Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր Պաշտպանը ձեր Պաշտպանից լավն է

Հուլիս 12,2008 00:00

«Զերկալո» ադրբեջանական թերթը երեկ ակնհայտ նախանձով անդրադարձել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը:

«Ինչը երբեք չի ասի Էլմիրա Սուլեյմանովան՝ ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի օմբուդսմենների»: Այս վերնագրով երեկ հոդված էր տպագրել «Զերկալո» ադրբեջանական թերթը: Երկարաշունչ հոդվածի առիթը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի ասուլիսն էր, որի ժամանակ վերջինս հակահայկական ագիտացիա է արել եւ այդ «սրբազան գործը» շարունակելու համար խնդրել է նաեւ ԶԼՄ-ների օգնությունը: Սակայն, երբ «Զերկալոյի» թղթակիցը տիկին Սուլեյմանովայից հետաքրքրվել է Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներով (մասնավորապես, ազատազրկված լրագրողներին համաներման արժանացնելու մասին) կամ Ադրբեջանում քաղբանտարկյալների գոյության մասին հարցով, տիկնոջ պաթոսը տեղում մարել է: Նա որոշել է «քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ չկան Ադրբեջանում» հարցին պատասխանել այսպես. «Ես ձեր թերթում կարդացի, որ Եվրախորհուրդը չի համարում, թե Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի: Ուրիշ էլ ի՞նչ ավելացնեմ»: Իսկ երբ լրագրողը հարցրել է՝ համամի՞տ եք միջազգային կառույցների գնահատականին, որոնք համարում են, թե ազատազրկված երեք լրագրողները «խղճի կալանավորներ են», տիկինը, թե՝ «դե, դրանք միջազգային կառույցներ են, համարում են, թող համարեն»: «Զերկալոյից» նեղացած Սուլեյմանովան դժգոհել է, թե ինչպես է թերթը համարձակվել համեմատել իր եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, կարծիք հայտնելով, թե դրանով «Զերկալոն» պաշտպանում է ագրեսոր երկրի Պաշտպանին: Համեմատելու մեջ ոչ մի պախարակելի բան չտեսնելով՝ «Զերկալոն» իր վերոնշյալ հոդվածի հաջորդ, ավելի մեծ հատվածը կրկին նվիրել է մեր եւ նրանց Պաշտպանների համեմատությանը: Սկսել է նրանից, որ գրել է «մարտի սկզբին Ադրբեջանի օմբուդսմենը ներկայացրեց իր տարեկան զեկույցը պառլամենտում, իսկ օրերս նման զեկույցով հանդես եկավ նրա հայաստանյան գործընկերը: Եթե ի մի բերենք Սուլեյմանովայի զեկույցը, ստացվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ապահովման, այդ թվում՝ խոսքի ազատության հետ կապված որեւէ խնդիր չկա»: Ապա, ավելի քան մեկուկես կոմպյուտորային էջի չափով, «Զերկալոն» մեջբերում է Արմեն Հարությունյանի զեկույցի՝ ՀՀ նախընտրական եւ հետընտրական վիճակին վերաբերող դրույթները ու եզրահանգում. «Եթե խորը մտածենք, այս ամենն իր տարեկան զեկույցում կարող էր ներառել նաեւ տիկին Սուլեյմանովան: Բայց նա երբեք չի ասել եւ դժվար թե երբեւէ ասի էլ…»:

Պետք է խոստովանել, որ այս առումով մենք հպարտանալու տեղ ունենք: Վերջապես կա մի ոլորտ, որտեղ մենք մի քայլ առաջ ենք հարեւան երկրից՝ ժողովրդավարության կառուցման առումով: Ի տարբերություն Սուլեյմանովայի, որի գործունեության սահմաններում տեղավորվում է միայն իր երկրի քաղաքացիների «պաշտպանությունը» հարեւան երկրի «ագրեսիայից», մեր Արմեն Հարությունյանը չի խորշում իր բուն պարտականություններից՝ պաշտպանել ՀՀ քաղաքացու (եւ ոչ միայն) իրավունքները՝ սեփական պետության եւ իշխանական ապարատի ոտնձգություններից: Ինչ խոսք, հայաստանյան իշխանամետ քարոզչամիջոցներն այս հոդվածից միայն մի եզրահանգման կգան՝ «եթե ադրբեջանցիները գովում են Արմեն Հարությունյանին, ուրեմն նա վատն է եւ ջուր է լցնում թշնամու ջրաղացը»: Բայց այս կարգի մեկնաբանություններն արդեն անհետաքրքիր են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել