երիտասարդ: Սա ես բնական ու նորմալ եմ համարում, բայց պետք է մեկը ընտրվեր, չէ՞: Իսկ թե ինչո՞ւ եմ բժշկին մանկավարժով փոխել, տեղեկացնեմ, որ վերոհիշյալ լաբորատորիայում, բացի նախկին վարիչ Մանիկ Շահինյանից, մնացածը չունի բժշկական կրթություն: Նրանք դեռ իմ պաշտոնավարումից առաջ են այստեղ աշխատել: Եվ եթե 10 տարի առաջ Բժշկական համալսարանի սանիտարահիգիենիկ ֆակուլտետը փակվել է, մասնագետներ չի թողարկում, մենք էլ մասնագետների պակաս ունենք, ի՞նչ կադրերով պիտի համալրենք մեր կառույցը, թող լինեն Գյումրիի կամ Երեւանի մանկավարժական բուհն ավարտած կենսաքիմիկները, ի՞նչ է, նրանք մասնագետ չե՞ն: Իսկ ինչ վերաբերում է աշխատատեղերն աճուրդ -վաճառքի հանելուն, դա բացարձակ հերյուրանք է, եթե ես աճուրդ-վաճառքով զբաղվեի, ապա մինչ օրս Գյումրիում գոնե մի բնակարան կգնեի, ոչ թե Մարալիկից կգայի ու վարձով կապրեի: Ամոթ չի՞, ես ոչ Քրիստինեի հորն եմ ճանաչում, ոչ մորը, ոչ էլ ինստիտուտի նախկին ռեկտոր Հորիկ Հարությունյանի երեսն եմ տեսել: Մեր լաբորատորիայի քիմիկը մեկնեց Ռուսաստան, Քրիստինե Սարգսյանն էլ դիմեց ու ընդունվեց»: Պարոն Ուռուտյանը նաեւ տեղեկացրեց, որ փոխտնօրենի հաստիքը առողջապահության նախարարության կողմից նոր է տրամադրվել՝ 2008-ի հաստիքացուցակով, նախարարությունն էլ այդ պաշտոնի բոլոր չափանիշներին համապատասխանող կադր է ընտրել. «Սերգեյ Ալեքսանյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, որը լիարժեք իրավունք ունի աշխատելու Սանէպիդում»:

Մեր տեղեկություններով, օրինակ, Վ. Ուռուտյանից անչափ նեղված է նաեւ Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, որի դուստրը՝ Մելանյա Սարգսյանը, աշխատելով Սանէպիդում, նույնպես հավակնել է սանհիգիենիկ լաբորատորիայի վարիչի պաշտոնին: Հիշեցնենք, որ խոսքը այն ոստիկանապետի մասին է, որի թեթեւ ձեռքով 7 տարվա ազատազրկման դատապարտվեց մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանը, որը Վարդան Ուռուտյանի ազգականն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել